Logo

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձն է

12:40 / 27.01.2025Լուրեր
null

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին տոնում է ծննդյան 86-ամյակը: 

«Ոմանց համար ստեղծագործելը լոկ հարցերին պատասխանել է: Ես իմ ստեղծագործությամբ աշխատում եմ հարցեր ավելացնել: Արվեստը պետք է հարցեր ծնի»,- ասում է Տիգրան Մանսուրյանը: 

Մաեստրոն ծնվել է 1939 թվականին Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան, որտեղ էլ ապրում է առ այսօր։
Երաժշտություն սկսել է գրել՝ դեռեւս չիմանալով նոտաները։ Նրա ստեղծագործությունները հայ երաժշտարվեստի բացառիկ ու անփոխարինելի նմուշներից են։ Մանսուրյանի սահմանած նշաձողը` թե՛ որպես հայ, թե՛ որպես երաժիշտ, անհասանելի է։
Հատկապես մեծ ժողովրդականություն են վայելում մաեստրոյի ստեղծագործությունները` գրված ֆիլմերի համար, ինչպիսք են՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը»:

Մեծն գրող Հրանտ Մաթևոսյանը մի առիթով Մանսուրյանի մասին ասել է. «Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի` իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...»:

Հիշելով իր մուտքը կինոերաժշտության աշխարհ՝ մաեստրո Մանսուրյանն ասել է, որ կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ առաջարկություն է ստացել գրել երաժշտություն ֆիլմի համար։ Կինոն սինթետիկ արվեստ է և ներառում է արվեստի մի քանի ճյուղեր: Կոմպոզիտորը նշել է, որ ստեղծագործելիս հետևել է դրամատուրգիայի ընթացքին այնպես, որ կինոդիտումից դուրս եկող հանդիսատեսն իր ականջներում ունենա ֆիլմի գլխավոր մեղեդին։ «Ես մեծ պատասխանատվությամբ եմ տրվել կինոերաժշտություն գրելու աշխատանքին։ Ամենամեծ դժվարությունն ինձ համար իմ երաժշտությունից դեպի կինոերաժշտություն անցում կատարելն էր, քանի որ հոգեբանությունը, հնչողական ընկալումները, արժեքներն ամբողջությամբ պետք է տեղափոխես կինոյի բնագավառ»։

fastnews-ads-banner