Logo

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 48 տարեկան. ընկերները՝ Թութուշի մասին

00:00 / 27.06.2024Լուրեր
null

1976 թվականի հունիսի 27-ին ծնվեց Վարդուհի Վարդանյանը: Ստեղծագործական կարգ, բայց հագեցած կարիերայում նա հացրեց դառնալ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր: Չհասցրեց իրականացնել երազանքը՝ երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։

18 տարի առաջ՝ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին, 30 տարեկանում Վարդուհին Սևան-Մարտունի մայրուղում ավտովթարի զոհ դարձավ: «Ես ձեզ անչափ սիրում եմ». հենց այս բառերով նա վերջին անգամ դիմեց իր հանդիսատեսին ու հեռացավ ոչ միայն բեմից, այլև կյանքից: Թողեց միայն իր լուսավոր ժպիտն ու անսպառ ձայնը: Մնաց ներկա իրեն շատ սիրող մարդկանց կյանքում: FastNews Culture-ն առանձնացրել է Թութուշի ընկերների պատմություններն իրենց սիրելի, միշտ ժպտացող ու հարեհաս ընկերոջ մասին: 

Սյուզան Մարգարյան. «Հոկտեմբերի 14-ին Մասիսում համերգի էինք: Ավտոբուսում նստած բոլորը սպասում էին իրենց ելույթին: Վարդուհին նյարդային էր, անտրամադիր ու լարված: Սովորաբար այդպես չէր լինում: Միշտ ուրախ էր, ժպիտը դեմքին: Այդ օրը շտապում էր: Նույնիսկ մեր խոսակցությունը կիսատ մնաց: Չհասցրի հարցնեմ՝ ինչ է պատահել: Սովորաբար մենք միշտ տեղյակ էինք միմյանց ծրագրերից, համերգներից: Նա գիտեր իմ ու Սիրուշոյի համերգների մասին, մենք՝ իր: Բացառիկ դեպք էր,որ հոկտեմբերի 15-ի Մարտունու համերգի մասին չգիտեի: Հոկտեմբերի 15-ի առավոտյան արթնացա, տեսա, որ գիշերը զանգել է ինձ: Քնած եմ եղել, չեմ պատասխանել: Ես էլ այդ օրը հյուրերի էի սպասում, պատրաստվում էի ու անընդհատ ասում՝ սա էլ վերջացնեմ, զանգեմ, որ Թութուշն էլ գա, բայց չհասցրի: Ինձ զանգեցին ու հայտնեցին այդ չարաբաստիկ լուրը:»

Զարուհի Բաբայան. «Եթե հանկարծ իր մոտ որևէ նոտա չէր ստացվում, պատրաստ էր ժամերով տանջվել, փորձել այնքան մինչև ստացվեր: Երբ տանը խոսափողը ձեռքին փորձ էր անում, մեկ երգը կամ ֆռազը կարող էր 100 անգամ փորձել մինչև ստանար այն, ինչ ուզում էր: Արդյունքում հարևաններն էին գժվում, Երգի պետական թատրոնում էլ՝ մենք: 
Մի անգամ ԱՄՆ-ում համերգի էինք: Հոգնել էր, չէր կարողանում բարձրակրունկներով այլևս քայլել: Մենք էլ պետք է վերջում բեմ դուրս գայինք և եզրափակիչ երգ երգեինք: Ցածր կոշիկներով եկավ ու բեմում ընկավ: Ոտքերը բարձրացան վեր ու բոլորը տեսան իր ոչ բեմական կոշիկները: Այն ժամանակ ընդունված էր, որ բեմի մարդը պետք է բարձրակրունկներով լինի: Ինքն այնքան ընկնելու փաստից չէր վատ զգացել, որքան նրա համար, որ զգեստին չհամապատասխանող կոշիկներն են երևացել»:

Քրիստինե Պպելյան. «Հիշում եմ՝ Երգի պետական թատրոնում մեր համատեղ մենահամերգը, որն ինձ համար առաջինն էր: Զուգերգերով ներկայացանք. երգելու ընթացքում խոսքերն էինք մոռանում, հետո փոխանակ հիշեինք՝ սկսում էինք ծիծաղել ու մարդիկ էլ մեզ հետ էին ծիծաղում»:

Ավետ Բարսեղյան. «Այնքան պայծառ, լավ մարդ էր, որ ամեն վայրկյանն ուզում ես պահել հիշողությանդ մեջ: Իհարկե, ժամանակն իր վատ գործն անում է՝ ջնջում է որոշ բաներ: Շատ վառ, լուսավոր անհատականություն էր մեր Թութուշը: Բացառիկ էր նաև նրանով, որ իրեն բոլորը շատ էին սիրում: Ընկերներին հասնող էր, միշտ բոլորի կողքին»:

Հասմիկ Կարապետյան. «Վստահ եմ՝ բոլորիս սրտերում, մտքում Վարդուհին միշտ կա ու կլինի: Ես իրեն հիշում եմ որպես արդարության խորհրդանիշ: Չափազանց ուժեղ անձնավորություն էր, մեծ կամքի ուժ ուներ: Նվիրված էր իր ընտանիքին, երեխային… Հրաշալի մայրիկ էր, ու նաև, կցանկանայի առանձնացնել՝ տաղանդավոր երգչուհի: Շա՜տ նպատակասլաց էր և իրեն հաջողվում էր հասնել իր երազանքներին: Ասեմ, որ շատ ընկերասեր էր: Շատ անգամներ եմ ականատես եղել, որ նա հանուն իր ընկերների, մտերիմների ամեն ինչի պատրաստ էր: Իր այդ պատրաստակամությունը ինքնազոհության աստիճանի էր: Կարող էր իր էգո-ն մի կողմ դնել և հանուն դիմացինի ամեն ինչ անել: Պատիվ եմ ունեցել նրա հետ Երգի պետական թատրոնում՝ նույն մյուզիքլում աշխատելու»:

fastnews-ads-banner