Թեհրանում հունվարի 22-ից փետրվարի 1-ը կանցկացվի «Ֆաջր» միջազգային 43-րդ թատերական փառատոնը: Կմասնակցի նաև Վանաձորի դրամատիկական թատրոնը։ Մերոնք կներկայանան Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» ներկայացմամբ (բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի)։ Ներկայացումը պատմում է ցեղասպանված ընտանիքի մասին։ Գործողությունները, սակայն, կատարվում են իրականի ու երևակայականի սահմանագծին․ 21-րդ դարն ու 1915-ը խաչաձևվում են էրզրումյան՝ այլևս գոյություն չունեցող տան պատերի ներսում։
«Մեկ ժամ հիշողություն» ներկայացման մեջ առանց արյունոտ և դաժան դրվագների, ամենայն հանգստությամբ, խորությամբ ու կսկիծով է ներկայացվում հայ մարդու ճակատագիրը: Երբեմն այդ կարծեցյալ հանգստության հետևում քողարկված է իսկական ողբերգությունը:
Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։
2015 թվականի նոյեմբերի 24-ին հյուրախաղով հանդես է եկել Երևանում։
2016 թվականին «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն ներկայացում»։
2024 թվականին մասնակցել է «Թատերական Լոռի» 30-րդ միջազգային թատերական փառատոնին։