Հունվարի 22-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն պատգամավորական նախաձեռնությամբ շրջանառության են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը։
Օրենսդրական փոփոխությամբ կսահմանվի ՀՀ օրհներգի պաշտոնական տարբերակ՝ Հայաստանում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։ Նախատեսվում է նաև ՀՀ օրհներգի տեքստն ավարտել «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:
Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ օրինագծի նպատակը ՀՀ խորհրդանիշներից մեկի` օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ունենալն է: «ՀՀ օրհներգ ասելով՝ հստակ հասկանանք՝ որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ և ինչ տևողությամբ ու նրբերանգներով այն պետք է լինի», - նշել է նա:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ փոփոխությունն ամբողջությամբ համահունչ է պետության քաղաքականությանը: Գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում և բուհերում: Անդրեասյանի խոսքով՝ իրենսդրական փոփոխությամբ օրհներգի կատարումը պարտադիր կդառնա նաև նախադպրոցական և ՄԿՈւ հաստատություններում: «Ներկայացրել ենք մի քանի առաջարկ, որոնց մեծ մասն ընդունվել է: Այս օրենսդրական փոփոխությունը մեզ համար ևս մեկ կարևոր հնարավորություն է պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքի ընդգծմամբ շեշտել պետության հանդեպ վերաբերմունքը: Միասնական ստանդարտի սահմանումը համարում եմ հրատապ խնդիր: Օրենսդրական փոփոխություններից հետո նաև ենթաօրենսդրական ակտերն են վերանայվելու, որոնցից կարևորագույնը օրհներգի կատարման կարգն է», - ասել է նախարարը։
Նախագիծն առաջարկում է նաև ամրագրել օրհներգի հաստատված երաժշտական և տեքստի կարճ խմբագրությամբ տարբերակը` մարզական միջոցառումների ժամանակ հնչեցնելու համար: ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։


