VNews Culture-ի զրուցակիցն է Ցյուրիխի պետական բալետի և Մյունխենի «Bayerisches Staatsballett» պետական բալետի նախկին մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյանը: Արտիստը ստեղծագործական գործունեության ընթացքում արժանացել է շվեյցարական «Prix de Lausanne» գլխավոր մրցանակին, Մյունխենի «Մերկուր» թատրոնի, «Ֆաուստ» թատերական մրցանակներին, «Ամադեուս» հայկական բալետի մրցույթի ոսկե մեդալի:
Տիգրանի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․
Տիգրան, շնորհակալ եմ շատ, անկեղծ ասած՝ Ձեր մասին շատ եմ լսել․․․
-Հիմա, երբ բալետի ասպարեզից դուրս եկա, ավելի քիչ են խոսում իմ մասին, բայց հետ կգանք Երևան՝ երիտասարդ արտիստներին օգնելու:
Շատ լավ կլինի: Իրականում մեր շարքի նպատակն է, որ ավելի շատ մարդ տեղեկանա հայկական բալետի ու հայ արտիստների մասին:
-Բոլոր նրանք, ովքեր այն տպավորությամբ են խոսում, որ Հայաստանում բալետ կամ բալետի արտիստներ չկան, ասեք՝ Տիգրան Միքայելյանը համաշխարհային ասպարեզում փոխել է հայկական բալետի մասին պատկերացումներն ու անունները: Եթե Հայաստանում տեղեկություն չունեն բալետի հայ արտիստների մասին՝ անհատական չճշտված տեսակետ չներկայացնեն:
Դուք անկախ Հայաստանի պատմության բալետի առաջին հայ արտիստն էիք, որ կարիերան շարունակեց արտերկրում:
-Ասել, որ ես առաջինն եմ, սխալ կլինի: Ինձանից առաջ Վահրամը գնաց Արգենտինա: Տարբերությունն այն էր, որ ես կապը պահպանեցի: Առաջին օրվանից էլ, երբ Հայաստանից դուրս եկա, աշխատում էի Մայր բեմի հետ կապը չկորցնել, ու միշտ հետ եմ եկել, օգնել ու հետո նաև տղաներին օգնել, որ դուրս գան ու շարունակեն իրենց ստեղծագործական գործունեությունը դրսում: 1990-ականների վերջին - 2000-ականների սկզբին շատ դժվար էր Հայաստանում ինչ-որ բան անել: Հիմա, փառք Աստծո, այլ երկիր է, այլ հնարավորություններով:
Ձեր սերնդի շատ արտիստներ հարցազրույցների ժամանակ ասում էին՝ «Տեսանք, որ Տիգրանը գնաց-հասավ հաջողության, ու հասկացանք, որ մենք էլ կարող ենք»: Դուք կենդանի օրինակ էիք շատերի համար:
-Ես ընդհանրապես այդ հարցի շուրջ չեմ էլ մտածել, ու երբեք չեմ էլ մտածել՝ արդյոք հե՞շտ է լինել կենդանի օրինակ: Ինձ համար դա շատ մեծ ոգևորություն էր, ու այդ ժամանակ արդեն հեշտի ու դժվարի հարց չկար, ես հաճույքով եմ արել ու որքան կարողացել եմ՝ օգնել:
Ձեր բալետային կարիերայում ի՞նչ դժվարություններ եք ունեցել:
-Չհաշված 22 վնասվածքները, որոնք ստացել եմ, մնացած դժվարությունները, եթե սիրում ես մասնագիտությունդ, ոչ մի բան են: Կյանքում ամեն տեղ էլ դժվարություններ կան: Բալետը սիրելը, ոգևորվածությունը, աշխատանքն ինձ միայն ուժ ու եռանդ են տվել: Երբ եկավ կարիերան ավարտելու ժամանակը, հասկացա, որ իմ հոգում ու սրտում էլ ոչինչ չունեմ, որ տամ հանդիսատեսին: Ես ինքս որոշեցի, որ վերջ, պետք է հեռանալ բեմից:
Հե՞շտ էր այդ որոշմանը գալ:
-Շատ հեշտ էր: Բալետի շատ քիչ արտիստի կհանդիպեք, որ այդ բարձրության հասած լինի ու այդքանից հետո թատրոնից դուրս գա այնպես, որ հետո թատրոնի կողքով անցնի ու մեկ վայրկյան անգամ նոստալգիկ ինչ-որ հոգեշարժում չլինի իր մոտ: Ես ամեն ինչ տվել եմ բալետին: Ու ամենամեծ տարբերությունն իմ ու այլ արտիստների այն է, որ շատ արտիստներ բալետի ձեռքում ձերբակալված են:
Ի՞նչ է դա նշանակում:
-Ես եմ բալետը պարել, ու չեմ թողել, որ բալետն ինձ կառավարի: Դա նշանակում է, որ իմ սրտից ու հոգուց եմ տալիս ու, երբ վերջանում է, այլևս կախվածություն չունես: Կյանքում ամենակարևորն է հասկանալ, որ նախ մարդ ես, հետո բալետի արտիստ, այլապես ամեն ինչ խառնվում է իրար ու առաջ են գալիս դժվարությունները: Եթե Դուք հիմա հարցնեք արտիստներին, ավելի շատ դժվարությունների մասին են խոսում, քան հակառակը: Բա էլ ինչի՞ համար ենք այս մասնագիտությունն ընտրել: Պետք է հաճույքի մասին խոսել: Եթե 30 տարի բալետում ես, օրական ավելի քան վեց ժամ պարապում ես, տանջվում, 22 վնասվածք ստանում, կա վախ ու տանջանք, բայց հետո, երբ ներկայացում ես պարում, այդ հաճույքը փակում է այն ամբողջ բացասականը, որ եղել է: Ու էլ չես նայում, թե ինչ դժվարություններ են եղել: Հիմա, երբ կարիերան ավարտել եմ, իմ հիշողության մեջ ավելի շատ դրականն է մնացել, քան այդ ամբողջ բացասականը, վնասվածքներն ու ցավը:
Այնուամենայնիվ, եկեք Ձեր 22 վնասվածքների մասին խոսենք ու ամենակարևորը՝ ինչպե՞ս եք կարողացել ինքներդ Ձեզ բուժել:
-Հիմնական վնասվածքները, որ ստացել եմ, եղել են ոտքիս թաթերի շրջանում ու ձգամկանը: Բալետի արտիստի համար յուրաքանչյուր մկան շատ կարևոր է: Թատերաշրջան էր լինում, որ 2-3 անգամ վնասվածք էի ստանում: Յուրաքանչյուր վնասվածքի վերականգնումը տևում էր մինչև 3 ամիս: Մի քանի անգամ նույն վնասվածքը ստանալուց հետո հասկացա, որ սպորտային վերականգնողական համակարգը չի կարողանում բացահայտել, թե որտեղից է գալիս խնդիրը, դրա համար էլ նույն վնասվածքն անընդհատ ստանում էի: Նրանք միայն կենտրոնանում էին վնասվածքի տեղի վրա: Շատ բան ենք փորձել, բոլոր մեթոդները, տարբեր ուղղություններ, ու արդեն ժամանակի ընթացքում տեսնում ես՝ որն է օգնել, որը՝ ոչ, ու այդպես հավաքում ես վերականգնողական մի պարապմունք, որն արդեն օգնում է: Բոլոր մեթոդների լավագույն ու աշխատող տարրերը վերցրել եմ, ու արդյունքում ստացվեց հասկանալ, թե մկանները որտեղից են սնուցվում, էներգիա ստանում ու ինչպես վարվել նման վնասվածքների հետ:
Դուք Մյունխենի բալետի առաջատար մենակատար եք եղել: Բավական հարուստ կենսագրություն ունեք, դիպլոմներ, մրցանակներ:
-Ես ավելի շատ արտիստիկ մրցանակներ եմ ստացել, քան մրցույթներին ոսկե մեդալներ: Իմ կյանքը ես նվիրել եմ թատրոնին, ի տարբերություն այն պարողների, որոնք տարեկան մի քանի մրցույթների են մասնակցում: Ինձ թատրոնային կյանքն ավելի հետաքրքիր էր, ու ավելի հաճույք էի ստանում դրանից, քան անընդհատ մտածեի, մրցույթից մրցույթ պատրաստվեի: Նախընտրեցի այդ ժամանակն օգտագործել ավելի շատ դերասանական վարպետություն ձեռք բերելու համար, ներկայացումներում զգացմունքները ճիշտ հասկանալու, որովհետև մրցույթները չեն թողնում, որ ներկայացման էմոցիայի վրա աշխատես:
Երբ ընդունվում էիք Պարարվեստի ուսումնարան, ունեի՞ք պատկերացում՝ ուր եք գնալու, ինչ եք անելու: Կարիերան, որն ունեցել եք, կարո՞ղ էիք պատկերացնել 80-ականների վերջին:
-Չէ, իհարկե, նպատակը Հայաստանում աշխատելն էր, ու երբեք չեմ մտածել երկրից գնալու մասին: Մինչև որ Հայաստանում իրավիճակը փոխվեց: Ակնհայտ դարձավ, որ պետք է մի բան անենք, որ շարունակենք այս արվեստով զբաղվել: Որովհետև մենք պարզապես չէինք պարում, ապրում էինք: Բալետով ուզում էինք լցնել մեր երկրի անունը եվրոպական ու համաշխարհային բեմերում, ինչն ինձ համար նշանակում էր ծառայել Հայաստանին: Ի վերջո, Հայաստանի անունը նշվեց բալետային քարտեզում:
Դուք նկատի ունեք ինչպես Ձեր անհատական կարիերան, այնպես էլ «Հզոր զգացմունքներ» խմբի գործունեությո՞ւնը:
-Այո, ու այն բոլոր տղաներին, որոնք ինձանից հետո եկել են ու իրենց կարիերայով նպաստել, որ Հայաստանի մասին ավելի շատ խոսեն: Եվրոպայում ես որպես բալետի հայ արտիստ, ինչպես Դուք ասացիք, առաջինն էի: Եղել են այլ հայ արտիստներ, բայց իրենք չեն հասցրել հայկական ուժն ու ոգին ներկայացնել բալետի աշխարհին: Ու որ այլ տղաներ էլ շարունակեն գալ, կարիերա ստեղծել արտերկրում: Ինձ զգացել եմ հայկական բալետի դեսպանը Եվրոպայում: Ամենամեծ ու հզոր պարուսույցների հետ հանդիպելն ու նրանց հարգանքին արժանանալը ու միաժամանակ հավատն ու վստահությունը, որ իրենք ներկայացրել են իմ աշխատանքին, թույլ է տվել, որ ինձ զգամ պարարվեստի հայ դեսպան բալետային աշխարհում:
Դուք 2013 թվականին Երևանում «Սպարտակ» եք պարել:
-Այո ու, անկեղծ ասած, նույն զգացողությունն ունեի, ինչ 2002 թվականին, երբ պարեցի «Դոն Կիխոտ», իսկ 2005-ին՝ «Գայանե» ներկայացումները: Ինձ համար մեր թատրոնի հետ ներկայացում պարելը միշտ եղել է հաճույք, ու մեր դպրոցի սաների հետ այդ էներգիան կիսելն ուրիշ ոչ մի տեղ չկա:
Ռուդոլֆ Խառատյանն իր հարցազրույցներից մեկում հիշել է, որ Դուք ներկայացումից առաջ անհանգիստ էիք ու «անընդհատ այս ու այն կողմ էիք անում», ու այդ անհանգստությունը պայմանավորված էր նրանով, որ Սպարտակ պարելը Ձեր մանկության երազանքն էր: Ի՞նչ զգացողություններ են առաջ գալիս, երբ մանկության երազանքն է իրականանում:
-Մի քանի չակերտ կբացեմ, որոնց մասին երբեք ոչ ոք չի իմացել: Այդ ժամանակ իմ ոտքի մեջ 70 մլ ջուր կար, ու ոտքս ուռած էր: Դրա մասին ոչ ոք չգիտեր: Իմ անհանգստությունը միայն դրանով է պայմանավորված եղել: Պարոն Խառատյանին ու ընդհանրապես որևէ մեկին չէի ասել, որ խնդիր ունեի, քանի որ երեք օրով էի եկել ու անպայման պետք է ներկայացման մեջ պարեի: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Ես, իհարկե, կուզեի, որ ոտքս չցավեր, ուռած չլիներ ու տրիկոյի տակից «բինտերով» կապած: Ինչ վերաբերում է երազանքի դերի մասով երջանկություն զգալուն, երբ արդեն տասը տարի պրոֆեսիոնալ արտիստ ես, այդ տարբերությունն արդեն չես զգում: Ես ավելի մեծ ապրում ունեցա որպես երազանք, երբ 22 տարեկան հասակում «Դոն Կիխոտ» պարեցի, քան տասը տարի հետո «Սպարտակը», որովհետև այդ ժամանակ արդեն այնքան ներկայացումներում էի պարել, որոնց մասին չէի էլ մտածում, երազանքից էլ բարձր ներկայացումներ, ու հասկանում ես, որ երբեմն ինչ-որ բաների մասին ես երազում, հետո քո երազանքից ավելի բարձր բաներ ես ստանում:
Ինչպե՞ս կառավարել այդ ժամանակ զգացմունքները, երբ հասնում ես ավելիին, քան նշաձողն է եղել:
-Չմեծամտանալ:
Ի՞նչ անել, որպեսզի չմեծամտանաս:
-Հասկանալ, որ այն, ինչ կատարվել է, կատարվել է քո աշխատանքի ու զգացմունքների կառավարման հաշվին, ու դա չի նշանակում, որ դու հասել ես քո բարձունքին, պետք է շարունակել նույն կերպ, որովհետև բարձունքները չեն վերջանում: Եթե ինչ-որ մեկն այդ զգացմունքը ստանում ու միանգամից կարծում է, որ հասել է բարձունքի, միանգամից մեծամտանում է, ու ձնագնդիկը սկսում է գլորվել ցած:
Սպարտակն իր կերպարով առաջնորդ է, Դուք Ձեր տեսակով առաջնո՞րդ եք:
-Այդ հարցը երևի թե պետք է տաք մյուս տղաներին: Ես չեմ զգում ինձ առաջնորդ, ես զգում եմ, թե որքանով կարող եմ օգնել մարդկանց, որ իրենք էլ առաջ գնան, թեկուզ եթե ինձանից էլ առաջ անցնեն: Ես այդ առաջնորդ բառը չեմ կարողացել տրամաբանորեն ընդունել, բոլորս էլ ունենք մեր լավ կողմերը: Տարիքի ու իմ գործին համապատասխան, ես, այո՛, առաջնորդական գործեր արել եմ, բայց երբեք չեմ ներկայացրել կամ ասել, որ առաջնորդ եմ: Երևի թե իմ մասին ավելի շատ կլսեիք, եթե ես ինձ իսկապես ներկայացնեի որպես առաջնորդ:
Բալետի արտիստների մեջ սովորաբար կա մրցակցության պահը ու մտավախությունը, որ որևէ մեկն իրենցից առաջ չանցնի։ Եթե որևէ մեկն առաջ է անցնում, ընդունված է, որ պետք է պայքարել, հասնել կամ գուցե նաև առաջ անցնել: Այդ պահը Ձեզ մոտ չի՞ եղել:
-Այդ պահը եղել է միայն իմ նկատմամբ, իմ ամենամեծ մրցակիցը ես եմ եղել: Որովհետև ոչ մեկ Տիգրան չի լինի, ոչ մեկ Արսեն չի լինի, ոչ մեկ Նուրիև կամ Բարիշնիկով չի լինի: Դա նշանակում է՝ ես ոչ մեկի հետ մրցակցության խնդիր չունեմ: Ես իմ գործն եմ ներկայացնում, մյուսը՝ իրենը: Դահլիճում 2000 հանդիսատես կա, մի մասը մեկին կսիրի, մի մասը՝ մյուսին: Անպայման չէ, որ բոլորն ինձ սիրեն: Ովքեր ինձ սիրում են, ես արդեն գոհ ու շնորհակալ եմ: Ես միշտ ասել եմ․ եթե ներկայացման օրը բեմում հանդիսատեսից գոնե մեկին էլ հաճույք պատճառես, ուրեմն ներկայացումը ծառայել է իր նպատակին:
Այդ ադեկվատ մտածողությանն ինչպե՞ս եք հասել: Միշտ չէ, որ բալետի արտիստների շրջանում լինում է այդ ռացիոնալությունը:
