Logo

«Նույնիսկ ինքնասպանության միտք եմ ունեցել»․ Սարգիս Գրիգորյան

23:10 / 25.01.2025Լուրեր
null

Դերասան, հեռուստահաղորդավար և հանդիսավար Սարգիս Գրիգորյանը 2021-ին ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Սարգիսն ու Մանոն Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման ընթացքում խոսել են առաջին հանդիպման, կյանքի դժվարությունների, Սարգսի սթրեսային տարիների,  ամուր ընտանիք ունենալու և այլ թեմաների մասին։ 

Առաջին հանդիպումը

Մանո - Հանդիպել ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ընդունելության քննությանը։ Ինձ համար երազանք էր այդ ինստիտուտ ընդունվելը։ Հուզված սպասում էի իմ հերթին, երբ տեսա Սարգսին ու Արմուշին։ Նրանք շատ ուրախ էին, իսկ այդ ուրախությունն ազդում էր նյարդերիս։ Բացասական տպավորություն էր ստեղծվել ինձ մոտ։ Բեմական խոսքի և շարժման քննությունն էր։ Նրանք շատ ուրախ մտան լսարան, քննությունը հանձնեցին։ Դեռ գնահատականը չիմացած՝ շամպայն էին տրաքացնում։ Ասում էի՝ Աստված իմ, ովքեր են այս մարդիկ։ Ով իմանար, որ այդ տղամարդը հետագայում դառնալու է ամուսինս։

Հասմիկ (Մանոյի մայրը) - Սարգիսն ընդունվել էր անվճար և տոնում էր իր հաջողությունը։ Մանոն դեռ քննությունը չէր հանձնել։ Չգիտեինք՝ մեզ ինչ է սպասվում։ Այդ պատճառով էր նրանց ուրախությունը մեզ վրա ազդում։ Սարգսի քննությունը լսեցի, իր ձայնի խռպոտությունը տպավորվել էր։ Հետագայում շատ էր գալիս մեր տուն։ Այն ժամանակ բջջայիններ չկային։ Զանգահարում էր քաղաքային հեռախոսին, Մանոն հիմնականում տանը չէր լինում, ինձ հետ էր զրուցում։ Մի հետաքրքիր ֆրազ ուներ։ Երբ ասում էի՝ ինչ փոխանցեմ Մանոյին, ասում էր՝ աշխարհին խաղաղություն։

Սարգիս - Այդ տարիներին արվեստասեր երիտասարդ էի, ում համար «ծովը ծնկներից էր»՝ աղջիկներ, խմիչք, կիթառ։ Բայց որևէ աղջկա երբեք չեմ խաբել։ Ում հետ ընկերություն եմ արել, նրան պատկերացրել եմ որպես իմ կին։ Բոլորի հետ անկեղծ եմ եղել։ Շատ-շատ աղջիկներ են եղել իմ կյանքում։ Հայրս ասում էր՝ տղա ջան, երբ դու լրջանաս, գլուխս հանգիստ կդնեմ բարձին։ Չէի ասի՝ սխալներ եմ թույլ տվել, պարզապես կյանքի փորձ եմ ձեռք բերել։ 

Մանո - Ես ոչ միայն հետևում էի Սարգսի արկածներին, այլև նպաստում էի, որպեսի նա գտնի իր երջանկությունը։ Ժամանակի ընթացքում դարձել էինք շատ մտերիմ ընկերներ։ Պարբերաբար նրան ծանոթացնում էի ընկերուհիներիս հետ։ Այդ ժամանակ ես էլ էի սիրահարված, բայց Սարգիսն ասում էր՝ սխալ ընտրություն եմ կատարել։

