Logo

«Փող, կիրք, իշխանություն». Live տեսախցիկով առաջին ներկայացումը հայկական թատրոնում (լուսանկարներ)

Հեղինակ
Նարինե Մելիքյան
22:50 / 29.10.2024Լուրեր
Բացառիկ
null

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 87-րդ թատերաշրջանը մեկնարկեց «Փող, կիրք, իշխանություն» ներկայացման առաջնախաղով: Թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը ներկայացումը բեմադրել է Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի հիման վրա: 18-ից բարձր անձանց համար նախատեսված և «Russian seasons»-ի ֆինանսական աջակցությամբ կայացած ներկայացումը պատմում է երիտասարդ գավառական Ալեքսանդր Ադուևի մասին, ով ժամանում է «Ոսկե դարի» փայլուն, բայց դաժան մայրաքաղաք՝ մի աշխարհ, որտեղ փողը իշխում է, կրքերն ի չիք են դարձնում երազանքները, իսկ իշխանությունն այլասերում է հոգիները: Այստեղ նա ձգտում է պահպանել իր իդեալները, սակայն անհագ քաղաքը կլանում է նրան՝ վերածելով ցինիկ խաղի հերթական զոհի, որտեղ ագահությունն ու սառը հաշվարկն են տիրում։ Մինչև Ալեքսանդրը դառնում է իր անողոք մորեղբոր հայելին, որն ընչաքաղցության մարմնացումն էր, անսպասելիորեն գտնում է իր կյանքը վերաիմաստավորելու ուղին։ «Fast News Culture»-ը ներկա է եղել ներկայացմանն ու զրուցել Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի հետ:

Սուրենի խոսքով՝ մոտ 10 տարի ուներ այս վեպի հիման վրա ներկայացում բեմադրելու մտահղացում: «Շատ արդիական թեմա է, թեպետ Գոնչարովն այս վեպը գրել է դեռ 200 տարի առաջ: Մենք այն փոխել ենք և դարձրել ժամանակակից: Մեր իրականությանը առավել համահունչ ստեղծագործություն դժվար է պատկերացնել այն առումով, թե ինչպես են մեգապոլիսը, իշխանությունն ու փողը փոխում մարդուն: Բոլորովին այլ առաջնահերթություններ ունեցող և աշխարհը փոխել ուզող ռոմանտիկ էակին աշխարհն ու իրականությունն են փոխում ու դարձնում այնպիսին, ինչպիսին ներկայացման սկզբում իր համար անընդունելի էր», - պատմում է ռեժիսորը:

Սուրենի խոսքով՝ ներկայիս բարքերը հաշվի առնելով՝ միլիարդներից մի քանիսը կարող են «մաքուր մնալ»: Այս իրականությունը, սակայն բեմադրող ռեժիսորի համար անընդունելի է: Այդ պատճառով էլ բարձրացրել է այս թեման: «Ցանկանում եմ ինձ համար կարևոր ուղերձներ հասցնել հանդիսատեսին, մասնավորապես՝ երիտասարդներին: Բոլորովին պատահական չէ նաև, որ Ադուև ավագը զբաղվում է աղբի վերամշակման բիզնեսով: Կյանքի ինչ-որ փուլում նա համարում է, որ հարստությունն իրեն պետք չէ: Փոխարենը պետք է փոքրիկ տնակ՝ էկոլոգիապես մաքուր վայրում, որպեսզի այն չարիքը, որի հետ առնչվում է չլինի իր կողքին: Այստեղ էլ բարձրացրել եմ էկոլոգիայի հարցը: Այս առումով շատ եմ հեռացել Գոնչարովից», - խոստովանում է թատրոնի տնօրենը:

Ներկայացումն առանձնանում է նաև նորարարությամբ: Հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացման ընթացքում կիրառվեց Live տեսախցիկ: «Հայաստանում նման մտահղացումն անթերի իրականացնելը բարդ է, բայց բարձրակարգ մասնագետի շնորհիվ մենք իրականացրինք: Մեզ աջակցեց Արգիշտի Փիլոյանը: Հայ հանդիսատեսի համար սա նորություն է և հետաքրքիր լուծում: Գործողությունը բեմում կատարվում է, իսկ հանդիսատեսը խոշորացված պլանով տեսնում է կադրերը: Նման մտահղացումն իրականացնելը տեխնիկապես շատ բարդ էր: Եթե Արգիշտին մեզ չաջակցեր, չէինք կարողանա իրականացնել, քանի որ այն «թանկ հաճույք» է: Եթե վարձակալեինք կամ գնեինք տեսախցիկ, ապա ներկայացումն իրեն չէր արդարացնի: , - նշում է Սուրենը: 

Ներկայացման դերակատարներն են Մանվել Խաչատրյան/Գոռ Համբարձումյան, Սամվել Սարգսյան, ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան, Լիլիա Մուկուչյան, Թեհմինե Խաչատրյան, Հայարփի Զուռնաչյան/Շուշան Ջանոյան, Մելսիդա Հակոբյան, Գրիգոր Խոջայան, Արման Մեժլումյան։ Զանգվածային տեսարաններում ներգրավված են ԵԹԿՊԻ ուսանողները։ Ներկայացման նախագծի ղեկավարը Մարիաննա Մխիթարյանն է, բեմականացումը՝ Նառա Ստեփանյանի: Բեմանկարիչը Աշոտ Թադևոսյանն է, զգեստների նկարիչը՝ Յուլիա Ֆինկը: «Շնորհակալ եմ թատրոնի ամբողջ անձնակազմին, որ հավատում են ինձ և գալիս են իմ հետևից՝ կատարելով տաժանակիր աշխատանք և ստեղծելով նման մեծ նախագիծ», - ասում է ռեժիսորը:

Ս․ Շահվերդյանն իր գործունեության ընթացքում ավելի քան 30 ներկայացում է բեմադրել: Բայց Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սա նրա երկրորդ ներկայացումն էր՝ «Թագավորների խաղերից» հետո: «Այսօր թատրոնը հաճախելիության խնդիր ունի, քանի որ երիտասարդները չեն տիրապետում կամ մասամբ են տիրապետում ռուսերենին: Հուսանք՝ կլինենք այնքան լավը, որ լեզուն խնդիր չի լինի: Մշակույթն ինձ համր լեզու չունի», - վստահեցնում է զրուցակիցը:

Ըստ Սուրեն Շահվերդյանի՝ ֆինանսական խնդիրներ, իհարկե, կան, բայց թատրոնի տնօրեն նշանակվելու առաջին իսկ օրից որդեգրել է «փող չկա» արտահայտությունը մոռանալու քաղաքականություն: «Պետք է հայթայթենք, գտնենք գումար և իրականացնենք մեր մտահղացումները, որովհետև այսօր հանդիսատեսին չի հետաքրքրում՝ որքան դրամ ես ծախսել ներկայացման վրա: Մարդիկ ուզում են գալ և վայելել շքեղ ներկայացում: Իսկ այդ ամենն իրականացնելու համար պետք է սկսել շենքային պայմաններից: ԿԳՄՍՆ-ի և ՀՀ Կառավարության աջակցությամբ մյուս տարի վերանորոգելու ենք դահլիճն ու նախասրահը, փոխելու ենք աթոռները», - տեղեկացրեց ռեժիսորը: Սակայն այսքանով Սուրեն Շահվերդյանի ծրագրերը չեն ավարտվում: Նախատեսում է թատրոնում բացել նոր հարթակներ՝ բացօթյա, ևս երկուսը թատրոնի տարբեր հատվածներում:

fastnews-ads-banner