Logo

Տնից փախավ, ընդունվեց թատերական, հայրը եկավ հետ տանելու՝ չգնաց․ Լուսինե Կիրակոսյանի դրամատիկ կյանքը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:09 / 04.12.2024Լուրեր
null

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Մշակութային գործիչ Հասմիկ Կիրակոսյանի քույրն է։ 1969-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1969-2022 թվականներին աշխատել է Երևանի Հ․ Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 78-ամյակի կապակցությամբ «Fast News Culture»-ն ուսումնասիրել է արտիստի տարբեր տարիների հարցազրույցներն ու առանձնացրել ամենակարևորը։

Բակում հասակակիցներին հավաքում, ներկայացում էր բեմադրում

Թատրոնի հանդեպ սերն ի հայտ է եկել վաղ մանկությունից: Բակում հասակակիցներին հավաքում, ներկայացում էր բեմադրում, հետո հարևաններին հրավիրում դիտելու՝ իհարկե փողով: «Մոտս ռագատկա (պարսատիկ) կպահեի, ով չգար, ուրեմն լուսամուտները պիտի ջարդեի: Վախից բոլորը գալիս էին։ 7-րդ դասարանում Սևյանի կուլտուրայի պալատում Շվարկինի «Ուրիշի երեխան» ներկայացման մեջ հղի կին կխաղայի։ Դասատուներից մեկը տեսել էր։ Ուզում էին հեռացնել դպրոցից։ Ասում էին՝ դպրոցակա՞նն էլ հղիի դեր խաղա: Կանչեցին, թքեցին, մրեցին: Տնեցիք էլ էին դեմ՝ ասում էին մանկավարժական ընդունվի, բայց ես տնից փախնում, գնում խաղում էի: Տնից փախա՝ եկա ինստիտուտ։ Արդեն ընդունվել էի, հերս եկավ հետ տանի՝ չթողեցին։ Ասացին՝ գերազանց ընդունվել է, ուր եք տանում: Ու հիմա կասկածում եմ արդյո՞ք ճիշտ արեցի, որ հորս հետ չգնացի։ Ինչին, որ արժանի էի՝ չստացա»:

Սունդուկյանի փոխարեն դրամատիկական

Ընդունվում է Վարդան Աճեմյանի կուրս։ Թատերական գործիչը Լուսինեին պատրաստում էր Սունդուկյանի համար: Երրորդ կուրսում դերասանուհուն հրավիրում են Հրաչյա Ղափլանյանի նորաբաց երիտասարդական թատրոն: Ընդունում է։ Վարդան Աճեմյանը իմանում է, բարկանում և պահանջում դուրս գալ նորաստեղծ թատրոնից: «Ես էդ ժամանակ հանրակացարանում կապրեի, Ղափլանյանն էլ 80 ռուբլի աշխատավարձ կուդար: Աճեմյանն օր ջղայնացավ, թե դուրս արի, ես էլ ըսի՝ ընդեղից ռոճիկ կստանամ, դու ընձի ի՞նչ կուդաս, օր դուրս գամ»:

Աղբի մեքենայով դեպի դրամատիկական

«Ղափլանյանի ժամանակ էդպիսի օր չկար, որ զբաղված չլինեի: Առավոտ փորձ, իրիկունը ներկայացում։ Էնքան էի հոգնում, առավոտյան չէի կարողանում արթնանալ։ Միշտ ուշանում էի: Մի անգամ էլ, որպեսզի չուշանամ, աղբի մեքենա էր անցնում՝ ձեռս տնկեցի, կանգնեցրի, ասի ի՞նչ կեղնի ընձի տանիք մինչև կինո Նաիրի: Վարորդը եզդի էր, ասեց նստի ցավդ տանեմ: Նստա, եկա փորձի, հիմի ով կկանգնի կողքս քիթը վեր կքաշե, թե էս ի՞նչ հոտ է։ Դու մի ասա զիբիլի ավտոյի հոտը սաղ կպել էր վրես։ Քա ըսի ի՞նչ եղավ ձեզի, առավոտ եմ լողցե։ Հարցրին՝ ինչով ես եկել, ասի զիբիլի ավտոյով՝ փորձից ազատեցին, ասին գնա շորերդ տուր խիմչիստկի»:

Փորձերից ուշանում էր նաեւ «Տիրում» կրակելու սերը հաղթահարել չկարողանալու պատճառով: Պարծենում է, թե իրենից լավ «սնայպեր»՝ դիպուկահար դուրս կգար: «Կինո Նաիրիի» կողքը «Տիր» կար։ Գործի գալուց կմտնեի, կես ժամ կկրակեի, նոր կերթայի գործի: Հենց կուշանայի՝ գիտեին, օր կրակելու եմ: Երևանի սաղ տիրերի մրցանակները ես կտանեի։ Սիրտս վիրահատված չեղներ, կերթայի Ղարաբաղ կռվելու»։

