Logo

Սուպերհերոսների աշխարհի հրեշները. ինչպիսի՞ն էր գայլամարդու մասին Marvel-ի առաջին սփեշլը 

Հեղինակ
Արման Գասպարյան
17:04 / 14.10.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

2008-ին ստեղծված Մարվելի կինեմատոգրաֆիկ տիեզերքը (Marvel Cinematic Universe) չորրորդ ֆազայում սկսել է ակնհայտորեն արգելակել։ Նախորդ երեք ֆազաներում առկա սուպերհերոսական մեծ խումբը` Վրիժառուները (Avengers), այլևս ակտուալ չէ, իսկ մինչ նոր խմբի ձևավորումը, գործ ունենք փոփոխական հաջողությամբ սոլո նախագծերի ու է՛լ ավելի ոչ միանշանակ սերիալների հետ։ Վերջիններս ավելի շատ զբաղված են հասարակական օրակարգեր թելադրելով, քան հետաքրքիր պատմություն պատմելով, ինչն էլ առաջացնում է երկրպագուների դժգոհությունը։

Այս իրավիճակում Marvel-ի ղեկավարության որոշումը` դիմել հատուկ հեռուստատեսային (տվյալ դեպքում` սթրիմինգային) թողարկման ձևաչափին, ինչն ավելի բազմազան կդարձնի ընկերության ֆիլմադարանը, լիովին արդարացված էր։ Հոկտեմբերի 7-ին Disney + սթրիմինգային ծառայությունով ցուցադրվեց «Գիշերային մարդագայլը» (Werewolf by Night) հատուկ թողարկումը, որը թե՛ ոճային, ու թե՛ պատմության առումով արմատապես տարբերվում է այն ամենից, ինչ մինչ օրս ցուցադրվել է MCU-ի շրջանակում։ Մենք դիտել ենք էպիզոդն ու կիսվում ենք տպավորություններով։ 


Գիշերային մարդագայլի մասին Marvel-ի կոմիքսն առաջին անգամ հրատարակվեց 1953-ին, սակայն միայն գրեթե 20 տարի անց` 1972-ին, կերպարը դարձավ լիարժեք կոմիքսային հերոս` ոգեշնչված 1941-ի The Wolf Man դասական սարսափ ֆիլմից։ Գլխավոր հերոս Ջեք Ռասելը, որն ամեն լիալուսնի ժամանակ վերածվում էր մարդագայլի, կոմիքսների էջերում մնաց ընդհուպ 2009 թվականը, իսկ 2020-ին հայտնվեց Գիշերային մարդագայլի նոր ալտեր-էգոն` Ջեյք Գոմեսը։ 

Հաշվի առնելով կերպարի պոպուլյարությունը` Marvel-ը փորձել էր այն էկրանավորել դեռ մինչ Disney-ի կողմից գնվելը։ 2005-ին փորձն ավարտվեց անհաջողությամբ, իսկ MCU-ի ձևավորումից հետո կերպարը մղվեց հետին պլան՝ որպես պահուստային տարբերակ։ Ու 2022-ին, երբ բոլոր կենտրոնական սուպերհերոսներն արդեն իրենցն ասել են ու, եթե արդար լինենք, մի փոքր հոգնեցրել, «նոր արյունն», ի դեմս մարվելյան մարդագայլի, հայտնվեց ճիշտ ժամանակին։ 

«Գիշերային մարդագայլը» հատուկ թողարկումն օսկարակիր կոմպոզիտոր Մայքլ Ջակինոյի առաջին ռեժիսորական աշխատանքը չէ, սակայն ամենածանրակշիռն է։ Մոտ մեկ ժամ տևող պատմությունը պատմելու համար Ջակինոն դիմում է բազում հետաքրքիր կինեմատոգրաֆիկ հնարքների` ֆիլմն առավել դինամիկ, մթնոլորտն էլ` աուտենտիկ դարձնելու համար։ 

Ինչպես գիտենք, Մարվելի կինեմատոգրաֆիկ տիեզերքում կան թե՛ սուպերհերոսներ, ու թե՛ հրեշներ։ Վերջիններիս դեմ պայքարում են ոչ միայն սուպերհերոսները, այլև` առավել մասնագիտացած որսորդները, որոնց առաջնորդի` Ուլիս Բլադսթոունի մահվանից հետո աշխարհի տարբեր ծայրերից ժամանած որսորդները պետք է մրցեն` նոր առաջնորդի անունն ու Բլադսթոունի ռելիկվիայի նոր տիրոջ անունը պարզելու համար։ Բայց, ինչպես միշտ, իրադարձությունները կծավալվեն ոչ այնպես, ինչպես պլանավորվում էր։ 

Ջակինոն նույնպես ոգեշնչվում է 1940-1950-ականների դասական հորրորներով, ու դրա մասին են վկայում ոչ միայն ֆիլմը սև ու սպիտակ գունային գամմայում նկարելու որոշումը, այլև` կադրերի կառուցվածքը, խոշոր կադրերի առատությունը, ստվերները որպես կադրի դինամիկ օբյեկտներ օգտագործելը, ֆոնային երաժշտությունը որպես պատման ակտիվ մաս կիրառելը, ինչպես նաև դերասանների` միտումնավոր պրետենցիոզ, մի փոքր չափազանցված խաղը։ Սա ստեղծում է այն անհրաժեշտ մթնոլորտը, որում լրիվ ժամանակակից հերոսները կարող են փոխազդել, այդ թվում` կրկին ժամանակակից ու հնարամիտ էքշն դրվագների միջոցով։ Սա ստեղծում է հնի ու նորի այնպիսի օրգանական խառնուրդ, որ արհեստածին, վանող ու անկայուն, բռնի ձուլման տպավորություն չի առաջանում և ոչ մի վայրկյան։ Կարճատև պատմությունը սկսվում է հասկանալի ու մթնոլորտային մուտքով և ավարտվում, չնայած կանխատեսելի, սակայն դրանից ոչ պակաս տպավորիչ թվիստով. այս ամենը համեմված է լավ բեմադրված ու Մարվելին ոչ հատուկ արյունալի էքշնով ու սասփենսով։ 

«Գիշերային մարդագայլն» ակնհայտորեն ցույց է տալիս, թե ո՛ր ուղղությամբ պետք է շարժվի MCU-ն վերջին ժամանակների ստագնացիան հաղթահարելու համար։ Տիեզերքի ընդլայնումն անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն ընդհանուր սյուժետային հոսքի մեջ տեղավորվող, այլև օրիգինալ և հետաքրքիր լուծումներով մատուցված պատմությունների միջոցով։ 

Կարող եք կարդալ նաև՝

Երբ ավարը դառնում է որսորդ... ու հակառակը. «Ավար» ֆանտաստիկ թրիլլերը վերակենդանացնում է այլմոլորակային որսորդի մասին ֆրանշիզը

fastnews-ads-banner