Logo

«Մի աչքը չի տեսնում, մի ձեռքը չի օգտագործում»․ Ռուշդիի գործակալը խոսել է գրողի վրա հարձակման հետևանքների մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:11 / 24.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Նյու Յորքում հարձակման ենթարկված հնդկական արմատներով բրիտանացի գրող Սալման Ռուշդին կորցրել է մի աչքի տեսողությունը և չի կարողանում օգտագործել ձեռքերից մեկը, ասել է նրա գրական գործակալ Էնդրյու Ուայլին։

Ռուշդիի վրա հարձակումը տեղի էր ունեցել օգոստոսի 12-ին ինստիտուտի բեմում՝ Նյու Յորք նահանգում ելույթից առաջ։ Գրողը ստացել էր դանակի առնվազն երկու հարված՝ պարանոցի և որովայնի շրջանում։ Հարձակվողը Նյու Ջերսիից 24-ամյա Հադի Մաթարն էր։

«Վերքերը խորն էին, նա նաև կորցրել է մեկ աչքի տեսողությունը... Նա երեք լուրջ վերք ուներ պարանոցի հատվածում, մի ձեռքն այլևս չի կարողանում օգտագործել, ևս 15 վերք էլ ունի կրծքավանդակի և իրանի հատվածում»,- ասել է Ուայլին իսպանական Pais թերթին։

Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» (1988) վեպը վրդովմունք է առաջացրել մահմեդական աշխարհում, քանի որ այն համարվում է հակաիսլամական: Իրանի այաթոլլահ Ռուհոլլա Խոմեյնին իր ֆեթվայում հրապարակայնորեն անիծել է Ռուշդիին և դատապարտել մահվան։ Երկար ժամանակ գրողը ստիպված էր թաքնվել, նրա գիրքն արգելված է մի շարք երկրներում։ 

Սալման Ռուշդիի, նրան սպանելու և բազմամիլիոնանոց պարգևի մասին կարող եք կարդալ՝ այստեղ:

 

fastnews-ads-banner