Logo

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մենահամերգ կունենա Երևանում

22:42 / 13.09.2024Լուրեր
null

Սեպտեմբերի 22-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի մենահամերգը: Հատուկ հյուրը անվանի դաշնակահար Գեորգի Չաիձեն է: «Հայաստանյան ունկնդրի հետ յուրաքանչյուր հանդիպում իսկական տոն է ինձ համար՝ լի մեծագույն պատասխանատվությամբ։ Անհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ մեր հանդիպմանն ինձ շատ հարազատ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Իմ շատ լավ ընկեր, փայլուն դաշնակահար Գեորգի Չաիձեի հետ ներկայացնելու ենք հետաքրքիր ծրագիր։ Նրա հետ հասցրել ենք վերջերս ելույթ ունենալ Հունաստանում, և մեր գործակցությունը շատ բարձր եմ գնահատում։ Վստահ եմ՝ հայ հանդիսատեսը ևս անտարբեր չի մնա այս համերգից», - նշում է Նարեկ Հախնազարյանը: 

Համերգային ծրագրում Շումանի, Մենդելսոնի, Կոմիտասի, Ցինցաձեի, Պիացոլայի ստեղծագործություններն են։

2011 թվականին, 22 տարեկանում, Նարեկը հաղթել է Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նրա ելույթները նոր թափով շարունակվեցին բազմաթիվ երկրներում որպես մենակատար, կամերային երաժիշտ: Նարեկ Հախնազարյանը եղել է «BBC New Generation Artist»: Ընդգրվել է Վիեննայի «Konzerthaus»-ի «Մեծ տաղանդներ» համերգաշարում: Ելույթներ է ունեցել «Orchestre de Paris», «London Symphony», «London Philharmonic», «Rotterdam Philharmonic», «Frankfurt Radio», «Berlin Konzerthaus», «Royal Stockholm Philharmonic», «Chicago Symphony», «LA Philharmonic», «Pittsburgh Symphony», «Sydney Symphony», «Seoul Philharmonic», «NHK Symphony» և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոզեդա, Նետոպիլ և այլք): Նվագել է միջազգային հայտնի փառատոններում, հեղինակավոր համերգասրահներում: Միջազգային մրցույթների դափնեկիր է. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ), «Johansen International Competition» (2006, 1-ին մրցանակ), «Young Concert Artists International Auditions» (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ: 2017-ին Նարեկ Հախնազարյանին շնորհվել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում:

fastnews-ads-banner