Թատրոնի նվիրյալը

«Դրամատիկ դերասանուհի եմ, դիպլոմիս մեջ էլ է դա գրած, բայց մարդիկ մի քիչ սխալ են ընկալում, երբ մարդն ի ծնե հումոր է ունենում։ Մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեծ հումորի տեր է, ինչպես գյումրեցիների մեծամասնությունը։ Չնայած գյումրեցի կա, օր մի գրամ հումոր չունի, ըմբես կամնչնամ ես ըդոնց տեղը։ Մարդկանց մոտ սխալ կարծիք է ձևավորվել, որ ես կատագերկակ դերասանուհի եմ: Իրականում ես բազմաժանր եմ։ Թատրոնում անունս դրել էին շտապօգնություն, ով հիվանդանում էր, ինձ էին կանչում՝ առանց փորձի դերեր եմ խաղացել»:

45 տարի թատրոնն ու բեմը եղել են Լուսինեի առաջին տունը։ 2022 թվականից, սակայն, դերասանուհին բեմ չէր բարձրանում, չէր հայտնվում նաև էկրաններին: «Աշխատանքային գրքույկիս մի տողն է լրացված՝ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Բնույթով միասեր եմ և նվիրվող՝ մարդկանց, աշխատանքիս: Սիրելի հագուստից էլ եմ դժվար բաժանվում: Չեմ սիրում տուն փոխել, կոլեկտիվ փոխել: Սկսել եմ ափսոսալ դրա համար, մտածում եմ գուցե սխա՞լ եմ վարվել, պետք չէ՞ր այդպես հավատարմորեն նվիրվել մեկ թատրոնի, գուցե ճիշտը փնտրե՞լն էր, տեղից տեղ գնալը»։

«Իմ կյանքը տրագիկոմեդիա է՝ լացն ու ծիծաղն իրար կողքի»

«Իմ կյանքը տրագիկոմեդիա է՝ լացն ու ծիծաղն իրար կողքի: Ծնվել եմ դեկտեմբերի 4-ին, ուժեղ աղեղնավոր եմ։ նձի կըսեին, քանի՞ տղամարդ բդի իրար զարգեն, օր քեզի արժանի ինչ որ մեկը ստացվի»: Երտասարդ տարիքում ամուսնացել է, հետո ամուսնալուծվել: 2 երեխա է լույս աշխարհ բերել։ Ծնվելուց անմիջապես հետո մահացել են։ 

«Ամազոններ» ներկայացման մեջ հղի էի խաղում։ Փորս պինդ կապում էին, որ թռնեի։ Ասում էին բան չի լինի, բայց չէր կարելի: Ջահել էի, շատ բան չէի հասկանում։ էս խելքս, որ էն ժամանակ ունենայի, երևի շատ բան չանեի: Էնքան ցավալի, էնքան սխալ բաներ կան, ոնց որ Սարոյանն է ասում՝ ինչ որ մի բան, ինչ որ մի տեղ ճիշտ չէ։ Բայց եթե կյանքս նորից ապրեի՝ հաստատ նույն ձևով էլ ապրելու էի»:

Կենդանասեր Լուսինեն

«Ինձ մեղադրում են, որ կենդանիներ եմ պահում: Մարդիկ չարացել են՝ սպանում են շներին, բայց պիտի հասկանանք, որ դրանք էլ են Աստծո ստեղծածը: Ես հատուկ չեմ բերում-պահում: Տեսնում եմ փողոցում խեղճ, հիվանդ, լքված կենդանուն, բերում եմ, բուժում եմ, հետո տալիս եմ ցանկացողին։ Եթե չեն տանում՝ մնում են իմ մոտ: Իսկ քաղաքապետարանն ասում է պիտի ամեն մի կենդանու համար 5000 դրամ տաս։ Հլը մի բան էլ իրանք պիտի ինձ փող տան, որ տեր եմ կանգնում: Ցավոք, կյանքը շատ է փոխվել, արժեքներն են փոխվել, մարդիկ չեն գնահատվում՝ ուր մնաց թե կենդանիները»:

Թոքային անբավարարությունն ու մահը

2023 թվականի մարտին դերասանուհուն տեղափոխում են հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ Վիճակը ծայրահեղ ծանր էր: Սատուրացիան ցածր էր և ուներ խիստ թոքային անբավարարություն։ Պայքարեց ավելի քան 10 օր։ Մահացավ ապրիլի 3-ին։

Սկզբնաղբյուրը՝ Hetq.am

 

 

fastnews-ads-banner