Փարիզի Օրսե թանգարանում անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել էկոակտիվիստուհուն դեմքը «սոսնձել» Վինսենթ վան Գոգի նկարին, ինչպես նաև ապուր լցնել Պոլ Գոգենի նկարի վրա, հաղորդում է Parisien թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին։ Աղջիկը նախ հանել է սվիտերը, որի տակ ուներ «Just Stop Oil» կարգախոսով սպիտակ շապիկ, ապա գնացել է Վան Գոգի «Ինքնադիմանկար Սեն Ռեմիում» կտավի մոտ։
«Մեր տեղեկություններով՝ Փարիզում աղջիկը նախ ցանկացել է դեմքը «սոսնձել» Վան Գոգի նկարին։ Բայց այն բանից հետո, երբ նրան թույլ չեն տվել դա անել, նա շիշը ձեռքին գնացել է Պոլ Գոգենի կտավի մոտ»,- գրում է թերթը։
Աղջկան արգելել է իր ծրագրածն իրականացնել թանգարանի աշխատակիցը։ Անվտանգության ծառայությունն ակտիվիստին ստիպել է դուրս թափել շշի պարունակությունը։
Թերթը գրում է, որ աղջիկը դուրս է եկել թանգարանից և չի ձերբակալվել, սակայն թանգարանը բողոք է ներկայացրել միտումնավոր վնաս հասցնելու փորձի համար։ Փարիզի դատախազությունը կքննի բողոքը։
Սա եվրոպական թանգարաններում կազմակերպվող առաջին ակցիան չէ։ Ավելի վաղ «Վերջին սերունդ» շարժման բնապահպան ակտիվիստները սոսնձվել էին Բեռլինի բնության պատմության թանգարանում դինոզավրի կմախքին: