Logo

Սիրո երգիչ Սայաթ-Նովայի ծննդյան տարեդարձն է

10:06 / 14.06.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։ Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

  • Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե։
  • Դուն էն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի անի։
  • Ամեն մարթ չի կանա խըմե՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է․Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
  • Սերըն սեր կու բերե։
  • Աշխարհումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա, Անմահական ջըրով լիքն ոսկե փընջան իս ինձ ամա։

Դպրոցական ու բուհական ծրագրերում գերակշռում է Սայաթ-Նովայի եւ վրաց Հերակլ Երկրորդ արքայի քրոջ՝ Աննայի սիրո վարկածը: Գեորգի Ախվերդյանը Թիֆլիսի հին թաղերում հարցուփորձ անելիս ծերունիներից նման անուն չի լսել: Վարկածն ի հայտ է եկել խորհրդային տարիներին: «Աղքատը սիրեց արքայադստերը» պատմությունն այդ տարիների ստեղծագործություններում տասնյակ անգամներ է հանդիպում: Թիֆլիսի ծերունիներից ոմանք բերնեբերան լսել են միայն, որ կար Դալիթա անունով մի հույն աղջիկ, ում Սայաթ-Նովան խաղեր էր նվիրում: Թուրքերեն խաղերից մեկում բանաստեղծը գրում է. «Մի գովական շեկ հույն աղջիկ ինձ դիվադադար արեց»:

Տարածված կեղծիք կա, որ Սայաթ-Նովային բռնի հոգեւորական են դարձրել Աննա Բատոնաշվիլու հետ ունեցած սիրավեպի պատճառով: Մինչդեռ նա միշտ էլ կապ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Փոքր հասակում երգել է եկեղեցական երգչախմբերում, այնուհետեւ տարբեր աստիճաններով ծառայել եկեղեցում: Կյանքի վերջին շրջանում ապրել է Հաղպատի վանքում:

Սայաթ-Նովան իր երգերում գովաբանում է կնոջ գեղեցկությունը, արտաքին գրավչությունն ու բնավորության տարբեր գծերը: Թե ո՞վ էր աշուղի մուսան, դեռ ոչ ոք մինչեւ վերջ չի ապացուցել: Հայտնի է միայն, որ  Սայաթ-Նովան պարսիկ սուֆիների հետեւորդ էր: Դա երեւում է նաեւ բանաստեղծի տաղաչափական հանգերից ու գրական լեզվից:

Ըստ Սայաթ-Նովայի կենսագիր Գեորգի Ախվերդյանի՝ աշուղը Թի‎ֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ՝ 1795-ին: Այդ ժամանակ Սայաթ-Նովան 80-82 տարեկան ծերունի էր եւ հազիվ թե զենք բռներ ու կռվեր պարսից զորքերի դեմ: Վրացական աղբյուրներում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Իոնե Խելաշվիլի անունով մի աբեղա Էջմիածնից Թի‎ֆլիս վերադառնալիս Հաղպատի վանքում հյուընկալվում է ծերունի Սայաթ-Նովային: Դեպքը վերագրվում է 1800 թվականին: Հետեւաբար, կասկածելի է նաեւ Թիֆլիսի պատերի տակ զոհվելու վարկածը:

fastnews-ads-banner