Վերածննդի մեծ նկարիչ Ռաֆայելը բարեհոգի ու համեստ մարդ էր։ Նա սիրով ճեպանկարներ ու էսքիզներ էր անում մյուս նկարիչներին օգնելու համար, կարողանում էր պատվիրատուներից յուրաքանչյուրի հետ լեզու գտնել, հարմարվել ու չվիճել։ Նրան սիրում էին բոլորը։ Ոչ ոք չէր նախանձում, բոլորը միայն հիանում էին։ Զարմանալի չէ, որ այսպիսի մարդու մոտ սրբերի ու հրեշտակների պատկերներն ավելի լավ էին ստացվում քան չարին ու խավարինը։ Նույնիսկ նրա Հուդան դավաճանի տեսք չուներ։ Ռաֆայելը ծնված էր գեղեցիկն ու ներդաշնակը ստեղծելու համար։ Հասկանալի է, թե ինչու էր նա հայտնի դարձել իր Տիրամայրերի պատկերներով։ Ռաֆայելն իր ոչ երկար կյանքի ընթացքում պատկերել է Տիրամոր մոտ 45 դիմանկար, որոնցից յուրաքանչյուրը աշխարհին լույս ու բարություն են փոխանցում։ Նրա այդ դիմանկարներից ձեզ համար առանձնացրել ենք յոթը։
Կոնեստաբիլեի տիրամայրը

«Կոնեստաբիլեի տիրամայրը» Ռաֆայելը նկարել է 20 տարեկանում, երբ դեռ չէր տեսել Լեոնարդո դա Վինչիի ու Միքելանջելոյի գործերը, այսինքն նրանց ազդեցությունը չկար երիտասարդ նկարչի վրա։ Այս աշխատանքում պատկերված են Կույս Մարիամը և մանուկ Հիսուսը: Կարծիք կա, որ մանրանկարը նկարչի՝ Ումբրիայում ստեղծած վերջին գործերից է, որն ամենայն հավանականությամբ, անավարտ է մնացել Ռաֆայելի՝ Ֆլորենցիա տեղափոխվելու պատճառով:
Նկարը ավելի վաղ ժամանակներում անվանվել է «Տիրամայրը գրքով»և պատկանել է Պերուջայի իշխան Կոնեստաբիլեի ընտանիքին, 1871 թվականին այն գնել է Ալեքսանդր II-ը: Կայսրը նկարը նվիրել է կնոջը՝ Մարիա Ալեքսանդրովային։ Այդ օրվանից նկարը ցուցադրվել է Սանկտ-Պետերբուրգում` Էրմիտաժի հավաքածուում:

Խորհրդային շրջանում, երբ էրմիտաժի հավաքածուից որոշ նկարներ վաճառքի են հանվել, այս նկարը ուղարկվել է Եվրոպա: Չնայած պահանջվող համեստ գնին, այս աշխատանքի համար այդպես էլ գնորդ չի հայտնվել: Ինչի շնորհիվ «Կոնեստաբիլեի տիրամայրը»` Ռաֆայելի վրձնին պատկանող միակ աշխատանքն է, որը պահպանվում է ռուսական հավաքածուներում:
Ալբայի տիրամայրը

