2023 թվականի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում նախատեսված էր Սնուփ Դոգի համերգը։ Ամերիկացի ռեփերի մոտ 6 մլն դոլարանոց համերգը հետաձգվեց Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով։ Անցել է ավելի քան 1 տարի, սակայն մինչև օրս հայտնի չէ՝ երբ կկայանա համերգը։ Թեմայի վերաբերյալ «Panorama.am»-ը զրուցել է Դանիել Դանիելյանի հետ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ համերգը կազմակերպող «Դոպինգ Սփեյս» ընկերությունը բանակցում է միջոցառման հստակ ժամկետի վերաբերյալ։ «Համերգի անցկացման վերաբերյալ հստակ ժամկետ դեռ չկա։ Չեղարկման դեպքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս»-ի կնքած ՄՇԴ-335-2023 պայմանագրով սահմանված գումարը (2.3 մլրդ դրամ) պետք է վերադարձվի ՀՀ բյուջե, ինչպես նաև պետք է ապահովվեն պայմանագրով սահմանված մյուս պահանջները», - նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է նաև «Դոպինգ Սփեյս» ընկերության հետ կնքած պայմանագիրն ու պահանջների վերաբերյալ համաձայնագիրը։