Վերջին շրջանում մարդիկ հաճախ են բանավիճում այս թեմայով: Շատերի խոստովանությամբ՝ ՏԱՆԻՑ ձևն ազդում է իրենց նյարդային համակարգի վրա:
Պարզաբանում է Դավիթ Գյուրջինյանը
ՏՈՒՆ և ՇՈՒՆ բառերը միանման են հոլովվում՝ տուն(ը)-տան-տանը-տնից-տնով և շուն(ը)-շան-շանը-շնից-շնով:
ՏՆԻՑ և ՇՆԻՑ ձևերին զուգահեռ, թեև քիչ, բայց լեզվում կան (այս կամ այն չափով ) նաև ՏԱՆԻՑ և ՇԱՆԻՑ ձևերը: ՏԱՆԻՑ ձևը վերջերս հաճախ է երևում տարատեսակ հաղորդագրություններում, իսկ ՇԱՆԻՑ ձևը, թեպետ հազվադեպ պատահում է անգամ դասականների գործերում, նույնիսկ ականջ է սղոցում:
Նյարդայնանալ պետք չէ. տարբերակային ձևեր են: Կարող ենք, իհարկե, այս ձևերի մրցակցությունն ավարտված համարել և արձանագրել, որ ՏՆԻՑ և ՇՆԻՑ ձևերը հաղթել են:
Սակայն ՏԱՆԻՑ-ը դեռ սխալ չի համարվում:

