«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը ներկայացնում է Հայաստանը Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնում: Կինոնկարն ընդգրկված է պաշտոնական ծրագրում, «VENICE CLASSICS» խմբի մրցութային բաժնում:
Սեպտեմբերի 6-ին կայացել է ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ռեժիսոր Զառա Ջյանի վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա են եղել ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, Մխիթարյան միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ:
Հայկական եռագույնը 20 տարի անց կրկին ծածանվել է փառատոնին մասնակցող մյուս երկրների դրոշների կողքին: Պրեմիերային ընդառաջ ֆիլմի պատվիրակությունը հանդիպել է փառատոնի տնօրինությանը և ստեղծագործական թիմի անունից շնորհակալություն հայտնել:
«Fast News Culture»-ն ավելի վաղ ներկայացրել էր, որ ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։
Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը տոկսիկ իրականության պայմաններում և այլն:
Ընդհանուր գաղափարների, նպատակների և լուծումների որոնում՝ տարբեր բարիկադներում գնտվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ՝ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական «CNC» և «Cine+» կազմակերպությունները։
Մեծ է նաև ֆիլմի աշխարհագրությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում, Սերբիայում՝ 2023թ-ի հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023 թ-ի օգաստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024թ-ի փետրվարին, որտեղ նկարահանվեր է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ և Երևանում՝ 2023-ի հուլիս-հոկտեմբեր և 2024 թ-ի փետրվար ամիսներին՝ հարցազրույցներ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաևի, Լևոն Աբրահամյանի հետ: 2024-ի հունվարին հատուկ ֆիլմում նկարահանվելու նպատակով Երևան ժամանեց Տարսեմ Սինգխը։ Երևանում է նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային մասը։