Փետրվարի 22-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կայացավ «Եթե դու մեռնեիր» ներկայացման առաջնախաղը: Ֆրանսիացի գրող, դրամատուրգ Ֆլորիան Զելերի հոգեբանական դրաման թատրոնի տնօրենի ԺՊ Տաթևիկ Մելքոնյանը ներկայացրել է տարբերվող ձևով։ Ներկայացման համար թատրոնի նախասրահում պատրաստել են հատուկ բեմ ու դեկորներ։ Ռեժիսորն օգտագործել է նույնիսկ թատրոնի պատուհանը, որը նայում է Խորենացի փողոցին։ Նախասրահը նախատեսված է 36 հանդիսականի համար։ ««Եթե դու մեռնեիր» վերնագրում «եթե»-ն շատ կարևոր է։ «Եթե դու մեռնեիր»՝ ի՞նչ կլիներ։ Պիեսում հստակ ներկայացված չէ՝ ի՞նչն է իրականություն, ի՞նչը՝ մտացածին։ Ինձ համար այս պիեսը սիրել չկարողանալու մասին է։ Մենք սիրում ենք միմյանց, բայց հաճախ չենք կարողանում ճիշտ դրսևորել մեզ այդ սերն արտահայտելիս։ Որքան էլ մենք ձգտում ենք, որ այդպես չլինի, բայց ցավեցնում ենք մեր սիրած մարդկանց՝ ճշմարտությունն ասելով կամ այն թաքցնելով», - անկեղծացավ ներկայացման ռեժիսորը։
Ներկայացումում ներառված է 4 դերասան։ Գլխավոր հերոսները Թելման Խաչատրյանն ու Տաթև Հովակիմյանն են։ Խաղում են նաև Հարություն Հովհաննիյսանն ու Վալենտինա Դավիթավյանը։ Թելման Խաչատրյանի խոսքով՝ նախապատրաստական փուլը բավական երկար էր։ «Մի քիչ խճճված գործ էր։ Ընթերցանության փուլն էլ է մի փոքր երկար տևել։ Այս գործն իսկապես պետք էր վերլուծել, ընկալել, «մարսել», նոր միայն բարձրանալ բեմ։ Դժվար տրվեց ինձ Դանիելի կերպարը։ Նույնիսկ պահեր են եղել՝ մտածել եմ, իսկ կարող է իմը չէ այս կերպարը։ Սկզբում փոքր-ինչ լարվածություն կար, բայց աստիճանաբար ընտելացանք տարածքին։ Այն դարձավ մեր տունը։ Շատ կարևոր է, թե այս խնդիրների ժամանակ ով է կողքիդ՝ ոչ միայն որպես ռեժիսոր, այլև մարդ։ Երբ թիկունքում զգում ես էներգիա, ուժ, որը նպաստում է կերպարի ընկալմանը, անբացատրելի հաճելի զգացողություն է։ Ես դա Տաթևիկից զգացել եմ։ Կարծում եմ շատ հետաքրքիր ներկայացում է ստացվել», - ասաց դերասանը։
Իրադարձությունները տեղի են ունենում 2 զուգահեռ իրականությունում՝ անցյալում և ներկայում։ Գլխավոր հերոսուհին՝ Աննան, կասկածում է ամուսնուն դավաճանության մեջ։ Նրա մահից հետո փորձում է գտնել սիրուհուն։ Աննային մարմնավորում է Տաթև Հովակիմյանը։ «Ներկայացման ասելիքը սերն է, սիրո բացակայությունն ու շատությունը։ Մեկ բառով դժվար է նկարագրել։ Հանդիսատեսն ինքն էլ կարող է գտնել տարբեր ասելիքներ։ Որպես գլխավոր հերոսուհի՝ ինձ համար այս ներկայացումը սերը կորցնելու և այն վերագտնելու մասին է», - ընդգծեց Տաթևը։