Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը վավերագրական ֆիլմ է նկարահանում Դոնբասի իրադարձությունների մասին. այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Սթիվեն Սիգալը վավերագրական ֆիլմ է նկարահանում Դոնբասի պատերազմի մասին: Այսօր նա Ելենովկայի քննչական մեկուսարանում զրուցել է ռազմագերիների հետ։ Գրոհայիններից ոմանք վերջերս այնտեղ սպանվել են ուկրաինական զինված կազմավորումների թիրախային հրթիռային հարձակման հետևանքով»,- գրել է նա։
Ավելի վաղ այկիդոյի վարպետ, ՌԴ քաղաքացիություն ստացած Սթիվեն Սիգալն այցելել էր Ելենովկայում ավերված կալանավայր։
Հուլիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները կրակել են Ելենովկայի քննչական մեկուսարանի ուղղությամբ։ Նախարարությունը պնդում է, որ հարվածն իրականացրել է ամերիկյան HIMARS հրթիռային համակարգը։ Կալանավայրում պահվել են գերեվարված ուկրաինացի զինծառայողները, մասնավորապես՝ «Ազով» գումարտակի մարտիկները (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում)։ Արդյունքում սպանվել է 50 ռազմագերի, ևս 73-ը վիրավորվել են։


