Հայ վիպասան Պերճ Պռոշյանը (1837-1907 թթ.), ինչպես և մեր շատ գրողներ կեցության դժվարություններից ելնելով՝ գրողի գործին զուգահեռ, կամ դրանից առաջ տարբեր գործերով են զբաղվել: Պերճ Պռոշյանը եղել է ուսուցիչ, դպրոցի տեսուչ, ածխավաճառ և... հայ առաջին լուսանկարիչներից: Սովորելով լուսանկարչական հմտություններ, նա սալոն է բացում, իսկ նկարները ստորագրում «Պերճ Աշտարակեցի» անունով: Առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում 1861 թ.: Պռոշյանի լուսանկարները հիմնականում դիմանկարներ են, սակայն կան նաև հուշարձանների ու եկեղեցիների պատկերներ: Գրողի լուսանկարչական գործունեության մի զավեշտալի դրվագ է ներկայացնում Ալեքսանդր Շիրվանզադեն իր՝ «Կյանքի բովից» հուշագրությունում.
«Մի ժամանակ Պռոշյանը Երևանում ածխավաճառ էր եղել, հետո լուսանկարիչ, հետո էլ՝ չգիտեմ ինչ: Նրա լուսանկարչական կյանքից պատմում էին հետևյալը: Ռուս-թուրքական պատերազմին 1876 թ. մի օր Պռոշյանի արհեստանոցն են մտնում լուսանկարվելու 10-12 շարքային զինվորներ:
- Խմբովի՞ն եք ուզում նկարվել, թե՞ առանձին-առանձին,- հարցնում է Պռոշյանը:
- Առանձին-առանձին:
Պռոշյանը, տեսնելով որ այդքան մարդկանց լուսանկարները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկության: Նա լուսանկարում է զինվորներից միայն մեկին և ասում է.
- Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն:
Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, և Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, հարցնում է.
- Հավանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ:
- Շատ նման է ինձ, շատ նման,- պատասխանում է ամեն մեկը:
Զինվորները հեռանում են գոհ սրտով:
Այս անեկդոտի եղելությունը Պռոշյանը չէր հերքում
-Եղբայր,- ասում էր նա, - այդ ռուս զինվորներն այնքան են իրար նման, որքան գետնախնձորները մի տոպրակի մեջ»։


