Logo

Սիմֆոնիկ նվագախումբն ու Ջեյսոն Դերուլոն ազդարարեցին «WCIT»-ի մեկնարկը

20:00 / 06.10.2024Լուրեր
Բացառիկ
null

Հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում կայացավ «WCIT» նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի բացման շքեղ արարողությունը: Համերգային ծրագրի հաղորդավարի դերում «Hoory AI» օգնականն էր: Նա էր ներկայացնում երեկոյի մասնակիցներին։ Ելութներն ուղեկցվեցին արհեստական բանականության գեներացրած վիզուալ  պատկերներով։ Ի դեպ, այս տարի համաժողովի հիմնական թեման արհեստական բանականությունն ու դրա ընձեռած լայն հնարավորություններն են։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախումբը ներկայացավ առցանց ռեժիմում արհեստական բանականության ինտեգրած երաժշտությամբ։ «Նախորդ «WCIT»-ի համերգին արդեն ելույթ ենք ունեցել արհեստական բանականության ինտեգրած երաժշտությամբ: Այդ նախաձեռնությունը հանդիսատեսը խանդավառությամբ ընդունեց: Որոշեցինք այս անգամ ևս նման ելույթ ծրագրել: Ուրախալի է, որ տեխնոլոգիական այս  օրերին կարևորվում է նաև երաժշտությունը: Աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդիկ հնարավորություն են ունենում ականատես լինելու նման նախաձեռնության», - «Fast News Culture»ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը: 

Երեկոյի ավարտին շքեղ երաժշտական շոուն շարունակեց ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և պարող Ջեյսոն Դերուլոն։ 2009 թվականին իր անհատական երաժշտական կարիերան սկսելուց ի վեր Ջեյսոնն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 30 միլիոն սինգլ:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի և Նարինե Մելիքյանի

Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի

fastnews-ads-banner