Logo

Newmag-ը հրատարակել է Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գիրքը

11:03 / 09.03.2023Գրադարան
Վտանգավոր ամենագետներ-գիրք

Newmag-ը հրատարակել է Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գիրքը:

Նկարագրություն

Այսօր բոլորը գիտեն ամեն ինչ․ միջին վիճակագրական քաղաքացին հավատում է, որ կարող է ընդամենն արագ անցնել Wikipedia-ով և հավասարի պես ոտք գցել գիտության դոկտորի ու փորձառու դիվանագետի հետ։ Բոլորը ստիպված են հաշվի նստել բոլոր, նույնիսկ ամենաարտառոց մտքերի հետ։ «Ամեն մեկի ձայնը պետք է լսելի լինի» թեզը դարձել է դոկտրին, և սրա դեմ արտահայտված որևէ միտք դատափետվում է ու պիտակավորվում որպես հակաժողովրդավարական էլիտիզմ։

Թոմ Նիկոլսն այս գրքում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվել փորձագետներին արժեզրկելու միտումը։ Պատճառները շատ են՝ համացանցի տարածումը, բարձրագույն կրթության ոլորտում «հաճախորդին բավարարելու» մոդելի ներմուծումը, լրատվության փոխակերպումը ժամանցային ծառայության։

Պարադոքսալ է, որ ինֆորմացիայի տարածումը ստեղծել է ոչ թե կրթված հասարակություն, այլ ինտելեկտուալ ձեռքբերումները մերժողների, թերուսների ու նիհիլիստների բանակ։ Երբ զանգվածը սկսում է կարծել, թե ոչ ոք չգիտի ավելին, քան մյուսը, ժողովրդավարական ինստիտուտներին սկսում են փոխարինել պոպուլիստներն ու տեխնոկրատները։

Հեղինակի մասին

Թոմ Նիկոլսը (ծնվ․1960 թ․) ամերիկացի գրող է, միջազգայնագետ, նախկին պրոֆեսոր։ Մասնագիտական շրջանակը ներառում է Ռուսաստանը, միջուկային սպառազինությունը և ԱՄՆ ազգային անվտանգությունը։ 1983 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանը, 1984 թվականին մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում, 1988 թվականին գիտական աստիճան է պաշտպանել Ջորջթաունի համալսարանում։ Նիկոլսը 5 անգամ հաղթել է ԱՄՆ-ում հայտնի Jeopardy! ինտելեկտուալ խաղում։ 1989-97 թթ․ աշխատել է Դարտմութի համալսարանում, 1997-2008 թթ. դասավանդել է ԱՄՆ Ռազմածովային համալսարանում։ Թոշակի է անցել 2022 թվականին։

fastnews-ads-banner