VNews Culture-ի այսօրվա զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի պարուհի Նելլի Մելքոնյանը:
Նելլի, ավարտել ես Պարարվեստի ուսումնարանն ու աշխատում ես Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կարելի է ասել՝ կյանքիդ մեծ մասը բալետով ես զբաղվում:
-Այո, արդեն 21 տարի է՝ ամեն օր պուանտ եմ հագնում (Ծիծաղում է - Հեղ․)։
Դու կորդեբալետի ու մենակատարի մեջտեղում ես:
-Այո:
Դա ի՞նչ է նշանակում:
-Որ կարող եմ և՛ կորդեբալետի որակ ապահովել, և՛ մենակատարի: Եթե կարիք է լինում՝ կորդեբալետում եմ պարում, բայց հիմնականում բեմի մեջտեղում «երկյակ», «եռյակ» կամ «քառյակում» եմ պարում:
Գո՞հ ես բալետային կարիերայից։
-Այո, գոհ եմ: Կարող էի ավելի շատ բաների հասնել, բայց բնավորությանս, ոչ թե տվյալներիս պատճառով, հասել եմ նրան, ինչին հասել եմ: Բեմի հանդեպ վախ կար: Եթե ֆիզիկական տվյալներս կարող են թույլ տալ բեմում ամեն ինչ պարել, ապա բնավորությունս, վախերս, անվստահությունս ինձ շատ են խանգարել:
Հնարավո՞ր չէր տարիների ընթացքում այդ վախը հաղթահարել, անվստահության դեմ աշխատել:
-Իհարկե հնարավոր էր, եթե այսօրվա մտածելակերպն ունենայի տարիներ առաջ, ամեն ինչ էլ հնարավոր էր: Բայց եղածը եղած է:
Չե՞ս փոշմանել:
-Շատ եմ փոշմանել, որ երազանքի դերերին չեմ հասել: Բայց, կարծում եմ, ինչ-որ արդյունքների հասել եմ: Լիրիկական դերեր եմ շատ սիրում: Շատ եմ սիրում Ժիզելին ու Ֆրիգիային «Սպարտակ» բալետում: Այդ երկու դերերն իմ երազանքի դերերն են, որոնց, ցավոք, երբեք չեմ հասնի:
Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ժամանակին չես կարողացել խնդիրները հաղթահարել, չե՞ս սիրել բալետը:
-Չէ, բալետը շատ եմ սիրել: Սովորաբար ուսումնարան ընդունվում են 3-րդ դասարանից, ես 6-րդ դասարանում եմ ընդունվել, բավական ուշ տարիքում: Մինչ այդ, հաճախել եմ ստուդիա, որտեղ միայն դասական պար էին սովորեցնում: Երբ մայրս ու մորաքույրս ինձ բերեցին ուսումնարան՝ Թերեզա Գրիգորյանն ասաց՝ նման բան հնարավոր չէ, որ 6-րդ դասարանում երեխա ընդունենք: Մայրս խնդրեց, որ ստուգեն, եթե տվյալներս թույլ տան, գոնե պայմանական ընդունեն: Ստուգեցին ու փորձնական մեկ ամսով ընդունեցին: Ու այդ փորձնականը դարձավ ամբողջ կյանքի համար: Բոլորն արդեն պուանտների վրա կանգնում էին, բոլոր շարժումներն անում էին, ես հերթականությունն անգամ չգիտեի, չգիտեի ձողափայտի մոտ ինչպես շարժվեի:
Հետո ինչպե՞ս հաղթահարեցիր խնդիրները:
