Logo

«Սունդուկյանի թատրոնի բեմը ներծծված է Խորենի քրտինքի կաթիլներով». Սոս Սարգսյան

Հեղինակ
Նարինե Մելիքյան
15:58 / 01.04.2025Լուրեր
null

2025 թվականի ապրիլի 1-ին Խորեն Աբրահամյանը կդառնար 95 տարեկան: 1930 թվականին, երբ նա ծնվեց, հայրը՝ Բաբկեն Աբրահամյանը չհավատաց: Բոլորը կարծում էին, որ այդ լուրը ապրիլմեկյան կատակ է: Այնինչ ծնվել էր, ինչպես գերմանական թերթերը հետագայում գրեցին, «գերաստղը»։ Կինոյում նրա խաղընկերները, կյանքում՝ ընկերները՝ Կարեն Ջանիբեկյանն ու Սոս Սարգսյանը, տարիներ առաջ պատմել են սիրելի «Խորիկի» մասին: «Fast News Culture»-ն առանձնացրել է ամենահետաքրքիր պատմությունները: 

«Ես ու Խորենը խաղում էինք թատրոնում: Ես 15 տարեկան էի, նա՝ 22: Էդ տղան այնքան գեղեցիկ մարմին ուներ, իսկական աժդահա էր, ես էլ կողքը իսկական ճլեզ էի: Նրա ամենասիրելի զբաղմունքներից մեկն ինձ «ջարդելն էր»: Մարմնով հենվում էր վրաս ու ասում՝ «Դե դիմադրի»: Հազիվ էի տակից դուրս գալիս»: (Կարեն Ջանիբեկյան)

«Խորիկը մի «Նիվա» ուներ, որով էստեղ-էնտեղ էինք գնում: Մի օր ինքը, ես, Ռուդոլֆ Ղևոնդյանն ու Հովակ Գալոյանը նստեցինք էդ «Նիվան» ու գնացինք Լոռվա գյուղերից մեկը՝ մասնակցելու «Տերը» ֆիլմի նկարահանումներին: Ճանապարհին մի գետ պետք է անցնեինք: Էս «Նիվան» մտավ ջուրը թե չէ՝ մնաց մեջը, առաջ չէր շարժվում, Խորենն էլ չէր կարողանում ջրից դուրս հանել մեզ: Վերջը մենք ինքներս դուրս եկանք մեքենայից, մի քիչ դեսից-դենից խոսեցինք, մինչև եկան մեր հետևից»: (Կարեն Ջանիբեկյան)

«Խորենը շատ ֆիքստուլ էր, մտնում էր բուֆետ՝ խոշոր փողով, ռուբլին գցում էր, ասում էին՝ «Մանր չունենք», էլի էր գցում ու էլի՝ խոշոր փող, ու էդպես շարունակ»: (Կարեն Ջանիբեկյան)

«Պարզ երկինք, ու հանկարծ կայծակի պայթյուն: Խորենի մահվան բոթը: Պանթեոնը այսօր հարստացավ, աղքատացավ մեր թատերական աշխարհը: Սիրելի ժողովուրդ, ես հասկանում եմ, որ պետք է խոսեմ, եթե ոչ՝ ես, ապա էլ ո՞վ: Չգիտեմ, կկարողանա՞մ փոխանցել Ձեզ այն զգացմունքներն ու մտքերը, որ վերապրում եմ: Մարդ էր՝ հազար ու մի թերություններով, բայց երբ հեռանում է մեզնից, ամեն ինչ բյուրեղանում է: Աչքիդ առաջ կանգնում է մի հսկա, մի վիթխարի արվեստագետ: Ամեն մի ժողովուրդ կերազեր ունենալ Խորեն Աբրահամյան: Ամեն մի ժողովուրդ կհպարտանար Խորեն Աբրահամյանով: Մենք, ցավոք սրտի, մարդու կենդանության օրոք այնքան էլ լավ չենք հասկանում՝ ով է ապրում մեր կողքին: Գանգատվեց առողջությունից: Ասացի. «Խորիկ ջա՜ն, համը չհանես: Ըստ տարիքի, հերթով: Կսպասես ինձ ճամփու կդնես, հետո դու գիտես»: Խախտեց մեր պայմանը: (Սոս Սարգսյան)

«Չգիտեմ ուրիշ դերասանի, որ այդքան խոր հարգեր ինքն իր տաղանդը: Հայերս բոլորս տաղանդավոր ենք, բայց հազվագյուտ են պատահում այնպիսիք, ինչպիսին Խորենն է: Նա հասկանում էր, որ բնությունն իրեն տվել է, իր համար չի տվել, այլ տվել է ժողովրդի համար մի ամբողջ կյանք: Ծառայություն էր: Անդադրում գաղափարներ, անդադրում գործ: Մի օր բաժանվում էինք երեկոյան, հպարտությամբ, մի քիչ էլ գոռոզությամբ ինձ ասաց. «Այսօր 16 ժամ աշխատել եմ»: Էդպես էր: Աշխատող էր: Սունդուկյանի թատրոնի բեմը ներծծված է Խորենի քրտինքի կաթիլներով: Հանճարեղ դերասան էր ինձ համար Վերջերս ներկայացում նայեցի իր կատարմամբ: Ասաց «Հը՞»: Ասացի. «Քո արվեստից այդպես էլ չկշտացա»: Ասաց. «Չեմ թողնելու, որ կշտանաս»: (Սոս Սարգսյան)

«Առնական արվեստ, տղամարդուն վայել արվեստ: Բարին հաստատող, մարդկություն, հայրենասիրություն հաստատող արվեստ և ոչ թե հենց այնպես՝ արվեստ արվեստի համար: Ինչ էլ որ աներ, գիտեր՝ ինչի համար է անում, գիտեր՝ ինչ է ուզում ասել:
Խորիկ ջան, լավ չարիր: Դու միշտ ասում էիր, որ մենք փոքրաթիվ ենք որպես ազգ, բայց ծնում ենք համաշխարհային մեծություններ: Իհարկե, այսօր էլ հայտնի է դառնում, որ այդ մեծերից մեկը դու ես: Գնա՜ս բարով, մեծ դերասան, գնա՜ս բարով, մեծ արվեստագետ, զարմանալի հայ, գնա՜ս բարով, իմ սիրելի ընկեր:
Ամեն մի մեծ դերասանի հուղարկավորություն դառնում է ներկայացում: Այսօր Խորենը մասնակցեց իր վերջին ներկայացմանը»: (Սոս Սարգսյան)

Աղբյուրներ՝ «Aysor.am», Խորեն Աբրահամյան

fastnews-ads-banner