Logo

Վախթանգ Անանյանի 116-ամյակն է. հայկական բնու­թյան պատ­մի­չը

22:06 / 26.07.2024Լուրեր
null

Հայ գրող, լրագրող, արձակագիր Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 8-ին Դիլիջանի Շամախյան գյուղում: Անանյանը հայ գրականության մեջ «որսորդական պատմվածքի» սկզբնավորողն է։ Fast News Culture-ն առանձնացրել է «բնու­թյան պատ­մի­չի» ամենահետաքրքիր մտքերը:

«11 տարեկան էի, երբ զրկվեցի դպրոցից, ուսուցիչներից: Այնուհետև գրքերը դարձան  իմ ուսուցիչները, իմ դաստիարակները, լեռնականի իմ անտաշ հոգին հղկողները»: 

«Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»։

«Ես մեծացել եմ կենդանիների մեջ: Եղնիկների հետ, եղնիկի պես»:

«Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…»։

«Այն, ինչ մարդը կարող է սովորել ու հասկանալ դժբախտության մեկ օրում, չի կարող հասկանալ բարեկեցիկ կյանքի մի քանի տարում»։

«Քեզանից հողի հոտ եմ առնում...»:

«Հովիվ մարդը երազող է լինում։ Գուցե դրա պատճառն այն է, որ նա հեռու է քաղաքի ժխորից և նրա երևակայության թռիչքը չի խանգարվում։ Բնության անդորր ու վսեմ խաղաղության մեջ, նրա հեքիաթային պատկերների ազդեցությամբ, երանության ժպիտը դեմքին երազում է հովիվ պատանին՝ իրեն անծանոթ պայծառ ու լուսավոր ափերի մասին ու իր հոգու խորքում գուրգուրում է նրան՝ իր երազանքի առարկային։

«Մեր անտառներում և սարերում այնքան չբացահայտված գաղտնիքներ ու առեղծվածներ կան»:

Հայտնի գրողները Վախթանգ Անանյանի մասին ասել են՝

«Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ …Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից»։

Պարույր Սևակ

«Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ Անանյանը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար»։

Սերո Խանզադյան

«Անանյանը մի գրող է, որը երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար»։

Հարի Ազեմիս (գերմանացի գրող)

«Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»:

Հրանտ Թամրազյան

«Վախթանգ Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար»։

Յա Եդլիչկա (չեխ գրող) 

 

fastnews-ads-banner