77-ամյա ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան երկար ժամանակ հանրությանը չէր ներկայացել, ինչի հետևանքով տարբեր խոսակցություններ էին շրջանառվում նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Վերջերս երգչուհին ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ մասնակցել է Յուրմալայում անցկացվող «Laima Rendezvous Jurmala» երաժշտական փառատոնին, որտեղ հայտնվել է ձեռնափայտով։
Լրագրողների հետ զրույցում Պուգաչովան խոստովանել է, որ ձեռնափայտը պարզապես կերպարի մաս չէ։ Երգչուհին պատմել է, որ ազդրային հոդի կոտրվածքի հետևանքով շուրջ չորս ամիս անկողնային ռեժիմում է եղել և անգամ վախեցել է, որ այլևս չի կարողանա ոտքի կանգնել.
«Չորս ամիս անշարժ էի։ Շատ ծանր ժամանակաշրջան էր։ Մտածում էի, որ գուցե նույնիսկ կես տարի ստիպված լինեմ այդ վիճակում մնալ»,– պատմել է նա։

Պուգաչովայի խոսքով՝ մի մարդ իրեն ասել է, որ ապաքինման ընթացքը մեծապես կախված է հենց իրենից, ինչից հետո երգչուհին սկսել է աստիճանաբար վերականգնվել։ Նա ցավի միջով կրկին սովորել է քայլել.
«Սկսեցի դանդաղ ոտքի կանգնել, ցավի միջով քայլել ձեռնափայտով։ Հիմա էլ դեռ ցավեր ունեմ, բայց կամաց-կամաց առաջ եմ գնում»,– նշել է երգչուհին։
Նա նաև խոստովանել է, որ այդ ամիսների ընթացքում հաճախ խուճապային նոպաներ է ունեցել և վախեցել, որ կարող է ընդմիշտ անշարժ մնալ։ Սակայն, ինչպես ինքն է նշել, կարողացել է հավաքվել և շարունակել պայքարը վերականգնման համար.
«Շատ ծանր էի տանում այդ ամենը, բայց ինձ հավաքեցի։ Պետք է վստահ լինես ինքդ քեզ վրա։ Ձեռնափայտով ինձ ավելի ապահով եմ զգում»,– ասել է Պուգաչովան։
Երգչուհին նաև հերքել է շրջանառվող ենթադրությունները, թե քայլելու դժվարությունները կապված են սրտի հետ ունեցած խնդիրների կամ նախկինում տարած վիրահատությունների հետ՝ ընդգծելով, որ առողջական վիճակի վատթարացման պատճառը ստացած ծանր վնասվածքն է։


