Logo

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 05.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
pargeeev min - Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թվականին Սումգայիթ քաղաքում։ 1966 թվականին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1976 թվականին։

Ինստիտուտն ավարտելուց հետո ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Խորհրդային Հայաստանի Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ գյուղում, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 թվականներին աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թվականին ձեռնադրվել է սարկավագ։ 1985 թվականի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։

Փաստեր…

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը…

Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 1989-ի հոկտեմբերի 1-ին, 70 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ պատարագ է մատուցել:

Մասնակցել է ԼՂՀ գրեթե բոլոր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, օրհնել ազատամարտիկներին, անմիջական մասնակցություն ունեցել Շուշիի ազատագրմանը:

Կազմակերպել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խմբագրությամբ հրատարակվում է Արցախի թեմի «Գանձասար» ամսագիրը:

Ստացել է Արցախի հերոսի կոչում…


fastnews-ads-banner