-Ժամանակի ընթացքում սովորելով, պարապելով, ուշադիր հետևելով թե՛ ուսուցչին, թե՛ մնացած աշակերտներին: Ուսումնարանից սկսած միշտ լսել եմ, որ «նոր երեխա եմ», որ «չեմ կարող», բայց ավարտել եմ բավական լավ գնահատականներով: Առաջին բեմելս եմ հիշում ու հիշում եմ՝ ինչպես էի սարսափում, որ հանկարծ չընկնեմ, շարժումները սխալ կատարեմ: Ամենաշատը ուսուցչիս կարծիքից էի վախենում՝ բեմադրությունից հետո ի՞նչ կասի, ի՞նչ կանի: Բոլորի մոտ կնեղացնի՞, կխայտառակի՞, թե՞ ոչ: Ու այդպես ամեն անգամ բեմ դուրս գալն ուղեկցվել է վախերով, սթրեսներով:
Եթե երկրորդ շանսի հնարավորություն ունենայիր, ի՞նչը կփոխեիր:
-Շատ բան կփոխեի, արագ տեմպերով կհասնեի երազանքիս դերերին, որովհետև թե՛ պարային, թե՛ արտաքին տվյալներս բավարար են լիրիկական կերպարներ կերտելու համար: Ավելի շատ կաշխատեի, ավելի երկար կմնայի թատրոնում:
Դու պայքարող տեսակ չե՞ս եղել:
-Ես պայքարել չգիտեմ: Կոտրվող տեսակ եմ: Եթե պայքարող տեսակ լինեի՝ ավելի շատ բանի կհասնեի:
Մեղադրո՞ւմ ես որևէ մեկին:
-Ոչ մեկին չեմ մեղադրում, դա իմ մեղավորությունն է: Անուններ չեմ ուզում տալ՝ անկեղծ ասած: Բայց ուսումնարանում ունեցել եմ ուսուցիչներ, որոնց պատճառով դարձել եմ կոմպլեքսավորված ու անինքնավստահ․․․
Չե՞ս ուզում այդ մասին խոսել:
-Չգիտեմ, գուցե պետք է: Երբեք այս մասին չեմ խոսել, բայց քեզ հետ ուզում եմ անկեղծանալ: Կոմպլեքսները, որոնք ես երկար տարիներ ունեցել ու չեմ կարողացել հաղթահարել, եկել են Պարարվեստի ուսումնարանից: Առաջ ավելի խիստ էին աշակերտների հանդեպ, քան հիմա: Մեր դասարանում այնպես էր, որ մեկին կամ երկուսին էին ուշադրություն դարձնում: Մյուսներս ստվերում էինք գտնվում: Այսպես ասած՝ «լյուբիմչիկներ» կային: Ու այդ պատճառով, երբ միշտ ասում են, որ «դու չես կարող անել», որ միշտ հետևի շարքում ես գտնվում, բայց տվյալներդ ներում են՝ հիասթափվում ես, կոտրվում, դառնում անինքնավստահ: Եթե ուսումնարանում բոլորի հետ հավասար աշխատեն՝ թատրոն ավելի լավ որակ ունեցող ու ավելի լավ պարողներ կգան: Բայց, երբ կոմպլեքս են մտցնում, տարիներ շարունակ ասում են «դու վատն ես», «դու չես կարող», բայց տեսնում ես կողքինդ տվյալներով քեզ զիջում է, բայց նրան անընդհատ գովում են ու նրան դարձնում դասարանի լավագույնը, դա, իհարկե, կոտրում է: Ուսուցիչը կարող է աշակերտին «դարձնել» լավ պարող: Անկախ նրանից՝ ֆիզիկական տվյալները ներում են, թե ոչ: Ես չեմ բարձրաձայնի ու անուններ չեմ տա, բայց մենք ունեցել ենք նման դեպքեր:
Այսօր այդ աշակերտները քեզ հետ նույն թատրոնում պարո՞ւմ են:
-Ոչ, չեն պարում:
Իսկ երբ ավարտեցիք ուսումնարանն ու եկաք թատրո՞ն:
