Logo

Վահան Տերյան. հանճարեղ պոետը

13:35 / 09.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

 Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Դժվարին ու կարճ կյանք ապրեց Վահան Տերյանը,  բայց  հայ քնարերգությանը հաղորդեց  այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության:

«Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով, և այլևս չեմ կարող և, որ գլխավորն է, չեմ ուզում ինքս ինձ զսպել զանազան «հնչյունաբանությունների», «քերականությունների» և այլ անմիտ բաների համար։ Պետք է գրել քանի գրվում է, քանի հոգում պոեզիայի կրակ կա, քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից։ Ազատություն եմ ուզում տալ հոգուս և խոյանքներիս, որոնք այնքան երկար ժամանակ «հալածված ու ճնշված» են եղել իմ կողմից»: Վահան Տերյան

Հատված՝ Ստեփան Զորյանի հուշից

«Տերյանը զուրկ էր հռետորական ձիրքից, այդ պատճառով ոչ թե խոսում, այլ կարդում էր գրածը. կարդում էր թույլ, ոչ այնքան արտահայտիչ ձայնով և հաճախ հազալով (այդ ժամանակ մաշող թոքախտն արդեն բուն էր դրել նրա կրծքում դժբախտաբար): Բայց չնայած դրան՝ հասարակությունը լսում էր նրան լարված, որովհետև նրա հայտնած մտքերն ու կարծիքները նոր էին և հետաքրքրական. հետաքրքրական էին ոչ միայն նրա դրական ու բացասական կարծիքները, այլև քաղաքական մեկնաբանությունները՝ այսինքն՝ դասախոսության քաղաքական կողմը:

․․․Այնքան կիրթ էր և նրբանկատ, որ կարողանում էր բարձր մնալ անձնականից, բայց երբ խնդիրը վերաբերում էր չսիրած բաների, հակառակ սկզբունքների – նա կրքոտվում էր, դառնում աններող, անխնա: Բարձր ճաշակի և պարզ ու հստակ մտածողության տեր՝ նա ատում էր ինչպես գռեհկաբանությունն ու ճոռոմությունը, այնպես և շատախոսությունը գրականության մեջ:

Այստեղ պետք է նշեմ Տերյանի բնավորության մի գիծը, որը զարմացնում էր ինձ: Արդեն ընդունված, անվանի բանաստեղծ, մայրաքաղաքում ապրած մարդ՝ նա անծանոթ կամ սակավ ծանոթ մարդկանց շրջանում իրեն պահում էր մի տեսակ ամոթխած, ինչպես գավառացի համեստ պատանի. զրույցի ժամանակ չէր բացվում և մնում էր ինքնամփոփ, եթե չասեմ քաշված: Բայց, դրան հակառակ, ընկերների շրջանում ասում-խոսում էր զվարթ, կատակում-ծիծաղում համարձակ: Մանավանդ սիրում էր շրջել ընկերների հետ և զրուցե՜լ, զրուցե՜լ...

․․․Այնքան բուռն էր նրա գործելու եռանդը, անգամ այդ հիվանդ վիճակում»:

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,

Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,

Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝

Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.

Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝

Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.

Քո հոգու վըրա կա մի վարագույր,

— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...

fastnews-ads-banner