Հունվարի 27-ին լրացավ հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը: Մենագրությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։ Աննա Ասատրյանը Տիգրան Մանսուրյանին նվիրել է «Տիգրան Մանսուրյան» մենագրության տպաքանակի 1-ին օրինակը, ինչպես նաև «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» պատկերագիրքը, որում տեղ է գտել տաղանդավոր նկարչի վրձնած՝ Տիգրան Մանսուրյանի դիմանկարը։
Դանիել Դանիելյանը շնորհավորել է Մաեստրոյին: Նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք: «Յուրաքանչյուր գրքի լույսընծայում մեծ հարստություն է, կարևոր քայլ՝ մեր մշակութային ժառանգության համալրման և հասարակության ինքնաճանաչողության բացահայտման, զարգացման գործում: Այսօրինակ աշխատությունների շնորհիվ կարողանում ենք խորապես ճանաչել մեր մեծերին, նրանց ստեղծածը և ժառանգությունը, որոնք ուղղված են մեր երիտասարդներին և ապագա սերունդներին: Ընթերցելով «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ մեծ բավականություն ստացա. այն համակողմանի բացահայտում է Մաեստրոյին, նրա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Հեղինակը նրան նկարագրում է՝ որպես երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող: Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները», - նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: