Նորզելանդացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը փորձել է հիպնոսի օգնությամբ մոռանալ իր գլխավոր գլուխգործոցը՝ «Մատանիների տիրակալը» եռերգությունը. այդ մասին նա խոսել է The Hollywood Reporter փոդքաստում։
Ռեժիսորը հայտարարել է, որ ինքը «լրջորեն դիտարկել է» հիպնոսի կիրառման հնարավորությունը՝ փորձելով մոռանալ օսկարակիր ֆիլմերի շուրջ իր ամբողջ աշխատանքը։ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է ֆիլմերը դիտել որպես մշտական երկրպագու, այլ ոչ՝ որպես հեղինակ։
«Երբ մենք նկարահանում էինք «Մատանիների տիրակալը» ֆիլմերը, ես միշտ զգում էի, որ ես այն դժբախտ մարդն եմ, որը երբեք չի կարող դիտել դրանք որպես սպասված ֆիլմեր: Մինչ ցուցադրվելը, ես արդեն հինգ-վեց տարի ընկղմված էի դրա մեջ։ Իրականում, ես իսկապես լրջորեն մտածում էի գնալ ինչ-որ հիպնոթերապևտի մոտ՝ ինձ հիպնոսացնելու, որ կարողանայի մոռանալ ֆիլմերն ու աշխատանքը, որ արել էի վերջին վեց-յոթ տարիներին, որպեսզի կարողանամ նստել ու վայելել ֆիլմերը»,- խոստովանել է Ջեքսոնը։
Ռեժիսորը հավելել է, որ այդ մասին նույնիսկ խոսել է բրիտանացի հիպնոսիստ Դերեն Բրաունի հետ, որը Ջեքսոնին վստահեցրել է, որ նա կարող է դա անել։
Ավելի վաղ Փիթեր Ջեքսոնը պատմել էր, թե ինչպես են իրեն խաբել «Մատանիների տիրակալը» սերիալի հեղինակները։