Ամուսնալուծությունն ու դստեր հետ շփման ուղիները

Սարգիս - Աղջիկս 20 օրական էր, երբ ամուսնալուծվեցի։ Սթրեսային շրջան էր։ Չէի ուզում ոչ ոքի տեսնել, լսել։ Նույնիսկ ինքնասպանության մտքեր եմ ունեցել։ Այդքան ծանր եմ տարել։ Եվ հայտնվեց Մանոն։ Ամուսնության շրջանում նրա հետ կապ չունեի։ Մտածում էի՝ խանդի առիթ չտալ։ Նա էլ էր այդպես մտածում։ Բայց այդ բարդ շրջանում Մանոն միակն էր, ով ինձ «հետ բերեց»։ Այդ ժամանակ աչքերս բացվեցին ու հասկացա՝ նա այն մարդն է, ով կարողանում է ցանկացած իրավիճակում ինձ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց սիրահարվեցի։ Չկար պարտավորվածության զգացում։ Եթե այդպես լիներ, պետք է առաջին կուրսից ամուսնանայի Մանոյի հետ, քանի որ նա միշտ ինձ օգնել է, կոծկել է սխալներս։ Մենք երևի անգիտակցաբար սիրում էինք միմյանց դեռ ընկերության շրջանում։ 

Մանո - Սարգսի ամուսնալուծությունից հետո նա աղջկա հետ հանդիպելու ուղիներ էր փնտրում։ Ես՝ որպես ընկեր, զանգում էի նրա կնոջը, որ ասեի՝ պետք չէ նման կտրուկ քայլերի դիմել, բայց զանգերս մնում էին անպատասխան։ Չեմ արդարացնում Սարգսին, որովհետև ամուսնալուծություններում մեղավոր է 2 կողմը։ 

Սարգիս - Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ես շատ պատասխանատու մարդ եմ։ Երբ երեխաս ծնվեց, ինքս ինձ խոստացա, որ ամեն ինչ պետք է անեմ նրա համար։ Նա պետք է լինի ամենաերջանիկը։ Երբ ոչինչ չստացվեց, մտա սխալ դաշտ։ Կյանքն ինձ սկսել էր չհետաքրքրել։ Նախկին կնոջս հետ էլ «լեզու չէինք գտնում»։ Մանոն ու հայրս ինձ օգնեցին։ Հայրս այդ ժամանակ ծանր հիվանդ էր։ Ասաց՝ տղա ջան, աշխարհում ուժեղներին, հաջողակներին ու կայացածներին են սիրում։ Գնա՛, կայացի՛ր, ստեղծի՛ր, գտի՛ր, բարձրացի՛ր, հասի՛ր վերև ու աղջիկդ կգա քո հետևից։ Այդպես էլ եղավ։

Հարբեցողությունն ու Մանոյի օգնությունը 

Սարգիս - Ալկոհոլն ինձ բացարձակ չի օգնել։ Այն թմրանյութ է, որը քեզ խաբում է։ Այդ պահին խմում ես՝ քեզ լավ ես զգում, հաջորդ օրը՝ շատ վատ։ Ալկոհոլով չես կարող որևէ հարց լուծել։ Պետք է լինես սթափ ու հասկանաս, որ կյանքում ամենակարևորը առաջ գնալն է։ Այս և այլ հարցերում իմ փրկօղակը Մանոն էր։ 

Մանո - Աշխարհում ինձ համար ամենակարևոր բառերից մեկը «հասկանալն» է։ Սարգսին օգնեցի հասկանալով։ Հաճախ հետ եմ նայում ու մտածում, թե նման բարդ իրավիճակներում ինչպես եմ կարողացել տվյալ խնդիրը հանգիստ լուծել։ Երևի ինձ օգնել են համբերությունս և հասկանալու կարողությունս։ Կնոջ համար ամենակարևոր կետերից մեկն այն է, որ ոչ թե հակառակվես, այլ ստեղծես ճիշտ սիրո դաշտ, որ տղամարդը գա այդտեղ։ Կռիվն ու սխալները մատնանշելը որևէ լավ բանի չեն հանգեցնի։ Այնպես չէ, որ ամեն ինչի վրա «աչքերս փակել եմ»։ Պարզապես ասել եմ՝ գիտեմ, որ դու կարող ես, հաջորդ անգամ չես խմի, շուտ տուն կգաս, քեզ վայել չէ այս պահվածքը, մարդիկ քեզ ճանաչում են․․․

Սարգսի դստեր շփումը ներկա ընտանիքի հետ և կապը քույրերի հետ

Մանո - Նարեին շատ սիրում եմ։ Ջանք ու եռանդ չեմ խնայել նրա ու Սարգսի հարաբերությունների կարգավորման համար։ Ամուսնալուծությունից երեխան չպետք է տուժի։ Տղամարդը և կինը միմյանց չեն հասկանում, բայց նրանք շարունակում են մնալ ծնող։

Սարգիս - Եթե Մանոն չաշխատեր այդ ուղղությամբ, միջուցե մինչև օրս Նարեի հետ շատ վատ հարաբերություններ ունենայի։ 2-3 սկզբունքային հարցերում նա շատ կոշտ միջամտել է, որ վերադառնամ հայրական պարտականություններիս։ Ծննդյանս շնորհավորական տեսանյութում Նարեն ասաց՝ հպարտ եմ քեզնով։ Առանց Մանոյի չէի հասնի դրան։ Այս ամենի անունը «սեր» է։ Ամեն ինչի փրկօղակը սերն է։ Պիտի գնաս այնտեղ, որտեղ քեզ սիրում են։

Մանո - Ուղերձում Նարեն ընդունում է նաև հոր ընտանիքը։ Երբ նա տեսանյութն ինձ ուղարկեց, ասացի՝ բրավո՜, Նարե։ Իհարկե, դա նաև նրա մայրիկի շնորհիվ է, որ Նարեն կարողացել է ամեն ինչ ճիշտ գնահատել։ Մեր աղջիկներին ասել ենք՝ ունեք քույրիկ, ով մեր տանը չի ապրում, բայց ձեր արյունն է։ Այստեղ շատ մեծ է կնոջ դերը։ Դու պետք է նպաստես, որ այդ կապը լինի։ Մենք սիրում ենք Նարեին։ Նա Սարգսի աղջիկն է, Էվան ու Յանան էլ նրա քույրերն են։

Յանա - Ես 4 տարեկան էի, Էվան՝ 5, երբ ծանոթացանք Նարեի հետ։ Պապան ասաց, որ Նարեն քույրիկս է, ես էլ ընդունեցի։ Պապան ամեն ինչ արել է, որ մենք միմյանց հետ շփվենք։ Շաբաթը մեկ կամ երկու անգամ նա մեր տուն էր գալիս։ Մինչև հիմա շփվում ենք։

Էվա - Նարեին թե՛ դեմքով, թե՛ խարակտերով նմանեցնում եմ Յանային։ Իր մայրիկին չեմ ճանաչում, այդ պատճառով շատ հարցերում միայն պապային եմ նմանեցնում։

Սարգսի և Մանոյի նմանություններն ու տարբերությունները

Սարգիս - Շատ տարբեր ենք։ Ես շատ բռնկվող, էմոցիոնալ ու արագ որոշումներ կայացնող մարդ եմ։ Մանոն ավելի հանգիստ, հանդարտ և զուսպ է։ Իմ հակապատկերն է։ Շատ հետաքրքիր մի բնավորություն ունի։ Երբ ես ոգևորված որևէ բան եմ ասում, երբեք չի ասում, որ դեմ է, բայց իրականում դեմ է։ Թողնում է՝ այդ պահն անցնի, ես վայելեմ, հետո կամաց-կամաց հրաբուխը սառեցնում է։ Այսինքն՝ իմ մտքերն ու ցանկությունները երբեք չի կոտրում։

Մանո - Շատ կարևոր ևս մեկ կետ կա, երբ ընտանիքում երկուսն ունեն նոր երազանքներն ու սովորությունները։ Ամենակարևորը՝ մեր միջև մրցակցություն չկա։ Ես չեմ փորձում լինել ավելի լավը։ Ընդհակառակը՝ ինձ լավ եմ զգում, երբ Սարգիսն ինձնից մեկ քայլ առաջ է։ 

Հոգեբանին դիմելու պատճառները

Մանո - Յանան դեռահասության շրջանում է, ունեինք անհամաձայնություններ։ Հասկանում էի, որ ինքս չեմ կարողանում այդ խնդիրը կարգավորել։ Գտա շատ լավ հոգեբանի, ում ճիշտ խորհուրդների շնորհիվ մեր հարաբերությունները կարգավորվել են։ Չէի ասի ամբողջությամբ, բայց հուսամ անցումային տարիքից հետո դա էլ կլինի։ Մի պահ Սարգսի մոտ էլ խուճապ կար՝ կապված ԱՄՆ տեղափոխության հետ։ Նա ևս դիմեց հոգեբանի։ 

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

fastnews-ads-banner