Logo

Սուրեն Շահվերդյան. «Թատրոնն իմ տարերքն է»

Հեղինակ
Ժենի Քոչարյան
18:00 / 14.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

Առաջին մուտքը Ստանիսլավսկու անվան թատրոն

Հայրս պետք է Ստանիսլավսկու անվան թատրոնում ներկայացում բեմադրեր ըստ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» պիեսի: Ավաղ չկարողացավ ավարտին հասցնել ներկայացումը։ Մոտ մեկ ու կես տարի առաջ էր՝ թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն առաջարկեց ավարտին հասցնել հայրիկիս սկսածը։ Ներկայացումը բեմադրվեց, սիրվեց ու դարձավ թատրոնի սիրելի ներկայացումներից մեկը։ Հյուրախաղեր եղան Վլադիվոստոկում՝ Չեխովյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։

Թատրոնի տնօրեն

Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը որոշել էր իր լիազորություններն ավելի վաղ թողնել: Մշակույթի նախարարության քննարկումների ու որոշման արդյունքում ինձ առաջարկեցին դառնալ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Համաձայնեցի, որովհետև ունեմ նախատեսված բազում ծրագրեր, որոնք կամաց-կամաց փորձում եմ իրականացնել:  Տա՛ Աստված՝  ծրագրերիս արդյունքում թատրոնը նոր շունչ ստանա:

Փոփոխություններ

Մշակույթի ոլորտում փոփոխությունները շատ բուռն են: Ովքեր ղեկավարւմ են թատրոնները, փորձում են ավելի երկար մնալ իրենց պաշտոններում: Պետք է նշեմ, որ նախկին տնօրեն Մարիաննա Մխիթարյանը բարեկամաբար փոխանցեց թատրոնի ղեկը ինձ, թատրոնի անձնակազմ էլ  բարեկամաբար ընդունեց ինձ: Առաջին խոստումներիցս մեկն արդեն կատարել եմ՝ կարողացել եմ թատրոնի աշխատակազմի աշխատավարձը մի փոքր բարձրացնել: Իհարկե, չնչին փոփոխություն էր, բայց հրաշալի է, որ կարողացա նպատակիս հասնել:

Կարգապահություն թատրոնում

Իմ առաջին խնդիրն էր սահմափակել օտար մարդկանց մուտքը թատրոն։ Այսօր արդեն անցակետ կա, և օտար մարդիկ չեն կարող մուտք գործել թատրոն: Խիստ կարգապահություն է սահմանվել․ գուցե ոմանց դուր չի գալիս: Բոլորին հայտնի է՝ թատրոնը կոլեկտիվ արվեստ է, և բոլորից է կախված ներկայացման որակը: Իմ այստեղ հայտնվելուց հետո արդեն մի քանի նկատողություններ կան ուշացումների հետ կապված։ Կարգապահությունը փորձում եմ հասցնել կատարելության։ Իհարկե, դժգոհություններ կան, բայց, փառք Աստծո,  դեռ լուրջ կոնֆլիկտներ չկան: Ի դեպ շատերն էլ գոհ են այս փոփոխություններից:

Թատրոնի խնդիրները

Այն պահից, երբ մտել եմ թատրոն, բանակցում եմ նախարարության հետ: Փոխնախարար Դանիել Դանիելյանը հաճախ է գալիս թատրոն, ներկայացնում եմ խնդիրները։ Ստանիսլավսկու անվան թատրոնի դահլիճի աթոռները վաղուց իրենց դարն ապրել են։ Նույնիսկ լինում են դեպքեր, որ ներկայացման ժամանակ աթոռների շարքն ամբողջությամբ կարող  է պոկվել: Մի խնդրին ժամանակավոր լուծում տալն արդեն անհնար է։  Մտածում ենք հիմնովին վերանորոգման մասին․ ամեն ինչ շատ հին է, և ժամանակակից հանդիսատեսը, կարծում եմ, որ չի հանդուրժում շենքային նման պայմանները: Թատրոնի ֆասադը ևս ոչ ներկայանալի է, շատերը նույնիսկ չգիտեն թատրոնի տեղը, փոխարենը հարևանությամբ գտնվող ռեստորանների, այլ վայրերի անուններն են տալիս: Ի դեպ, դրական քայլեր կան արված։ Շնորհակալ եմ «Ֆասթ Բանկ»-ին, որ վերանորոգել է թատրոնի սանհանգույցները․ շատ կարևոր ու մեծ խնդիր է լուծվել:

Սուրեն Շահվերդյան ռեժիսորը

Որպես ռեժիսոր գործունեությունս մի փոքր սահմանափակվել է: Թատրոնի ղեկավարումը ստանձնելուց հետո շատ ծրագրեր հետաձգել եմ։ Այժմ Հայաստանում ցուցադրվում են «Սև դառը շոկոլադ» և «Игры королей» ներկայացումները: Առաջիկայում սպասվում է պրեմիերա՝ «Փող օֆ տղամարդիկ» ներկայացումը. Կովիդի ժամանակ տղամարդիկ ստիպված են գնալ ծայրահեղ քայլերի, որպեսզի դրամ վաստակեն, որովհետև պարտքեր ունեն: Սպասվում է նաև նոր մոնո ներկայացում  Ելենա Վարդանյանի հետ՝ «Ես Էդիտ Պիաֆն եմ»: Ի դեպ,  ներկայացումը ցուցադրվելու է բեմի տակ՝ շատ խորհրդավոր և հետաքրքիր միջավայրում:

Նոր հարթակներ թատրոնում

Իմ ծրագրերում է նոր հարթակներ բացել թատրոնում: Ունենք հիանալի բակ, որը, կարծում եմ, կարող է բացօթյա հիանալի հարթակ դառնալ: Թատրոնի 3-րդ հարկում ունենք մեծ փորձասենյակ, որը ևս կարող է դառնալ այլընտրանքային բեմահարթակ 60 հանդիսատեսի համար: Ունենք նաև մեծ տարածք տանիքի տակ, որտեղ կարող են անցկացվել մշակութային բազում միջոցառումներ: Կարծում եմ՝ նման հետաքրքիր ֆորմատներով կկարողանանք երիտասարդներին բերել թատրոն: Դժվարը երիտասարդին առաջին անգամ թատրոն բերելն է:

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի

 

 

 

 

 

fastnews-ads-banner