-Ես մի ամբողջ կյանք ուսումնարանում լսել եմ, որ վատ ոտքեր ունեմ, որ գեղեցիկ արտաքին չունեմ, ու որ ճիշտ կանեմ՝ շուտ ամուսնանամ և այլն: Հետո գալիս եմ թատրոն ու ինձ ասում են՝ «ի՞նչ գեղեցիկ ոտքեր ունես», «ի՞նչ լավ տվյալներ»: Ես զարմանք եմ ապրում․ «Ո՞նց թե ես գեղեցիկ ոտքեր ունեմ, կամ լավ տվյալներ»: Ասում էին՝ «այս դերը կարող ես պարել», «այն դերը կարող ես պարել», ու ես ապշում էի: Իմ ուսուցչուհին ինձ ուսումնարանում մի անգամ ասաց՝ «եթե դու երբևէ «Գայանե» բալետում վարդագույն աղջիկների պարը վերջին գծում պարես, ուրեմն պետք է գնաս եկեղեցում մոմ վառես»: Ես այսօր «Գայանե»-ում քառյակում եմ պարում: Որտեղ քառյակը, որտեղ վերջին գիծը․․․Ու դա ինձ համար արդեն հաջողություն է:
Ի՞նչ անել, որպեսզի արտիստը չհայտնվի այն հոգեբանական վիճակում, որում դու ես հայտնվել:
-Չպետք է կոտրել աշակերտին, չպետք է ասել «դու վատն ես»: Դա կոմպլեքս է մտցնում: Դա բեմի հանդեպ է կոմպլեքս մտցնում: Ես միշտ մտածում եմ՝ բա կողքից ի՞նչ կասեն, ո՞նց կնայեն, ի՞նչ կմտածեն: Որովհետև այդ կոմպլեքսը, այդ անվստահությունն արդեն կրծում է քեզ ներսից: Եթե ինձ մոտ այդ անվստահությունը չլիներ, դա միայն իմ կարծիքը չէ, դա թատրոնի խաղընկերների ու փորձավարների կարծիքն էլ է, ես կկարողանայի շատ դերեր պարել:
Իսկ թատրոնում չե՞ն կոտրում:
-Իհարկե, այստեղ էլ են կոտրում, բայց ես արդեն ուսումնարանից կոփված եմ եկել, ու այստեղի կոտրելն արդեն ոչինչ է ուսումնարանի համեմատությամբ: Իմունիտետ ունենք ձեռք բերած: Դե, իհարկե, պահեր ունենում ենք, նեղվում ենք, կոտրվում ենք, բայց շատ արագ վերականգնվում ենք:
«Դոն Քիշոտ»
Քո դերերից որո՞նք ես ամենաշատը սիրում:
-Շատ դերեր, կերպարներ չունեմ: «Ժիզել»-ում երկյակ եմ պարում, ու շատ եմ սիրում այդ կերպարը: «Դոն Քիշոտ»-ում ընկերուհու դերն եմ կերտում, «Ռոմեո և Ջուլիետ»-ում Ջուլիետի ընկերուհին եմ: Գոհ եմ դերերից, վատ չէ:
Գուցե կոպիտ հնչի, բայց չեմ կարող չհարցնել․ դու ամբողջությամբ ձե՞ռք ես քաշել քո կարիերայից, նոր դերերից:
-Չէ, բացարձակ, ճիշտ է՝ տարիքով փոքր չեմ, ու ամեն ինչ ավելի դժվար է, բայց իմ մեջ դեռ ձգտում կա: Օրինակ, երբ տեսնում եմ, որ իմ խաղընկերներից մեկը մի շարժումը լավ է անում, փորձում եմ հասնել այդ շարժմանը: Թեկուզ էլի նույն դերերի մեջ, բայց փորձում եմ ինչ-որ բան ավելացնել, լավացնել: Շատ եմ աշխատում: Նոր դերերի ձգտումներ չունեմ՝ անկեղծ ասած: Բալետի կյանքը երկար չէ, ու հասկանում եմ, որ փոքր-փոքր քայլերով պետք է արդեն հրաժարվենք բալետից:
