«Կյանքն այն չէ, թե որքան ուժգին դու կարող ես հարվածել, այլ այն, թե քանի հարվածի կդիմակայես ու կշարունակես առաջ շարժվել: Մի՛ խոսիր քո երազանքների մասին. գնա՛ դրանց հետևից»:
Սիլվեստր Ստալոնե, նույն ինքը՝ Ռեմբո, Ռոքի:
Քչերը գիտեն, որ փոքր տարիքում Ստալոնեին շատերը համարում էին մտավոր թերզարգացած: Դպրոցական տարիներին դասընկերները մշտապես ծաղրում էին նրան: Մինչդեռ սպորտը նրան օգնեց հաղթահարել բոլոր վիրավորանքներն ու իր շուրջը ձևավորված բացասական էներգետիկան և դառնալ եզակի ու անկրկնելի Ռոքի: Այսօր համաշխարհային լեգենդը 77 տարեկան է. կանոնավոր վարժություններն ու առողջ սնունդն օգնում են նրան պահպանել կազմվածքը և առողջ տեսքը:
Սիլվեստր Ստալոնեի սպորտային ճանապարհն ամենևին էլ դյուրին չի եղել: Իր առաջին մարզումները համաշխարհային լեգենդը սկսել է քաղաքային աղբավայրում: Նա գտնում էր ավտոմեքենաների ծանր մասեր, շինարարական այլ դետալներ, որոնց օգնությամբ էլ մարզում էր ձեռքի մկանները: Նախքան դերասանական կարիերան՝ Ստալոնեն որոշ ժամանակ աշխատել է կենդանաբանական այգում: Այստեղ մաքրում էր կենդանիների վանդակները. դա նույնպես նա համարում էր սպորտային ծանրաբեռնվածություն:
Նրա դերերը՝ սկսած Ռոմբոյից և Ռոքիից մինչև Բառնի Ռոս՝ «Անակասելիները» ֆիլմում, պահանջում էին լավ ֆիզիկական վիճակ:
Օրինակ՝ Ռոքի 3-ին պատրաստվելը Սիլվեստրի համար ամենադժվարիններից էր. նա օրը սկսում էր 3 կիլոմետր վազքով, 18 ռաունդ սպարինգով, այնուհետև՝ երկու ժամ ուժային մարզումներ, և ավարտում էր ևս մեկ վազքով:
Ստալոնեի սննդակարգի հիմնական կանոններից մեկն ամեն օր ջուր խմելն է: Դերասանի օրը սկսվում է առավոտյան ժամը 7:30-ին: Նա ընդունում է ամինաթթուներ և նախաճաշում։ Օրինակ՝ 2 ձու, 4 թուզ , տապակած հաց՝ պատրաստված խոշոր տարեկանի ալյուրից։ Առավոտյան իննին Ստալոնեն իր առաջին մարզումն է կատարում մարզասրահում: Նա ճաշում է 12:30-ի սահմաններում։ Օրվա երկրորդ կեսը նվիրում է գործերին։ Ընթրիքին կարող է տապակած ձուկ, աղցան, սպանախ և մի քանի կտոր մուգ հաց ուտել: Դերասանը վստահեցնում է՝ սնվելը ուղղակիորեն կապ ունի ինքնազգացողության հետ:
«Կյանքը կտապալի ձեզ, երբեմն՝ նորից ու նորից: Բայց դուք պետք է վեր կենաք և շարունակեք շարժվել: Չկան արդարացումներ, չկան սխալներ, միայն սովորել: Դուք կարող եք ստեղծել այն, ինչ ցանկանում եք, բայց դուք պետք է 100% պատասխանատվություն ստանձնեք ձեր կյանքի համար և երբեք չընդունեք մերժումը որպես պատասխան». Սիլվեստր Ստալոնե: