«Կինոմոսկվա»-ում տեղի է ունեցել «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան: AP Cinema կինոընկերության ու START օնլայն-կինթատրոնի համատեղ աշխատանքը լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային ակումբի մասին է, որը 1973-ին կարողացել է հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:
Ֆիլմը կենտրոնանում է Նիկիտա Սիմոնյանի մարզչական կարիերայի փայլուն դրվագների վրա:

Սցենարի համաձայն, Նիկիտա Սիմոնյանը դառնում է երևանյան «Արարատ»-ի մարզիչն ու իր առջև անհնարին խնդիր դնում։ Նա ձգտում է «ոսկե դուբլի»՝ չեմպիոնական մեդալի և ԽՍՀՄ գավաթի, բայց թիմը չի ընդունում նոր մարզչին, իսկ գլխավոր մրցակիցը պատրաստ է ամեն ինչի հանուն հաղթանակի։ ԽՍՀՄ պատմական գավաթը ցուցադրվել է ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Ֆիլմում հանդես են գալիս Եգոր Բերոևը, Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Դիաննա Մալենկոն, Միլեն Ղազարյանը և այլք։ Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը:

Պրեմիերային ներկա էին լեգենդար ֆուտբոլիստ, «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը, ռուսական ֆուտբոլի այլ աստղեր Անդրեյ Տիխոնովը, Իգոր Սեմշովը, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, հայտնի Ռոման Բերեզովսկին։




