Կաննի 77-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր դարձավ ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս հայազգի դերասաներ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։
Վաչե Թովմասյանը սոցցանցի իր էջում, հրապարակելով մրցանակաբաշխությունից իր և Կարեն Կրագուլյանի լուսանկարը, անգլերեն գրառում է արել. «Ավելի հպարտ լինել չէի կարող!!! Հոյակապ է, ինչ-որ բան ավելին: Շնորհակալ եմ անհավատալի Կարեն Կարագուլյան, որ ինձ առաջարկեցիր Գառնիկի կերպարը. շնորհակալ եմ ինձ հավատալու, անընդհատ իմ կողքին լինելու և պարզապես ամեն ինչի համար: Դու տաղանդ ես, ամենատաղանդավոր հայ դերասանն, ում ես երբևէ տեսել եմ և պատիվ եմ ունեցել աշխատել: Սիրում եմ քեզ Կարեն իմ սրտի խորքից»:
Դերասանը նաև հավելել է հայերեն գրառում. «Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կարագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանը երբևէ: Շնորհակալ եմ քեզ , որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայ կերպարի համար և շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»: