Դեկտեմբերի 1-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» բալետային ներկայացման համաշխարհային պրեմիերան՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի հիման վրա: Ներկայացման բալետմեյստերն է Արա Ասատուրյանը, իսկ գեղարվեստական գաղափարի հեղինակը՝ Նարինե Գրիգորյանը:
VNewsCulture-ը պրեմիերայից առաջ զրուցել է բալետային թատերախմբի առաջատար մենապարող, «Ձգողականություն» ներկայացման մեջ վանահոր կերպարը մարմնավորող Սևակ Ավետիսյանի հետ:
Սևակ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Դու բալետային թատերախմբի առաջատար մենապարող ես, ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր: Կոչումները քեզ բեմում ծանրացնո՞ւմ են:
-Չէի ասի, որ ծանրացնում եմ: Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ կոչումներն ինձ չեն փոխում: Իհարկե, լինում են վայրեր, հավաքույթներ, երբ լավ եմ ինձ զգում, որ վաստակավոր արտիստ եմ: Ներքուստ ուրախանում եմ, հպարտանում, բայց երբեք ցույց չեմ տալիս:
Քեզ վստահություն հաղորդո՞ւմ են կոչումներդ:
-Որոշ չափով՝ այո:
Իսկ փորձերի՞ն:
-Չէ, երբեք:

Պատահո՞ւմ է, երբ փորձավարը կամ ուսուցիչները քեզ որևէ նկատողություն են անում կամ պարիդ, շարժումներիդ մասով քննադատում: Չե՞ս ասում՝ մի րոպե, ես վաստակավոր արտիստ եմ, առաջատար մենապարող:
-Վայ, երբեք: Եթե իմ փորձավարն ինձ նկատողություն է անում, դա տեղին է, ու ես համարում եմ, որ ճիշտ է: Հարգանքը միշտ պետք է լինի:
Ունե՞ս սկզբունքներ քո մասնագիտության մեջ:
-Ամենակարևոր սկզբունքը պարտաճանաչությունն է, սիրով անես, որ ստացվի: Դե, իհարկե, լինում են դեպքեր, երբ գլուխ ես պահում, օր է լինում` փորձի տրամադրություն չես ունենում, բայց եթե գալիս ես, մտնում ես դահլիճ, մասիկները հագնում՝ ուրեմն կա՛մ պետք է աշխատես, կա՛մ ոչ: Կիսատություն չպետք է լինի: Սա իմ ամենակարևոր սկզբունքն է աշխատանքում:
Գոհ լինո՞ւմ ես քո պարից:
-Միշտ դժգոհ եմ, ինձ թվում է՝ ցանկացած պարող պետք է գոհ չլինի: Որովհետև, երբ ներկայացումից հետո վերլուծում ես, հասկանում ես, որ կարող էիր ավելի լավ անել, կամ այլ ձևով անել: Երբեմն ներկայացումների ընդմիջմանն ինքս ինձ ասում եմ՝ «Ինչի՞ էստեղ սա արեցի, ինչի՞ էնպես արեցի»: Այդ դժգոհությունը միշտ ինձ մոտ կա: Իհարկե, կան օրեր, երբ զգում եմ, որ լավ եմ պարել, բայց երբեք չեմ արտահայտվում, ասեմ՝ «վաայ, տեսա՞ք՝ ես ինչ արեցի, ոնց պարեցի»:
Դա խոսում է քո համեստ տեսակի մասի՞ն:
-Չգիտեմ, բնավորություն է: Ես միշտ թողնում եմ, որ հանդիսատեսն իր ծափահարությունով արձագանքի՝ լավ էր, թե վատ, ու իհարկե, լսում եմ մանկավարժի խորհուրդները, քննադատությունները:

Ընդունո՞ւմ ես քննադատությունը:
-Միանշանակ: Եթե արտիստը չընդունի քննադատությունն ու չաշխատի դրա վրա՝ կենսագրություն չի ունենա: Արտիստը պարտավոր է լսել իր մանկավարժին, փորձավարին:
Ամենասուր քննադատությունը ո՞րն է եղել, որ լսել ես քո պարի հասցեին:
-Երբ տասնյոթ տարեկան էի ու արդեն պարում էի թատրոնում, շարժումները ստացվում էին, բայց դերասանական վարպետությանը լավ չէի տիրապետում: Ու յուրաքանչյուր ներկայացումից հետո փորձավարն ասում էր, որ պարը վատ չէր, բայց դերասանականը վատ էր: Ես էլ էի զգում, որ դեռ չկա դերասանական վարպետություն: Ու ես պայքարում էի, ամեն անգամ նեղվում էի, որ չէր ստացվում: Ու մի օր «Սպարտակ»-ի բեմադրությունն էր՝ գլադիատորների մարտի տեսարանը, երբ սաղավարտով ենք ու չենք տեսնում, թե շուրջը ինչ է կատարվում, ու աչքերը փակ պետք է կռվենք, որ մեզ չսպանեն: Քեզ հետ պատահե՞լ է, որ մեկը ինչ-որ բան ասի ու այդ խոսքերը քո միջով անցնեն: Ինձ հետ պատահել է: Ռուս փորձավարն ասաց՝ «Մի՛ մտածեք, որ ձեր գլխին սաղավարտ է ու ոնց ուզեք՝ կշարժվեք: Պատկերացրեք՝ աչքերդ փակ է, ու դու այնպես պետք է ման գաս ու կռվես, որ քեզ չսպանեն»: Այդ բառերը ես ուրիշ ձև ընկալեցի ու սկսեցի փորձավարի խորհրդի պես շարժվել, կռվել: Ու ստացվեց: Գլադիատորների մարտի փորձից հետո, ես սկսեցի քիչ-քիչ դերասանական հմտություններ ձեռք բերել: Ու հենց «Սպարտակ»-ով իմ դերասանական խաղը բացվեց:

«Սպարտակ» բալետ
Մի անգամ ասել ես, որ «Սպարտակը» քո ամենասիրելի դերն է, ու որքան քեզ առաջարկեն Սպարտակ պարել, երբեք չես մերժի:
-Բազմիցս եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ՝ շատ եմ սիրում «Սպարտակը»: Կերպարն ինձ շատ է ոգևորում: Սպարտակը մեծություն է, նրան այնքան են հավատում ու գնահատում, որ իր մի խոսքով հարյուրավորներն իր հետևից գնում են: Ներկայացման մեջ անելիքն էլ շատ է: 5 մենապար ունի հերոսը: «Սպարտակ»-ում տարբեր վիճակներ են, տարբեր զգացմունքներ: Մի տեղ մենամարտում ես, մի տեղ Ֆրիգիայի հետ սիրո տեսարան է, մի տեղ առաջնորդում ես: Շատ նուրբ տեղեր կան, որ պետք է մաքսիմալ ճիշտ կերտես, որ հասնի հանդիսատեսին:
Սպարտակն առաջնորդ է: Դժվար չէ՞ նրա կերպարը կերտել:
-Դժվար է, ու դա էլ է ինձ դուր գալիս: Կյանքում էլ եմ սիրում դժվարություններ հաղթահարել:

Կյանքում է՞լ ես առաջնորդ:
-Շատ դեպքեր են լինում, երբ թողնում եմ, որ մյուսը կարծիք հայտնի ու հասկանամ՝ արդյոք դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
Չի՞ խանգարում բնավորության այդ գիծը բալետում:
-Եղել են դեպքեր, երբ կարող էի ես լինել ուրիշի փոխարեն, կամ կարող էի ինչ-որ բան անել, որ ինձ համար լավ լիներ, բայց չեմ արել, և ուրիշի համար է լավ եղել: Դա, իհարկե, վատ է ինձ համար: Բայց դե բնավորության գիծ է:
Չե՞ս կարծում, որ բնավորության այդ գծի պատճառով բաց թողնված հնարավորություններն էլ շատ կլինեն:
-Շատ են եղել նման հնավորություններ: Բայց դե ես նման մարդ եմ, շատ անգամ աչք եմ փակում: Միշտ ասում եմ՝ «վերևում Աստված կա, ոնց էլ լինի, ինչ-որ մի օր լավ կլինի»:
«Սպարտակ» բալետ
Գո՞հ ես քո կարիերայից, նրան, ինչին հասել ես այսօր:
-Կարող էի ավելին: Բայց շատ գոհ եմ, որ ինչ-որ մեկով առաջ չեմ գնացել: Ես սիրում եմ մենակով պայքարել՝ արյունով, քրտինքով: Թեկուզ ուշ հասնեմ, բայց իմը լինի:
Դեկտեմբեր 1-ին «Ձգողականություն» ներկայացման պրեմիերան է, որտեղ դու մարմնավորում ես վանահոր կերպարը:
-Այո, սպասում եմ ու շատ ոգևորված եմ:

