«Քաղաքը կարդում է» խորագրով սեպտեմբերի 6-8-ը տեղի ունեցավ Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Այն անցկացվեց քաղաքի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Փառատոնը գրքասերներին հնարավորություն տվեց 3 օր շարունակ գնել սիրելի գրքերը զեղչված արժեքով, հանդիպել սիրելի գրողներին, զրուցել, ինչպես նաև մասնակցել համերգների, ներկայացումների և այլ միջոցառումների։
Գրահրատարակչության ոլորտի ամենահեղինակավոր փառատոնում անցակցվեց 32 միջոցառում՝ գրքի շնորհանդեսներ, վարպետության դասեր և թատերական ներկայացումներ, որոնց մասնակցեցին գրողներ, խմբագիրներ, թարգմանիչներ, հրատարակիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Երկրորդ տարին միջազգային կարգավիճակ ստացած փառատոնին մասնակցեցին Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Սլովենիայից։ «Տարին նման մեծ ու կարևոր գրքային փառատոնով սկսելը հրաշալի ազդակ է երեխաների, պատանիների, առհասարակ հասարակության համար։ Գիրքը գիտելիքների, կրթության, դաստիարակության, մարդու զարգացման և լավ քաղաքացի լինելու էպիկենտրոնն է։ Այս փառատոնը լուրջ փառատոն է դարձել։ Մտադիր ենք հավելվածի միջոցով փառատոնը հասանելի դարձնել նաև ՀՀ մարզերում, նպաստել մասնակիցների թվի աճին», - հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«Մեր քաղաքում պետք են մարդիկ, որոնք կարդում են: Ընթերցանությունը փոխում է մոտեցումը միջավայրի և մարդկանց նկատմամբ՝ վերափոխելով մարդուն «ես»-ի և «իմ»-ի վերաբերմունքից դեպի «մեր»-ի և «ընդհանուրի»»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Փառատոնը հայ գրողների համար միջազգային ասպարեզում ճանաչելի դառնալու լավ հարթակ է: Արդեն քննարկվում են միջազգային այլ փառատոների հետ կապը զարգացնելու, մասշտաբն ընդլայնելու և նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունները: