Հունվարի 20-ին լրացավ ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 106-ամյակը:
Օրը նշանավորվեց պանթեոն այցելությամբ: Կապուտիկյանի ոգեղեն հզոր դաշտում խնկարկվեց նրա հիշատակը: Տուն-թանգարանում բացվեց «Ժանյակը՝ Կարեն Եփփե վարժարանի հիշատակություն» ցուցահանդեսը, որի հեղինակը վարժարանի սանուհի Թագուհի Մելքոնյանն է:
ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆԸ՝ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Կարծում եմ` անարդարացի չի լինի, եթե ասենք. ոչ մի ուրիշ հայ գրողի ձայն այսօր այնպիսի լայն արձագանք և ազդեցության ուժ չունի, ինչպես Սիլվա Կապուտիկյանի ձայնը: Այդ ձայնը միշտ հնչում է արդարության ու հայրենասիրության դիրքերից, նրա մեջ միշտ միաձուլվում են առնական ուժն ու քնքշությունը, վարակիչ զգացումն ու բանական սթափությունը, գնահատման ազգային և համամարդկային չափաիշները:
* * *
ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
Հայաստանի ժողովրդին և նրա հոգսերը շատ-շատերը ճանաչում են Կապուտիկյանի միջոցով, հավատում են նրա խոսքին և նրա գնահատականներին: Այդ վստահությունը նա վաստակել է իր ազնիվ բանաստեղծական խոսքով, որը միշտ եղել է ծայրաստիճան անկեղծ և ճշմարտացի: Վաստակել է իր գրական և հասարակական անդադրում գործունեությամբ, որն արտահայտվել է ժողովրդի կյանքի բոլոր լարված, շրջադարձային պահերին իր բերած ակտիվ և անձնազոհ մասնակցությամբ: Երբեք չընկրնելով նույնիսկ պաշտոնատար և զորավոր անունների առջև, նա համարձակորեն հանդես է գալիս հին և վնասակար ըմբռնումների ու նրանց կրողների դեմ, պաշտպանում է արդարության և բանաստեղծության իրավունքները:
Այդ բոլորի ինչքա՜ն շատ օրինակներ տվեց Կապուտիկյանը 1988 թվականին, հատկապես ղարաբաղյան շարժման դրամատիկ ելևէջների ժամանակ:
Կանցնեն տարիներ, մեր օրերը պատմություն կդառնան, և սերունդները ավելի խոր կհասկանան և արժանի կմատուցեն այն ամենի համար, ինչ անում է Սիլվան հարազատ ժողովրդի ներկայի և ապագայի համար: Միշտ լինել ժողովրդի հետ, խոսել ժողովրդի լեզվով և գործել ժողովրդի համար,- այս է նրա գերագույն նշանաբանը: Եվ ժողովրդի սերը, ճանաչումն ու երախտագիտությունը, որը նա լիուլի վաստակել է, նրա բարձրագույն վարձատրությունն է: