Ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Օլիվիե Մեսսիանի 115-ամյակի առթիվ կկազմակերպվի ինքնատիպ երեկո։ Հայ անվանի երաժիշտներ Հայկ Մելիքյանը (դաշնամուր) և Անուշ Նիկողոսյանը (ջութակ)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, հուլիսի 6-ին հյուրընկալելու են Մեսսիանի խոհափիլիսոփայական երաժշտությանը նվիրված հատուկ համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Համերգի ընթացքում բացման խոսքով հանդես կգա Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, իսկ երաժիշտները կկատարեն մեծ կոմպոզիտորի և նրան նվիրված մի շարք գլուխգործոցներ։ Սա բացառիկ հնարավորություն է մասնագետների և երևանյան երաժշտասեր հասարակության համար ըմբոշխնելու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում ունենում են եզակի կատարումներ։
«Համերգն ունի խորհրդանշական կարևորություն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների հանրահռչակման անհրաժեշտությունը մեր երկրում»,- նշել է համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։
Աղբյուրը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն


