Paramount Pictures ընկերությունը ձեռք է բերել Ալֆրեդ Հիչքոքի 1958 թվականին նկարահանված «Գլխապտույտ» հոգեբանական թրիլլերի ռիմեյքի իրավունքը, հայտնում է Variety-ն:
Առաջիկա նախագծում գլխավոր դերը կկատարի Ռոբերտ Դաունի կրտսերը։ Դերասանը կնոջ՝ Սյուզան Դաունիի և իրենց Team Downey Production ընկերության հետ կպրոդյուսերավորի ֆիլմը: Իսկ սցենարը գրում է Սթիվեն Նայթը։
Բնօրինակ «Գլխապտույտ»-ում Ջեյմս Սթյուարտը մարմնավորել է Ջոն «Սքոթի» Ֆերգյուսոնին՝ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության հետախույզին, որը թոշակի է անցնում գլխապտույտի հետևանքով առաջացած բարձրությունից կաթվածահար անող վախի պատճառով: Նախկին գործընկերը Սքոթիին խնդրում է հետևել իր կնոջը՝ Մեդելինին (Քիմ Նովակ), որը տարված է ինքնասպանության մտքերով: