Logo

Փարաջանովը, քրդուհին և Թամար թագուհու ականջօղերը…

Հեղինակ
naira-art
00:00 / 17.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 10 - Փարաջանովը, քրդուհին և Թամար թագուհու ականջօղերը...

 

Հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի և աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովի ընկերության ու մեծ բարեկամության մասին է Ռ. Գևորգյանցի «Փարաջանով. կոլլաժ երկուսի համար» գիրքը։ Այս գրքում զետեղված բազմաթիվ հուշերից առանձնացրել ենք գեղեցիկ մի պատմություն, որը կհետաքրքրի Փարաջանով-երևույթի երկրպագուներին.

 

gevorgyanc - Փարաջանովը, քրդուհին և Թամար թագուհու ականջօղերը...
Ռուբեն Գևորգյանց

 

«Փարաջանովն արթնացրեց ինձ ու գնացինք շուկա։ Ես նրա հետ արդեն եղել էի շուկայում, և դա մեծ բավականություն էր։ Ի՞նչ խելոք էր սակարկում, ժամերով վիճում, նվազագույնի իջեցնում գները և  հետո գնում նախնական գնով։ Պարզապես այդ ամենից նա մեծ բավականություն էր ստանում։ Այս անգամ պիտի հավ գներ և անպայման` սև։ Մենք մոտեցանք մի քրդուհու, որը չորս հավ ուներ, որոնցից երեքը` սև։ Սերգեյ Իոսիֆովիչը սկսեց առևտուրը։ Մեր շուրջն, իհարկե, հանդիսականներ հավաքվեցին, և նա հընթացս սկսեց քրդուհուն պատմել նրա ժողովրդի, կրոնի, եզդիների մասին, որոնք չեն ընդունել մահմեդականությունը և մնացել են կռապաշտ, պատմում էր քրդերի սովորույթների մասին և… գցում էր հավերի գինը։ Հետո, իբր պատահաբար նկատեց կնոջ ականջօղերը, որոնք ինքը անշուշտ տեսել էր, երբ դեռ մոտենում էինք նրան։

 

indz hamar kinon vag na95793.1 - Փարաջանովը, քրդուհին և Թամար թագուհու ականջօղերը...
Գևորգյանց և Փարաջանով

 

Դրանք հասարակ, անագե ականջօղեր էին փոքրիկ մարջաններով։ Պոկ չէր գալիս` խնդրելով վաճառել իրեն, թե իբր այսօր իր քրոջ ծննդյան օրն է և ուզում է նրան նվեր անել։ Քրդուհին սկզբից չհամաձայնեց, հետո էլ սկսեց շատ բարձր գին ուզել։ Եվ սկսվեց սակարկությունը, ներկաները բաժանվեցին երկու խմբի. ոմանք համոզում էին, որ իջեցնի գինը, ոմանք էլ` ընդհակառակը։ Հետո հանկարծ Փարաջանովն ասաց, որ այդ դեպքում ինքը հավ չի գնում, իսկ փոխարենը մեկ ռուբլի է ավելացնում հավի գնին ու վերցնում է միայն ականջօղերը։ Քրդուհին խառնվեց իրար, և ի վերջո մենք վերցրեցինք թե՛ հավը, թե՛ ականջօղերը` գնին ավելացնելով միայն այդ մեկ ռուբլին։ Քրդուհին ահավոր բավարարված էր։ Հավը գրկած`  դուրս եկանք շուկայից…

… Մենք եկանք տուն, նա հավը տվեց հարևանուհուն խնդրեց, որ եփի, հայտարարեց, որ երեկոյան հյուրեր ունի։ Նրան պիտի այցելեին ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի կինը և նրա հետ մոսկվացի հայտնի ժուռնալիստներ, արտգործնախարարության պաշտոնյաներ և նշանավոր երգուչուհի Նանի Բրեգվաձեն…

 

փարաջանով - Փարաջանովը, քրդուհին և Թամար թագուհու ականջօղերը...

 

… Հիմա երեկոյան ժանը 8-ն է, և մենք հյուրերի ենք սպասում։ Սերգեյ Իոսիֆովիչն իր տոնական վերնաշապիկն էր հագել, և, իհարկե, դարձյալ սև գույնի։ Եվ, չգիտես թե ինչու, կախել է մի շքանշան, որի հակառակ երեսին (ռուսերեն) գրված է. «ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունում 15 տարվա անբասիր ծառայության համար»։ Ի դեպ, կախել էր դիտմամբ շուռ տված, որ բոլորը կարդան մակագրությունը։

Ուղիղ ժամը 8-ին հյուրերը` տասնհինգ հոգի եկան, և իհարկե այդտեղ կային նաև օրգանի աշխատողներ։ Երեկոն աշխույժ էր անցնում։ Միայն դեսպանի կինն էր զմայլված հետևում տանտիրոջ ամեն շարժմանը, իսկ նա աթոռին թարս նստած խոսում էր, խոսում անդադար ու ստեղծագործում։ Անում էր իր հերթական կոլլաժը, թղթերը կտրտում, սոսնձում և այլն…

Խոսակցությունը երկարեց, Նանի Բրեգվաձեն երգեց երկու-երեք երգ։ Փարաջանովը ներողություն խնդրեց և ասաց, որ շուտով կվերադառնա։ Նշան արեց, որ դուրս գամ։ Դուրս եկանք։ Պատշգամբով անցնելով, մենք մտանք խորդանոց և այդտեղից վերցնելով ծանրածանր մի սնդուկ, քարշ տվեցինք սենյակ։

 

6020718 - Փարաջանովը, քրդուհին և Թամար թագուհու ականջօղերը...

 

Տեսնելով սնդուկը` անգլուհին ծափ զարկեց։ Սերգեյ Իոսիֆովիչը բացեց կափարիչն ու սկսեց հանել պարունակությունը` պարսից արծաթյա կուժ, տնային կարպետներ և գորգեր և վերջապես, հատակից դուրս բերեց հնամյա մի փայտե տուփ։ Զգույշ դրեց սեղանին` լուսամփոփի պայծառ լույսի տակ և բացեց` ափով ծածկելով բովանդակածը։ Դիմեց անգլուհուն. «Ես նվիրում եմ ձեզ այս ականջօղերը, որոնք Թամար թագուհունն են եղել»։ Արկղիկի մեջ, սև թավիշի վրա ամրացված էին … քրդուհու ականջօղերը։ Անգլուհին քար կտրեց, իսկ շուրջը բոլորը սկսեցին խոսել վրացերեն ու ռուսերեն։ Երկու տղամարդ, որոնք մշակույթի մինիստրության աշխատողներ էին, ցածրաձայն, շինծու ժպիտով, բայց վրդովված ասում էին Սերգեյ Իոսիֆովիչին. «Բայց այդպես չի կարելի, ախր սա երկրի պատմական սեփականությունն է»։ Իսկ Նանի Բրեգվաձեն, որն ըստ իս, ամեն ինչ հասկացել էր, դեսպանի կնոջ ուսերը գրկած` ասում էր. «Ի՞նչ արքայական ընծա է»։ Մյուսները վրդովվում էին վրացերեն։ Բայց Փարաջանովը ոչ ոքի ուշադրություն  չէր դարձնում։ Անգլուհին շնորհակալություն էր հայտնում, ասում էր, որ հենց հայրենիք վերադառնա, ականջները կծակի, ապա իր օգնական-թարգմանչի պարանոցից հանեց ճապոնական  «Ասահի Փենթաքս» ֆոտոխցիկը և պարզեց տանտիրոջը։ Հետո բոլորը մի-մի գավաթ լիկյոր խմեցին ու աղմկոտ հրաժեշտ տվեցին։

 

sergey - Փարաջանովը, քրդուհին և Թամար թագուհու ականջօղերը...

 

Ներկայացումը վերջացավ, սնդուկը ետ տարանք։ «Այդ ե՞րբ հասցրեցիր»,- հարցրի ես։ Փարաջանովը քմծիծաղեց. «Այն ժամանակ, երբ զուգարան էիր գնացել։ Բայց, ճիշտ, լավ ստացվեց չէ՞, ինչպես էր տիկինը ուրախ դողդողում, իսկ այդ երկու մոսկվացին, դու տեսար դրանց գեբեշական մռութները»։

… Հաջորդ օրը կանչեց հարևան միլիցիոներին և այդ հազարանոց ֆոտոսարքը նվիրեց նրա տասնութ տարեկան որդուն, որը լուսանկարչությամբ էր զբաղվում…»։

 

 


fastnews-ads-banner