Դու արդեն այդ գիտակցումն ունե՞ս:
-Դեռ ժամանակ ունենք, ու բեմում տարիքով փոքր էլ երևում եմ, հասկանում եմ, որ դեռ կարող եմ պարել: Դա մի փոքր հույս է տալիս: Բայց, միևնույն ժամանակ, գիտես, որ կան դերեր, որոնց էլ երբեք չես հասնի: Պետք է բեմից պատվով դուրս գալ, որ չասեն՝ չէր կարողանում պարել, տարիքը չէր ներում:
Դու «Սիմֆոնիկ պարեր» ժամանակակից ներկայացման մեջ «Հայրենիքի» կերպարն ես կերտում:
-Սկզբում շատ անլուրջ էի վերաբերում, հետո արդեն փորձերին գնալով՝ հասկացա, որ պետք է կերպարս հասանելի լինի հանդիսատեսին: Առաջին հերթին ժեստերի միջոցով, արտահայտչականության, պարի միջոցով հանդիսատեսին կերպարի մասին հասցնես: Հայրենիքի կերպարը, գաղափարը շատ լուրջ է, երբ ինձ ասացին, որ պետք է այն կերտեմ, մի պահ լարվել էի, քանի որ ուժեղ կերպար է, ու բեմում պետք է շատ ճիշտ հասցնես հանդիսատեսին: Կարծում եմ՝ հասցրի, հանդիսատեսն էլ էր գոհ, փորձավարն էլ:
Իսկ քո ընկալումն ինչպես է, ի՞նչ է հայրենիքը քեզ համար:
-Առաջին ու կարևոր բանը, որ հասկացել եմ վերջին շրջանում, որ միասնական լինենք, որ ապրենք խաղաղ երկնքի տակ: Դա ամենակարևորն է: Հիմա միակ բանը, որի մասին երազում եմ, աղոթում եմ, որ պատերազմ չլինի: Ամեն անգամ, երբ որևէ զինվորի մահվան մասին եմ լսում, կամ փողոցում տեսնում եմ սև ժապավեն, մարմնովս սարսուռ է անցնում: Ես էլ մայր եմ, ես էլ որդի ունեմ: Ես մեծ ցավ եմ ապրում: Շատ դեպքեր են եղել, երբ հնարավորություն է եղել արտերկիր մեկնելու, բայց չենք գնացել: Անկեղծ, ես չեմ ուզում իմ հայրենիքից հրաժարվել, գնալ: Սա մեր տունն է, մեր հողը: Մենք հայ ենք ու պետք է մնանք Հայաստանում:
Ինչպիսի՞ն կուզեիր տեսնել քո հայրենիքը:
-Ազատ ու անկախ, ուժեղ ու միասնական: Ոչ մեկից, ոչ մի երկրից կախում չունենա: Ամենակարևորը խաղաղ լինի, որ մեր տղաները գնան ծառայեն, ու մայրերը հանգիստ լինեն: Ես ընդամենն ուզում եմ, որ մենք հանգիստ ու խաղաղ ապրենք մեր երկրում:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը
Կարող եք կարդալ նաև՝
Մարիամ Ասլանյան․ Բալետի աշխարհում արգելված է լինել թույլ կին
Լյուդվիգ Իսպիրյան․ Ինձ անվանում են Իսրայելի բեմի հայ Ռոմեո
Մարիամ Գարաջյան․ Ուժեղ մարդ չեմ, դրա համար էլ թատրոնում ինձ կոտրեցին
Արսեն Մեհրաբյան․ Պետք է կարողանալ ճիշտ ժամանակին բեմից հեռանալ
Մարիա Աղաբաբովա․ Երազում եմ Էգինայի դերի մասին, բայց ես գիտեմ իմ հնարավորություններն ու այդ դերին երբեք չեմ մոտենա
Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»
Ավելին՝ այստեղ