Logo

Ուզում եմ կորչել, չքվել հավիտյան․․․Համո Սահյան [պոեզիա]

13:08 / 07.03.2023Հեղինակներ
null

Ուզում եմ կորչել, չքվել հավիտյան

Այս շրջապատի անտարբերության

Սառուցյալ դաշտից,

Այս համատարած մտքի երաշտից,

Այս զրահակիր սնափառության

Համաճարակից,

Այս ամեն տեսակ ախտ ու վարակից

Ուզում եմ չքվել, կորչել հավիտյան:

Ուզում եմ փրկվել

Փրկություն կոչվող այս գերությունից,

Ամենակարող այս անտերությունից:

Եվ այս տերության անտիրությունից,

Նրա վաղաժամ այս ծերությունից,

Իմ համբերատար համբերությունից,

Իմ թուլությունից, իմ թերությունից

Ուզում եմ փրկվել-չքվել հավիտյան:

***

Երբ ոտքի վրա քրտնում է քամին,

Եվ արտասվում է մամուռը քարին,

Ծծկեր գարունը, բարուրը քանդած,

Ակնթարթներով, ժամով մեծանում

Եվ իր թաթերով հոգին ավանդած

Ձմեռվա դեռ թարմ

Շիրիմին ծաղկի սերմեր է ցանում

Եվ հեռվից հեռու ձեռքով է անում,

Որ հարավներից թռչունները գան,

Գան ու տեր կանգնեն իրենց տեղուտան…

Սարյակ, առաջինն այդ դո՞ւ ես եկել,

Քեզ նվեր մեր այս երկինքը, մեկ էլ

Ինչ որ աշխարհում սիրտդ կամենա:

Ես ու աշխարհն ենք, կամ ես, կամ էլ նա.

Քեզ պատիվ կանենք, ուր էլ որ լինես,

Դու հազար բարով նոր բույնդ շինես:

***

Դու ուզեցիր, որ ես

Քեզ տիրություն անեմ,

Ու ես անտեր մնամ:

Ամեն, ամեն ինչ տամ,

Տեղը ոչինչ չառնեմ,

Ու քեզ ընկեր մնամ:

Դու իմ արևն առար

Եվ ուզեցիր, որ ես

Շնորհակալ լինեմ,

Ես անարև մնամ,

Բայց քո բախտի համար

Արևագալ լինեմ:

Դու ուզեցիր, որ ես

Քեզ թողնեմ ու գնամ,

Բայց և քոնը լինեմ,

Արցունքի մեջ մնամ

Ու սգի մեջ մնամ,

Եվ քո տոնը լինեմ:

Դու ուզեցիր, որ ես

Փոխվեմ հազար անգամ,

Բայց և հինը լինեմ:

Քեզ ուրիշին տվիր

Եվ չուզեցիր անգամ,

Որ ես իմը լինեմ:

Դու ուզեցիր, որ ինձ

Քո մեղքերով չափեմ

ՈՒ մեղքի տակ մնամ,

Քո մեղքերի վրա

Իմ աչքերը փակեմ

Եվ անգիտակ մնամ:

Գուշակեցեք, խնդրեմ,

Մարգարեներ, հիմա,

Ես ձեր ճորտը լինեմ,

Թե մինչև ե՞րբ պիտի

Ես իմ տան մեջ՝ միակ

Ավելորդը լինեմ:

***

Քամին սարերից

Առաջին ձյունի

Փոշին է բերում

Եվ շաղ է տալիս

Բոբիկ ոտներիս

Ու փշաքաղված

Մազերիս վրա:

Շապիկիս փեշքից

Ու թևքից կախված

Մաշված,գույնզգույն,

Խաշամանման

Կարկատանները

Պոկում է քամին,

Խառնում ծառերից

Թափվող խաշամին…

Խաշամ, ինչ խաշամ,

Թեժաթուխ լավաշ.

Տավարն ուտում է

Ու չի կշտանում:

Ես լուռ նստել եմ

Կապույտ մի քարի,

Կապտել եմ ես էլ

Եվ կապույտ քարից

Տարբերվում եմ ես

Այնքանով միայն,

Որ ես դողում եմ,

Քարը չի դողում:

Գյուղ տանող ճամփով

Գնում է հայրս`

Ցախը շալակին.

-Ցու՞րտ է,-հարցնում է:

-Տաք է ,-ասում եմ:

-Քարին մի նստիր,

Վեր կաց,-ասում է:

-Տավարն,-ասում է,-

Լույսով չբերես:

Ասում է, գնում…

Անցել է ուղիղ

Քառասուն տարի:

Հիշեցրի երեկ,

Հայրս լաց եղավ:

Ինչո՞ւ հիշեցրի...

 

fastnews-ads-banner