-Կարիերայի հենց սկզբից էլ այդ մտածելակերպն եմ ունեցել, ու կարծում եմ՝ դա եկել է ընտանեկան դաստիարակությունից: Ինձ դաստիարակել են շատ աշխատել, հարգել ու չմեծամտանալ, երբեք չշեղվել ճանապարհից: Դրա համար էլ այդ սրտով ու ոգով դիմացել եմ իմ վնասվածքներին: Եթե ես ուրիշների նկատմամբ մրցակցություն ունենայի, ես գուցե չդիմանայի, դեպրեսիայի մեջ հայտնվեի, մտածեի՝ իրենք առաջ են գնում, ես նրանց հետևից չեմ հասցնում: Համարյա 80 տոկոս արտիստների մոտ այդպես է, ու շատ ժամանակ այդ մտքերը հասցնում են խելագարության: Շատ դժվար է: Ես շատ եմ փորձում օգնել հասկացնել, որ ամեն մարդ իր գործն անի, որ յուրաքանչյուր արտիստ իր հանդիսատեսն ունի, ու պետք է պարել հանդիսատեսի համար, ոչ թե նրա համար, որ մյուս արտիստից լավ լինես կամ առաջ անցնես: Դու քեզանից լավը պետք է լինես: Եթե ինքդ քեզանից լավը լինես, միանգամից առաջ կգնաս: Իսկ եթե դու միշտ մտածես, որ մյուսից առաջ ես ուզում գնալ, այդ դեպքում դու ո՞վ ես, որտե՞ղ ես կանգնած: Եթե չգիտես, թե որտեղ ես կանգնած, ինչպե՞ս կարող ես առաջ գնալ:
Ե՞րբ հասկացաք, թե ով եք:
-Ամենասկզբից էլ հասկացել եմ՝ ով եմ ու ինչ եմ ուզում: Ես ուզում էի պարել, ու հետո երբ հասկացա, որ էլ չեմ ուզում պարել, այլևս իմ պարից հաճույք չեմ ստանում, որոշեցի, որ պետք է նոր բան մտածել: Ես այլևս չէի ուզում բեմում առաջին պլան լինել, որ ինձ նայեն: Ես ուզում էի, որ բալետի արտիստները, մարզիկները հասնեն այն հաճույքներին, որոնք դեռ չեն ստացել: Իսկ եթե նրանք դա ստանան իմ օգնությամբ, դա ինձ համար այսօր ավելի մեծ բավականություն է, քան բեմ դուրս գալը:
Եթե բառերով նկարագրեք սերը դեպի բալետը, ի՞նչ բառեր կօգտագործեք:
-Երեսուն տարի բալետից բարձր բան իմ կյանքում չի եղել: Երբեք չեմ արել դա որպես գործ: Եթե անեի որպես գործ, աշխատավարձի համար ու մտածեի, որ հանուն փողի եմ տանջանքը քաշում, որովհետև եթե չես սիրում դա իսկապես տանջանք է, չէ, ես այդպես չեմ մտածել, ես վայելել եմ:
Ի՞նչ սկզբունքներ ունեք բալետում:
-Այն բոլոր կեղծ մեթոդները, որոնք արտիստներն օգտագործում են իրենց բեմում ավելի լավ ներկայացնելու համար, երբեք դրանց չեմ դիմել: Մի անգամ փոքր տարիքում մտքովս անցավ նման բան անել, բայց հայրս շատ խիստ նախատեց:
Օրինակ՝ ի՞նչ մեթոդ:
-Դե, իմ թաթերն այդքան էլ լավը չէին, տեխնիկաներ կան լավ երևալու: «Գուբկա» են գծում, տրիկոյի տակից դնում, որ թաթն ավելի լավ նայվի: Նման կեղծ բաներ, բայց հայրս ասաց՝ «Եթե տեսնեմ՝ մտածում ես այդ հարցի շուրջ, բալետից կհանեմ»: Այդտեղ հասկացա, որ կեղծ քայլերով չես կարող առաջ գնալ:
Իսկ մարդկային հարաբերություններում ինչի՞ վրայով երբեք չէիք անցնի:
-Մարդկային հարաբերություններում ամենակարևորը հարգանքն է:
Բալետում Ձեր հաջողության բանալին ո՞րն է եղել:
-Շատ անկեղծ զգացմունքները հանդիսատեսին ներկայացնելը: Իհարկե, թռել եմ, պտտվել եմ, տեխնիկապես ուժեղ հնարքներ եմ ցույց տվել, դրանք դահլիճում աշխատանքի համար շատ կարևոր են եղել, սակայն ներկայացման ժամանակ տեխնիկան ինձ համար կարևոր չի եղել: Դա է եղել տարբերությունը, որ երբեմն մարդիկ սպասել են, որ ներկայացման ժամանակ Տիգրանը պետք է լուրջ տեխնիկական հնարքներ անի, որոնք չի արել: Ես միշտ ասում եմ՝ ներկայացումը մրցույթ չէ, ներկայացումը պետք է հասկանալ, ոչ թե գալ Տիգրանի թռիչքները նայելու: Ես երբեք չեմ ցանկացել զարմացնել իմ հանդիսատեսին, իմ նպատակն է եղել իմ պարով ու խաղով հաճույք պատճառել:
Իսկ կարիերայում սխալներ, անհաջողություններ ունեցե՞լ եք:
-Բոլոր անհաջողություններս վնասվածքների հետևանք են:
Իսկ սխալնե՞ր, որ հիմա հետ եք նայում և հասկանում եք, որ գուցե այլ կերպ կանեիք:
-Մի քանի տարի առաջ եթե այս հարցը տայիք, կասեի՝ սա այսպես կանեի, նա այնպես կանեի, որ այդ վնասվածքները չստանայի, բայց հիմա ոչ մի բան չէի փոխի իմ կյանքում: Սխալ եմ արել, թե ճիշտ եմ արել՝ ոչինչ չէի փոխի, որովհետև այդ ժամանակ գուցե թվար, թե սխալ եմ, բայց հիմա, որ հետ եմ նայում, դա պե՛տք է լիներ, այդ սխալը պե՛տք է անեի, որ հիմա սխալների հաշվին հասունանայի ու հասնեի այն կետին, որտեղ հիմա եմ: Այդ սխալների հաշվին է, որ ես հիմա կարողանում եմ մարդկանց օգնել:
Ո՞ր թվականին եք ավարտել կարիերան:
-2018 թվականին պաշտոնապես թատրոնում ավարտեցի կարիերան, 2019 թվականին «Հզոր զգացմունքներ» խմբի հետ էլ պարեցի ու բեմից հեռացա:
Հիշո՞ւմ եք վերջին ներկայացումը:
-«Աննա Կարենինա» ներկայացումն էր:
Ի՞նչ զգացողություն է, երբ գիտեք վերջին բեմելն է:
-Բեմում կանգնած մտքումս խոսում էի հանդիսատեսի հետ ու ասում՝ «Ես էլ ձեզ տալու ոչինչ չունեմ»: Ամեն ինչ տվել էի, կարելի է ասել՝ որպես արտիստ սպառվել էի:
Բալետային կարիերայից հետո ինչո՞վ եք զբաղվում:
-2018 թվականից առողջության մարզիչ եմ (Health coach): Իմ ստեղծած թրեյնինգն ունեմ, որ վարում եմ:
Ձեր ֆեյսբուքյան էջում կան տեսանյութեր, որտեղ Դուք նաև մարզիկների հետ եք պարապում:
-Այո, բալետի արտիստների, մարզիկների, սովորական մարդկանց հետ, իմ թրեյնինգի միջոցով մինչև 85 տարեկան մարդու նյարդա-մկանային խնդիրները կարող ենք վերականգնել:
Ինչի՞ մասին եք երազում այս պահին:
-Անձնական երազանքը, որ ընտանիքս առողջ լինի, որ կարողանանք ներկայիս համաշխարհային դժվարությունների մեջ առանց խնդիրների ապրենք ու ամենակարևորը՝ բոլորն առողջ լինեն: Իսկ կարիերայում հնարավորություններն այնքան մեծ են, որ չեմ կարող ասել, որ որևէ հատուկ երազանք ունեմ: Ես վայելում եմ ամեն քայլն ու որքան կարող եմ առաջ եմ գնալու:
Երևանի հետ կապված ծրագրեր ունե՞ք:
-Դեռ ոչ, բայց շատ կուզեմ: Մտածում եմ ծրագրեր իրականացնել Պարարվեստի ուսումնարանի աշակերտների հետ:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Կարող եք կարդալ նաև՝
Ալբինա Ղազարյան․ Բալետում ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել
Միլիտոն Կիրակոսյան․ Արտասահմանում բալետային կարիերայի փոխարեն ընտրեցի Երևանում ընտանիք ունենալը
Մարիամ Ասլանյան․ Բալետի աշխարհում արգելված է լինել թույլ կին
Լյուդվիգ Իսպիրյան․ Ինձ անվանում են Իսրայելի բեմի հայ Ռոմեո
Մարիամ Գարաջյան․ Ուժեղ մարդ չեմ, դրա համար էլ թատրոնում ինձ կոտրեցին
Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»
Ավելին՝ այստեղ