Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։
1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։
Բեմի և էկրանին զուգահեռ՝ նա մեծ ներդրում ունեցավ հայկական թատրոնի զարգացման գործում։ 1991 թվականին հիմնեց «Համազգային» թատրոնը, որը դարձավ անկախ Հայաստանի նոր մշակութային խորհրդանիշներից։ 1997-2006 թվականներին ղեկավարել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ կրթելով նոր սերունդների դերասանների և ռեժիսորների։
Հայ կինոյի Նահապետը
Նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Գիքոր», «Սոլյարիս» և այլն:
Ասում են՝ «Գիքորի» նկարահանման ժամանակ Սոս Սարգսյանը պնդել է, որ Գիքորի հերոսը պետք է Դսեղից լինի։ Նա ինքն է ընտրել դերակատար Ալբերտ Ղուլինյանին՝ խորը, պարզ, անկեղծ աչքերով տղային։ Նրան հենց սկզբից էր հավանել։
«Նահապետ» ֆիլմը ճակատագրական էր դերասանի համար։ Պրեմիերայից հետո նրան սկսեցին անվանել Հայ կինոյի Նահապետ։
Հայ կինոյի Նահապետը կյանքից հեռացավ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։ Արտիստներին ընդունված է ծափահարություններով ճանապարհել։ Սոս Սարգսյանին մեկուկես ժամ ձեռքերի վրա էին տանում Օպերայից Կոմիտասի անվան պանթեոն։
Ու մեկուկես ժամ ծափահարությունները չէին դադարում, իսկ դին տեղափոխող մեքենան այդպես էլ պետք չեկավ։