«Ձգողականություն»
Ինչո՞վ է առանձնանում այս ներկայացումը:
-Ներկայացումը ոչ թե դասական է, այլ ժամանակակից: Դեկորային լուծումներն են տարբերվող, լազերային լույսեր են օգտագործվելու: Բեմադրությունը շատ բարձր մակարդակի է: Արա Ասատուրյանը տաղանդավոր մարդ է, և ցանկացած երկիր կուզենար նման բեմադրող ունենալ իր թատրոնում: Շատ սիրուն հետաքրքիր մտքեր կան ու, անկեղծ ասեմ, անհամբեր սպասում եմ, թե ինչպես են դրանք ներկայացվելու բեմում: Շատ մեծ ոգևորություն է, ու շատ լավ եմ տրամադրված: Ուզում եմ, որ շատ լավ անցնի ներկայացումը:
Դու վանահոր կերպարն ես մարմնավորում: Ի՞նչ գծերով է առանձնանում քո կերպարը:
-Կյանքում չէի պատկերացնի, որ մի օր վանահոր դեր կմարմնավորեմ ու կկարողանամ այդ կերպարում լինել: Այդ գաղափարն ինձ ամենասկզբից շատ դուր եկավ: Իմ կերպարը շատ ձիգ, շատ ուժեղ ու լուրջ մարդ է: Իր խոսքը շատ մեզ ազդեցություն ունի վանականների վրա: Ինչպես Նարինե Գրիգորյանն է ասում՝ երբ վանահայրը մտնում է եկեղեցի, բոլորը ձգվում են նրա կերպարից: Հենց դա է ինձ ոգևորում, ու ես փորձում եմ ամեն ինչ անել վանահոր կերպարը ճիշտ մատուցելու համար: Վանահայրն առաջնորդ է:

Կերպարին նմանություններ ունե՞ս: Բնավորության, սկզբունքների, տեսակետների:
-Չեմ մտածել այդ ուղղությամբ: Բայց, երբ հագնում եմ վանահոր վեղարը, միանգամից դառնում եմ ուրիշ մարդ: Նույնիսկ ձեռքերիս մեջ զգում եմ փոփոխություն, փափկություն: Եթե շփվել եք, նկատած կլինեք, որ եկեղեցականների ձեռքերը յուրահատուկ են, ինչ-որ առանձնահատուկ փափկություն ունեն: Ա'յ, իմ ձեռքերն էլ են փափկում: Գործընկերներս, երբ ինձ տեսնում են վեղարով ու վանահոր մորուքով, ասում են, որ կերպարն ինձ շատ է սազում ու անգամ կատակով խորհուրդ են տալիս, որ փոխեմ մասնագիտությունս: Ես էլ միշտ կատակով ասում եմ, որ հենց պարը թողեցի, կգնամ եկեղեցի (Ծիծաղում է - Հեղ․):
Քո կերպարը լրջագույն երկընտրանքի առաջ է կանգնած․ մի կողմում սերն է ու անձնական երջանկությունը, մյուսում՝ հավատքն ու սկզբունքները:
-Այո, այդպես է: Ես մտածում եմ, որ բեմում հայացքով պետք է ցույց տալ վանահոր ապրումները, երբ տեսնում է իշխանուհուն, ում հանդեպ տարիներ առաջ զգացմունքներ է ունեցել ու հիմա էլ փորձում է փախչել, որ այդ զգացմունքը նորից չարթնանա: Անընդհատ մտքումս այդ տեսարանն է, թե ինչպես դիմախաղով ցույց տամ, որ վանահայրը մոտ չի գնում սիրելի կնոջը, բայց միաժամանակ չի էլ ուզում վանել:

Ըստ քեզ՝ ճի՞շտ է, երբ մարդ փախչում է իր սիրուց, անձնական երջանկությունից:
-Նայած դեպքերում: Եթե սերը եղել է, հետո կոտրվել, ու հասկանում ես, որ էլ երբեք քոնը չի լինելու, պետք է փախչել, որ նոր խնդիրների, նոր զգացողությունների առաջ չկանգնես։ Եթե քոնը չէ, ուրեմն՝ քոնը չէ:
Ըստ քեզ՝ վանահայրը դժբա՞խտ մարդ է, նա տառապո՞ւմ է:
-Ինձ թվում է՝ վանահայրը ոչ թե դժբախտ մարդ է, այլ հզոր առաջնորդ: Նա ունի նպատակ: Եկեղեցին կառուցել է ու հասկացել, որ սիրո եկեղեցի է, բայց ուզում է, որ Աստծո եկեղեցի լինի և, չնայելով ոչնչի, գնում է առաջ: Նա ամեն ինչ դնում է մի կողմ ու գնում է իր նպատակի հետևից:
Դու քո կյանքում այդպե՞ս կվարվեիր:
-Եթե գտնեի, որ դա է ճիշտ, իհարկե, այդպես կվարվեի: Ես կյանքում այդպիսին եմ: Եթե ինձ ասեն՝ մի՛ արա, սխալ է, բայց եթե ուզում եմ, որ դա այդպես լինի, ես չեմ լսի ու կանեմ այն, ինչ մտադրվել էի: Կապ չունի՝ լինի ծնող, կին, երեխա․․․ Եթե ես դա ուզում եմ, պետք է դրան գնամ:

Ի՞նչ է հավատքը քեզ համար:
-Լրիվ ուրիշ աշխարհ է: Երբ եկեղեցի եմ մտնում, ամբողջ մարմնով մի բուռ եմ դառնում: Կա մի ուժ, ու ես ամեն օր զգում եմ, թե որքան ուժեղ է իմ հավատքն առ Աստված: Ես գուցե ամեն կիրակի չգնամ եկեղեցի՝ պատարագի, բայց իմ մեջ հավատքը շատ ուժեղ է: Ցանկացած ներկայացումից առաջ կամ եթե որևէ նոր նախաձեռնություն ունեմ՝ Աստծո հետ խոսում եմ, ասում եմ՝ «Տե՛ր Աստված, եթե դու ճիշտ ես համարում, խնդրում եմ՝ առաջնորդի՛ր ինձ, իսկ եթե սխալ է՝ ճանապարհից շեղիր»: Աստված միշտ ինձ հետ է:
Երբևէ չի՞ հիասթափեցրել քեզ:
-Երբե՛ք: Մարդիկ կան, որ ասում են՝ եթե Աստված կա, բա ինչո՞ւ իմ խնդրանքը չի կատարում: Ուրեմն դա ճիշտ խնդրանք չէ: Նույնիսկ մայրս, երբ վատառողջ էր, ես ամեն օր աղոթում էի, ասում էի՝ «Տե՛ր Աստված, մեկ օր շուտ նրան լավացրու»: Բայց, երբ մորս տարավ իր մոտ, ուրեմն դա էր ճիշտը․․․ Ես համարում եմ, որ ոչ թե Աստված չկա, իմ խնդրանքը չարեց ու իմ ծնողն իմ կողքին չէ, այլ, ուրեմն ճիշտը դա է:
Աղոթքներումդ ովքե՞ր են: Ո՞ւմ համար ես աղոթում:
-Միայն իմ համար երբեք չեմ աղոթում: Եթե ներկայացում է, կուլիսներում՝ բեմ մտնելուց առաջ ասում եմ՝ «Տե՛ր Աստված, խնդրում եմ՝ ներկայացումը լավ անցնի, որ բոլորը լավ պարեն, որ պատվով դուրս գանք»: Իմ աղոթքներում միշտ խնդրում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի: Միշտ խնդրում եմ, որ իմ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին առողջութուն տա, իսկ ինձ համար միշտ ասում եմ՝ «Տե՛ր Աստված, որը ճիշտ ես գտնում, այդպես արա, ինձ ուղղորդի՛ր»:

Շատերը գտնում են, որ եթե Աստված է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, քո կյանքի շատ որոշումներ քո ձեռքում չեն, ու դու պատասխանատու չես քո կյանքի համար:
-Չէ, դո՛ւ ես քո կյանքի պատասխանատուն, ուղղակի քեզ հուշում է, որ այդ քայլին գնաս: Գիտեք, նման բան եմ նկատել իմ կյանքում, որ ներքին մի ուժ, ձայն կա, ու եթե այդ ձայնն ինձ ասում է՝ մի՛ գնա այդ քայլին, բայց ես գնում եմ, հետո հասկանում եմ, որ զուր եմ դա արել:
Բալետում է՞լ ես հայտնվել Աստծո ցանկությամբ:
-Այո, որովհետև ես սիրելով չեմ հայտնվել բալետում: Ես չհասկանալով եմ եկել Պարարվեստի ուսումնարան: Պարարվեստի ուսումնարան ընդունվելուց մեկ ամիս անց հայրիկիս ասացի՝ «Ե՞րբ եմ գնալու հետ՝ իմ դպրոց»: Հայրս ասաց, որ սա է իմ դպրոցն ու այստեղ պետք է սովորեմ: Առաջին մի քանի տարին մի կերպ, զոռով եմ գնացել: Բայց հետո, տարիքի հետ, երբ հասկացա, թե ուր եմ եկել՝ հասկացա, որ սա իմ կյանքի գիծն է, ու երևի թե Աստծո կամքն էր, որ պատահական գնացել եմ այս ուղով և հասել բարձունքի:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը
Կարող եք կարդալ նաև՝
Կարինա Շիկանյան․ Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ կփախչեի
Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը
Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ
Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»
Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ


