«Ոսկե ծիրանի» հատուկ ընդունելության ընթացքում կինոփառատոնի «Վարպետ» մրցանակը ստացել է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ Թարսեմ Սինգհը։ Հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսորին մրցանակը հանձնել են «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և կինոփառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Սինգհին հայ հանդիսատեսը ճանաչում է որպես Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Նա նկարահանել է նաև R.E.M.-ի «Losing My Religion», Վանեսա Պարադիի «Be My Baby» և Լու Ռիդի «What’s Good» տեսահոլովակները։ Նա նաև 6 գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր է: Կինոաշխարհում Սինգհի ռեժիսորական նորամուտը եղել է 2000 թվականին՝ «Բջիջը» ֆիլմով: Այդ կինոնկարում գլխավոր դերակատարը Ջենիֆեր Լոպեսն էր: «Բջիջից» հետո ռեժիսորը հեղինակել է ևս 5 լիամետրաժ ֆիլմ: Վերջինի՝ «Սիրելի Ջասի» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2023-ին: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանանացել է «Platform» մրցանակին: Կինոնկարի երևանյան պրեմիերան տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 2024-ի ընթացքում։