«Ալբայի տիրամայրը» Պաոլո Ջովիոյի պատվերով Ռաֆայելը նկարել է Հռոմ մեկնելուց հետո՝ 1511թվականին, իր ստեղծագործական կյանքի գագաթնակետին։ Այս տարեթվով է թվագրված նաև նրա «Աթենական դպրոցը»։
Նկարը երիզված է 94,5 սմ տրամագծով շրջանագծով։ Կենտրոնում եղեգից ոչ մեծ խաչն է, որը մանուկ Հովհաննես Մկրտիչը տալիս է մանուկ Քրիստոսին։ Հենց խաչին են ուղղված բոլորի հայացքները։ Ի տարբերություն միջնադարյան անշարժ տիրամայրերի՝ այս նկարում շարժում ու գործողություն կա։ Որպես ֆոն ընտրված է Կամպանիայի շրջանի իդեալականացված մի բնապատկեր։
1528 թ. Ռաֆայելի «Տիրամայրը» հայտնվել օլիվետների տեղական եկեղեցում։ Այդ հողերը գտնվում էին իսպանական թագավորի իշխանության տակ։ 1686 թ. նկարը հայտնվել է նեապոլիտանական փոխարքա Օլիվարեսի հավաքածուում։
Նկարն ստացել է «Ալբայի տիրամայրը» անվանումը 18-րդ դարում, երբ գտնվում էր Օլիվարեսի հետնորդների՝ Ալբայի հերցոգների սևիլիյան ամրոցում։
1836 թ նկարը լոնդոնյան գործարարներից, 14 հազար ֆունտով ձեռք բերեց Նիկոլայ I-ը։ «Ալբայի տիրամայրը» Ռուսաստանում մնաց գրեթե հարյուր տարի։ Էրմիտաժի նկարների վաճառքի սկզբում՝ 1931 թվականին, «Տիրամայրը» 2500 հազար ռուբլով վաճառվեց ամերիկյան մագնատ Էնդրյու Մելոնին։ 1937 թվականին՝ Վաշինգտոնի Արվեստի Ազգային պատկերասրահի կառուցումից հետո, Մելոնը հայտնի վարպետների նկարների իր հավաքածուն նվիրաբերեց ամերիկյան ժողովրդին։
Օռլեանի տան Տիրամայրը

«Օռլեանի տան Տիրամայրը» Ռաֆայելի ֆլորենցյան շրջանի գործերից է (մոտ.1507 թ.)։ Վարկածներից մեկի համաձայն նկարվել է Ուրբինյան դուքս Գվադոբալդո Մոնտեֆելտրոյի պատվերով։ XVI դարի սկզբին գտնվել է Սավոյի դուքս Կարլ III-ի հավաքածուում։ Այնուհետև անցնելով բազմաթիվ գնորդների ու կոլեկցիոներների ձեռքով` «Օռլեանի տան Տիրամայրը» 1869 թ. գնել է դուքս Հենրիխ Օռլեանը, որը նկարը կախել է Շանտիի իր կալվածքում՝ Ռաֆայելի մյուս աշխատանքների կողքին՝ «Երեք գեղուհիները»,«Շղարշով Տիամայրը»։
Ի տարբերություն Ռաֆայելի այլ աշխատանքների՝ այստեղ Տիրամայրը պատկերված է ոչ թե բնանկարի ֆոնի վրա, այլ ընտանեկան նեղ միջավայրում, ուր թույլ լուսավորության պատճառով հազիվ նկատելի են դարակներ, որոնց վրա շարված են դեղանյութերով տարրաներ։ Մարիամի եռագույն հանդերձը լավ հայտնի էր Ռաֆայելի այլ գործերից։ Մանկան անկյունային դիրքը բավականին անսովոր է, իսկ նրա գլուխը ունի նմանություն Միքելանջելոյի պատկերած մանուկների հետ։
Նկարն այսօր գտնվում է Կոնդե թանգարանում` Շանտիի կալվածքի Օռլեանի տուն հավաքածուում։
Կաուպերի փոքր Տիրամայրը

«Կաուպերի փոքր Տիրամայրը» ստեղծվել է մոտավորապես 1505 թվականին։ Հավանաբար այն եղել է մասնավոր պատվեր կամ ստեղծվել է վաճառելու նպատակով: Ըստ մեկ այլ վարկածի՝ այն ստեղծվել է իբրև նվեր: Այդ ժամանակշրջանում Իտալիայում մեծ հռչակ էին վայելում Տիրամորը և Մանկանը պատկերող նկարները, որոնք հաճախ նվիրում էին հարսանիքների ժամանակ: Տարածված է այն կարծիքը, որ նկարի վերին աջ անկյունում պատկերված եկեղեցին Սան Բեռնարդինոյի եկեղեցին է, որը գտնվում է Ուրբինոյում՝ Ռաֆայելի հայրենի քաղաքում:
Նկարը երկար ժամանակ պահվել է Կուպերի կոմսության Կլավերինգ-Կուպեր դինաստիայի մասնավոր հավաքածուում, որտեղից էլ ծագել է նկարի անվանումը։ Երբ 1905 թվականի դինաստիան դադարեց իր գոյությունը, նկարը տասնամյակներ շարունակ ունեցավ տարբեր տերեր, բազմիցս վերավաճառվեց, մինչև որ 1942 թվականին նվիրվեց Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին:
Տիրամայրը մեխակներով

«Տիրամայրը մեխակներով» մանրանկարը վերագրվում է Ռաֆայելի ֆլորենցյան շրջանին (մոտ. 1506—07 թթ.): Այն ստեղծվել է Լեոնարդո դա Վինչիի «Տիրամայր Բենուա» կամ «Ծաղիկներով Տիրամայրը» կտավի ազդեցությամբ: Պատկերները գորշ միջավայրում են, որը խորհրդանշում է Քրիստոսի ծննդից հետո հեթանոսական աշխարհի կործանումը: Տիրամոր և Մանկան ձեռքերում մեխակներ են, որոնք կանխագուշակում են արյունահեղությունը և Քրիստոսի չարչարանքները:

Դուքս Նորթումբերլենդը, որի մոտ գտնվում էր այս կտավը` 2004 թվականին հայտնեց այն վաճառելու իր մտադրության մասին: Լոնդոնի ազգային պատկերասրահն այս առթիվ տագնապ հնչեցրեց իր կայքում և զանգվածային լրատվամիջոցներում. Ռաֆայելի վրձնին պատկանող վերջին գլուխգործոցը, որը մասնավոր հավաքածուի մաս էր կազմում, կարող էին գնել օտարերկրացիները։ Բարեգործների շնորհիվ պատկերասրահին հաջողվեց կտավը ձեռք բերել 35 մլն ֆունտով:
Տիրամայրը կանաչի մեջ

«Տիրամայրը կանաչի մեջ» կտավը Ռաֆայելը նկարել է 1506 թվականին` ընկերոջ և հովանավորի՝ Տադդեո Տադդեիի համար, որը, ըստ գեղանկարիչ և տեսաբան Ջորջ Վազարիի` միշտ ցանկացել է տեսնել նկարչին «իր տանը և իր սեղանի շուրջը»։ Բնապատկերային տեսարանը, կոմպոզիցիոն լուծումները և գունային գամման նման են նույն ժամանակահատվածում ստեղծված «Կարմրակատարիկով Տիրամորը», «Էստերհազիի Տիրամորը» և «Գեղեցիկ այգեպանուհուն»։
1773 թ. Հաբսբուրգները նկարը Ամբրաս ամրոցից տեղափոխել են Բելվեդերյան պալատ։ Այստեղից էլ հայտնվել է երկրորդ անվանումըˋ «Բելվեդերյան Տիրամայրը»։
Սիքստինյան Տիրամայրը

«Սիքստինյան Տիրամայրը» կտավը Ռաֆայելը ստեղծել է Հուլիոս II պապի պատվերով` Պյաչենցի Սուրբ Սիքստինյան կապելլայի խորանի համար։ Կա ենթադրություն, որ նկարը ստեղծվել է 1512-1513 թվականներին Լոմբարդիա ներխուժած ֆրանսիացիների նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Սակայն, կա վարկած, որ Հուլիոս II-ը կտավը նախատեսել էր իր դամբարանի համար։
Տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար՝ ինքը՝ պապ Հուլիոսը և Սուրբ Բարբարայի համար՝ նրա զարմուհի Ջուլիա Օրսինին։ Ռաֆայելն իր այս նկարը ստեղծել է հսկայական կտավի վրա միայնակ` առանց աշակերտների ու օգնականների։
Նկարում պատկերված են Տիրամայրը և նորածին Քրիստոսը Հռոմի պապ Սիքստ II-ի և Սուրբ Վարվառայի հետ, նրանց հետ երկու հրեշտակներ են՝ ներքևից վեր նայելով Աստծո հայտնությանը։ Սուրբը ձեռքով ցույց է տալիս դիտողի կողմը, և Տիրամայրը մանկան հետ նայում են այդ ուղղությամբ, իսկ Սուրբ Բարբարան խոնարհել է գլուխը։
Տարածված կարծիք կա, թե Ռաֆայելը Հռոմի պապ Սիքստ II-ի աջ ձեռքը պատկերել է վեց մատով, քանի որ Սիքստ լատիներենից թարգմանաբար նշանակում է «վեց»։ Իրականում թվացյալ վեցերորդ մատը, ճկույթը, համարվում է ափի ներսի մաս։
Նկարը պահվում և ցուցադրվում է Դրեզդնեի պատկերասրահում։

