Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը։ Բացումն արել են Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: Մեծանուն արտիստի 100-ամյա հոբելյանի առիթով տեղադրված արձանն ունի 2.8 մետր բարձրություն։ ՀՀ կառավարությունը 65 մլն դրամ էր հատկացրել արձանի պատրաստման և տեղադրման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։
Արձանի բացման արարողությանը հաջորդել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը և լուսանկարների ցուցահանդեսը: Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.): Նամականիշի աջ հատվածում առկա են «100 ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումները՝ հայերենով և անգլերենով»: