Հանրահայտ երաժիշտ, ջազմեն Տիգրան Համասյանը եռօրյա համերգներով Երևանում է։ Նոյեմբերի 20-ին, 21-ին, 22-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում կայանալիք համերգներին ելույթ կունենան նաև աշխարհահռչակ այլ երաժիշտներ:
Հայաստանյան շրջագայության ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգասրահում. նոյեմբերի 21-ին Ռիք Ռոզատո (կոնտրաբաս) և Ջոնաթան Փինսոն (հարվածայիններ), նոյեմբերի 23-ին Էվըն Մարիեն (բաս) և Նեյթ Վուդ (հարվածայիններ):
Նախագծի փակմանը ելույթ կունենա վիրտուոզ թմբկահար Նեյթ Վուդը՝ իր հատուկ ծրագրով: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին` ժամը 20:00-ին, «Hard Rock Cafe Yerevan»-ում:
Ջազմենը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի խնդիրների, համերգային շրջագայությունների, նոր ծրագրերի, երիտասարդ սերունդի և վարպետաց դասեր կազմակերպելու մտադրության մասին:
«Քաղաքականությունն իմ գործը չէ: Հայրենիքումս կատարվող իրադարձությունների համար, իհարկե, ցավ եմ ապրում: Բայց ես ոչ մի հարց չեմ կարող լուծել: Իմ գործն արվեստն է, որի միջոցով կարող եմ համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել Հայաստանի խնդիրներին»,- նշեց արտիստը:
2020 թվականին, 44-օրյա պատերազմի ժամանակ, իր նախաձեռնությամբ կազմակերպված օնլայն համերգին մոտ 6 միլիոն դոլար է հավաքել. գումարն ամբողջությամբ ուղարկվել է Հայաստան:
Առաջիկայում նոր ծրագրեր ունի. մանրամասն չցանկացավ ներկայացնել, բայց վստահեցրեց, որ բոլոր տարիների իր ամենահավակնոտ ծրագիրն է լինելու:
Երաժիշտը հետևում է նաև երիտասարդ հայ երաժիշտներին։ Երաժշտական աշխարհում հաջողելու համար խորհուրդ է տալիս շատ աշխատել: Վստահեցնում է՝ նվիրված աշխատանքը մի օր անպայման արդյունք կունենա: