Երվանդ Քոչարի 125-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային պատկերասահում ներկայացվեց «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա-պերֆորմանսը: Այն իրականացրել է «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ գործակցելով Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության և «Կաֆիգ» պարային ընկերության հետ: «ՔՈՉԱՐ 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո-պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։ «Ինձ համար կարևոր էր տեսնել՝ որքանով է հնարավոր միաձուլել դասական արվեստն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Հետևաբար ցանկացանք աշխատել նաև արհեստական բանականության հետ։ Նրան տվել ենք հստակ հրահանգներ։ Ամբողջ վիդեո-ինստալացիան արել ենք արհեստական բանականության հետ համատեղ։ Քոչարը ժամանակի, տարածության և հավերժության խորհրդանիշ է։ Այս ստեղծագործությունը նաև ինչ-որ առումով ճանապարհորդություն է ժամանակի, տարածության, անհունության և հավերժության մեջ», - խոստովանեց ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը։
«ՔՈՉԱՐ 360°»-ը ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ գործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում՝ 2024 թվականի մարտին։ «Շատ կարճ ժամանակ եմ ունեցել այս աշխատանքի համար, բայց դա մարտահրավերի մի մասն է։ Քոչարի ստեղծագործությունների միջոցով մարմինն աշխատեցնելը մեծապես սնում է իմ ստեղծագործական աշխարհը։ Քոչարի միոջոցով հնարավորություն եմ ունենում ավելի լավ ճանաչելու այն աշխարհը, որտեղ ապրում ենք։ Որպես պարուսույց ինձ համար ամենամեծ մարտահրավերը ստեղծագործողի մեծությանն ու ոճին հավատարիմ մնալն է՝ միաժամանակ պահպանելով իմ անհատականությունը», - նշեց Մուրադ Մերզուկին։
ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավարի խոսքով՝ շարունակելու են հայազգի մշակութային գործիչների հայտնությունների շարքը ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում։ Մուրադ Մերզուկիի հետ արդեն աշխատում են նոր ներկայացման ուղղությամբ։ Այն նվիրվելու է հայազգի մտավորական, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի կյանքին ու արվեստին։