Պետրոս Դուրյանը հայ գրականության հանճարներից է: Նա մահացավ 21 տարեկանում, բայց թողեց բացառիկ գրական ժառանգություն: Դուրյանի մահն այդ ժամանակի Սկյուտարի ողբերգություններից էր։ Հայ ականավոր գրող, քննադատ և լրագրող Արշակ Չոպանյանն անդրադարձել է Դուրյանի և նրա եղբոր երազներին, որոնք նրանք տեսել էին բանաստեղծի մահվանից 3 օր առաջ:
«1872թ. հունվարի 21-ին հինգշաբթիե ուրբաթ լուսանալու գիշերը Պետրոս Դուրյան կմեռնի, արտասովոր զմայլելի մահով մը, միշտ իբր մարմնացած խորհրդանշան մը, իբր գերազանց իսկությամբ արարած մը, իբր կենդանի քերթված մը։ Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կտեսնե։ Երեք հոգևորականներ կերևան իրեն, որոնք զինքը հարսնիքի կհրավիրեն։ Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տխուր ժպիտով մը կմեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»։ Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կգտնվին։ Պզտիկ Միհրանն ալ իր եղբորը մահվան գիշերը երազ մը կունենա, ոչ նվազ խորհրդավոր․ կտեսնե Պետրոսը, որ, իր պարսկական շալը ուսերուն առած, դանդաղելով դեպի տուն կուգա։ Միհրան քար մը կնետե անոր ու կսե՝ «Ինչո՞ւ գինովի պես կքալես»։ Եվ ահա Պետրոսը կապույտ աչքերով կնոջ մը կփոխվի, որ վերմակներու առջև կերկրպագե»։
Արշակ Չոպանյան, երկեր։ Երևան, 1988 թվական
Այս ամենից հետո համոզվում ես՝ պատահական չէ, որ գրողներին հաճախ անվանում են նաև մարգարեներ, ովքեր, աշխարհի ու կյանքի ապագա զարգացումը կանխատեսելուց և գրելուց զատ, կարողանում են հասկանալ նաև իրենց ապագա մահվան առեղծվածը։ Եվ եթե երազների տեսության մեթոդներով վերլուծենք Դուրյանի ու իր եղբոր երազները, ապա հստակ տեսնում ենք սիմվոլներ, որոնք հուշում էին Դուրյանի առաջիկա վախճանի մասին։

Վախենալով, որ ժամանակի ընթացքում մարդիկ կմոռանան իրեն՝ մահվանից առաջ Դուրյանը ցանկացավ, որ իր թաղումն ուրախ անցնի: Ժամանակին կար նաև ավանդույթ, որ Դուրյանի գերեզմանի մոտ սիրահարները հավիտենական երդում էին տալիս միմյանց։

