Ռոզա Լինը հրապարակել է «Universe» երգի հնդկերեն տարբերակը՝ գործակցելով հնդիկ երաժիշտ Denny-ի հետ: «Radioandmusic.com»-ի հետ զրույցում Ռոզան նշել է, որ «Universe»-ն իր օրհներգն է՝ երազկոտների համար։ «Այն մի բանի փնտրտուքի մասին է, որը երբեք չես կարող ունենալ այս իրականությունում: Այն պատկերում է այլ կյանք, այլ հանգամանքներ՝ ստեղծելով ուրիշ աշխարհ, որտեղ բոլոր ատղերը պարզ շողում են քեզ համար, որպեսզի տան քեզ այն, ինչը լիարժեք կդարձնի քո կյանքը», - պատմել է «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակը:
Ռոզան խոստովանել է, որ հնդկերեն երգելն իր համար ավելի հեշտ է եղել, քան պատկերացնում էր։ «Հնդկերենի և հայերենի որոշ հնչյուններ նման են: Դա ինձ շատ օգնեց։ Երգի իմ հատվածը ձայնագրել եմ Իտալիայում: Չունեի որևէ մեկին, ով կօգներ ինձ: Ձայնագրություններս ուղարկում էի Denny-ին, նա լսում էր և օգնում: Երկուսով այս ամենն իրականացրինք 1 ժամում», - հիշել է երգչուհին:


