Դեկտեմբերի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Տարվա երգ 2024»-ը։ Բեմում անցնող տարվա լավագույններն էին՝ «YouTube»-ում ամենաշատ դիտումներ գրանցած կատարողները, ինչպես նաև հատուկ հյուրեր։ Մի քանի տարի միջոցառումը Սոչիում անցկացնելուց հետո երկրորդ տարին անընդմեջ այն տեղի է ունենում Երևանում։ «Fast News Culture»-ը ներկա է եղել մրցանակաբաշխությանն ու զրուցել մրցանակակիրների հետ։
Համերգը վարեցին Նազենի Հովհաննիսյանն ու Պոնչը (Տարոն Իսպիրյանը)։ «Նման մեծամասշտաբ միջոցառում վարելու փորձ չունեի, բայց Նազենիի շնորհիվ ամեն ինչ ստացվում է։ Նա պրոֆեսիոնալ է, իր գործի գիտակ։ Կարծում եմ՝ Նազենին լավագույն գործընկերն է, ով այսօր պետք է լիներ իմ կողքին։ Նա ինձ շատ է օգնում։ Շնորհակալ եմ քեզ, Նա՜զ», - անկեղծացավ Պոնչը։
Մրցանակաբաշխության մեկնարկը աշուղական էր, բեմում՝ Վարդան Բադալյանը։ Երգիչը կատարեց Սայաթ Նովայի «Պատկիրքդ ղալամով քաշած» ստեղծագործությունը Նարեկացի նվագախմբի նվագակցությամբ: «Սովորաբար բոլոր ելույթներիցս առաջ լարվածություն ունենում եմ, բայց այսօր կրկնակի է, քանի որ առաջինն եմ ելույթ ունենալու։ Արդեն 15 տարի է ներկայանում եմ մեծամասամբ ժողովրդական երգերով։ Իհարկե, կան ինձ համար գրված երգեր, բայց հիմնականում երգում եմ ժողովրդական, աշուղական։ Վերջին շրջանում տեսահոլովակներ չեմ ունեցել, բայց շրջագայել եմ համերգներով։ 2024 թվականն ինձ համար հաջող էր», - խոստովանեց Վարդանը։
2024-ին 3 տեսահոլովակ թողարկած Հակոբն ու Արմենը ևս մրցանակակիրների շարքում էին։ «Ինչպես նախորդ տարիները, այնպես էլ 2024-ը մեզ համար շատ հագեցած էր։ «YouTube»-ում տեղադրեցինք մեր մենահամերգը, ունեցանք նոր երգեր, տեսահոլովակներ և բազում համերգներ աշխարհի տարբեր երկրներում», - նշեց Հակոբ Հակոբյանը։ Արմեն Հովհաննիսյանն էլ հավելեց՝ աշխատել են շատ խիտ գրաֆիկով։ «Շատ ենք կարոտել հայ հանդիսատեսին։ Վերջին շրջանում շատ համերգներ արտերկրում են կայանում։ Այդ պատճառով այս մրցանակաբաշխությունը մեզ համար շատ սպասված էր։ Այսօր մեր կարոտը կառնենք հայ հանդիսատեսից։ Ափսոս, որ այդ ամենի համար կունենանք ընդամենը 2-3 րոպե», - ընդգծեց Արմենը։
Սոնա Ռուբենյանը «Տարվա երգ 2024»-ին մասնակցեց «Փաթիլներով»։ Երգչուհին շնորհակալություն հայտնեց ընկերներին՝ Նիկ Էգիբյանին, Գրիգոր Կյոկչյանին և Ռոբերտ Քոլոյանին։ Հենց նրանք Արամ Ասատրյանի երգի կրկներգից ստացան նոր շունչ ու նոր երգ արդեն Սոնայի համար։ «Տարիներ շարունակ գործակցում եմ Գարիկի հետ։ Երկուսս էլ մեր ամբողջ ժամանակը նվիրում ենք «Գարիկ և Սոնա» նախագծին, բայց 2024-ն ինձ համար տարբերվող էր, քանի որ սկսեցի աշխատել իմ անհատական երգերի վրա, ստեղծագործել, թողարկել նոր երգեր։ Այդ առումով 2025-ը ևս առատ կլինի։ Երրորդ անգամ եմ մասնակցում այս մրցանակաբաշխությանը։ Նախորդ երկուսին ելույթ ենք ունեցել Գարիկի հետ։ Որպես մենակատար այս տարի առաջին անգամ եմ մասնակցում», - ուրախությամբ նշեց Սոնան։
Երեկոն հարուստ էր պրեմիերաներով: Արամեն կատարեց ժամեր առաջ հրապարակված «Երազանք ես դու» ստեղծագործությունը: «Կանգ չենք առնում։ Ավելի լավ երգերով շարժվում ենք առաջ։ Շնորհակալ եմ։ Սիրում եմ բոլորիդ», - ելույթից հետո անկեղծացավ երգիչը։
Արտեմ Վալտերի նոր երգը նվիրված էր «Նազելի, Նազենիներին»: Սոֆի Մխեյանն էլ ներկայացավ 2 շաբաթ առաջ թողարկած «Մատանի» երգով։ «Անխոս, հանդիսատեսի սերն ամենակարևորն է, բայց մրցանակները ևս շատ ոգևորիչ են յուրաքանչյուր արտիստի համար: Բոլորը տարվա ընթացքում աշխատում են, որպեսզի տարեվերջին արժանանան գնահատականի։ Այդ առումով այս մրցանակաբաշխությունը շատ կարևոր է», - նշեց Սոֆին:
Հիմնականում ռուսերեն երգեր կատարող Արսեն Շախունցը գարնանը թողարկեց իր առաջին հայերեն ստեղծագործությունը՝ «Էն ում յարն ա»: Համերգի կազմակերպիչների աչքից դա չվրիպեց: Երգիչը մրցանակ ստացավ հենց այս երգի համար:
Արամ MP3-ն կատարեց ավելի քան 6․5 միլիոն դիտում ունեցող «Երևի», Իվետա Մուկուչյանը՝ «Սեր անի» երգերը։ Իվետայի վերջին աշխատանքը 1 ամսում «YouTube»-ում ունի ավելի քան 1․2 միլիոն դիտում։ ««Սեր կա երկնքում Երևանի» և «Սեր անի» երգերն անմիջապես սիրվեցին և մեծ հետք թողեցին իմ կարիերայում։ Հաղթող թիմին չի կարելի փոխել։ Շնորհակալ եմ Գրիգոր Կյոկչյանին, Գուրո Գասպարյանին և Սաշ Մհերյանին մշտապես կողքիս լինելու համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի՛ հանդիսատես», - ելույթն ամփոփեց Իվետան։
Ռոբերտ Սահակյանցի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմի մոտիվներով 2021-ին Միխայիլ Գալուստյանը նկարահանեց «Չաո, Չաո» երգի տեսահոլակը: 3 տարի անց Գալուստյանը նույն երգը կատարեց Երևանում՝ հայ հանդիսատեսի համար։ Անհատական կատարումից զատ հումորիստը ներկայացավ նաև Արկադի Դումիկյանի հետ զուգերգով:
Մկրտչյանների ընտանիքը ևս տեղում էր։ Նախ զուգերգով ներկայացան Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, ապա բեմում Լեոն էր՝ իր եվրատեսիլյան «Cosmic friend»-ով։ «Առաջին անգամ եմ ելույթ ունենում Մարզահամերգային համալիրում և «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը։ Սա իմ առաջին մրցանակն է։ Շատ ուրախ եմ», - նշեց «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հայ պատվիրակը։
Սարգիսները՝ Ավետիսյանն ու Եղիազարյանը, կատարեցին «Շատ-շատ» զուգերգը։ Սարգիս Ավետիսյանը մրացանակաբաշխությանը մասնակցում է դեռ 2017-ից։ Խոստովանեց՝ շատ ուրախ է, որ նման միջոցառումն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հայաստանում։ «Նման մրցանակաբաշխություններն արտիստի համար շատ կարևոր են, քանի որ պարտավորեցնում են ամեն տարի ներկայացնել ավելի որակյալ աշխատանք։ 2024 թվականն ինձ համար ստացված էր։ 2025-ին սպասեք նոր երգերի», - նշեց Սարգիսը։
Բացի Միխայիլ Գալուստյանից, երեկոյի մյուս հատուկ հյուրն էր Արտո Թունջբոյաջյանը։ Ելույթ ունեցան և մրցանակի արժանացան նաև Արաբո Իսպիրյանն ու «Արցախի ձայները», Նունե Եսայանը, Էռնեստ Օգանեսյանը, Նանուլը, Արկադի Դումիկյանը, Լեահը, Գրիշա Ասատրյանը, Սիլվա Հակոբյանը, D Litte-ը, Ալեքսանդրոս Ցոպոզիդիսը, Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, Տաթև Ասատրյանը և Սարո Թովմասյանը։
Մարզահամերգային համալիրում ևս մեկ անգամ հնչեց Արա Մարտիրոսյանի ձայնը։ Ներկաները հոտնկայս ծափահարեցին ու հարգանքի տուրք մատուցեցին սիրո երգչին։
Լուսանկարները՝ Գրիգոր Գրիգորյանի