2020 թվականի նոյեմբերի 27-ին 72 տարեկանում մահացավ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։ Նա խաղում էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, մինչև կյանքի վերջին տարիները նկարահանվում՝ սերիալներում։ Մահվան չորրորդ տարելիցի առիթով «Fast News Culture»-ը ներկայացնում է դերասանի կյանքի և գործունեության ամենահետաքրքիր դրվագները։
Արհեստավորի ընտանիքից բեմ
Ծնվել է Երևանում, բայց արմատները Արևմտյան Հայաստանից են: Ծնողներն Ալաշկերտից գաղթել են Մարտունի, ապա՝ Երևան։ Զավեն Աբրահամյանին և ևս երեք երեխայի ծնողները լույս աշխարհ են բերել մայրաքաղաքում։ Զավենը փոքրն էր։ Հայրը օրահացը հազիվ վաստակող արհեստավոր էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Մյուսների համեմատ Զավենն առանձնանում էր ուսման և արվեստի նկատմամբ հետաքրքրությամբ։ Վաղ տարիքից ասմունքում էր, նմանակում՝ Լեոնիդ Ենգիբարյանի ռեպրիզներն ու պանտամիմները: Արշավիր Ղազարյանի թատերական խմբակի սան էր: Մեկ այլ շնորհ ևս ուներ` նկարում էր: Դպրոցի նկարիչն էր. պատի թերթ լիներ, թե պաստառ, նա էր նկարողն ու ձևավորողը: Ահա թե ինչու ուսուցիչները տղայի ապագան այս ասպարեզում էին տեսնում, մինչդեռ ընկերները խորհուրդ էին տալիս դերասան դառնալ: Կդառնար լավ նկարիչ, եթե չլինեին ֆինանսական խնդիրները։ Ընտանիքն ի վիճակի չէր հոգալ նկարչության ծախսերը` կտավ, ներկ ու վրձին: «Դերասանի պիտույքներն անվճար էին, ես ու իմ խոսքը», - տարիներ առաջ կատակել է դերասանը:
Ձախողած ընդունելության քննությունն ու մուտքը Պատանի հանդիսատեսի թատրոն
Թատերական ինստիտուտի ընդունելության առաջին քննությունը ձախողեց։ Անվանի ռեժիսոր Զավեն Տատինցյանին դիմորդի պատասխանները չգոհացրին: 1966 թվականին ընդունվեց Թատերականին կից թատրոն-ստուդիա: Հաջորդ տարի կրկին դիմեց ինստիտուտ: Ընդունվեց ու ավարտեց դերասանական բաժինը՝ Կիմ Արզումանյանի կուրսը։ Մտադիր էր Դրամատիկականի դերասան դառնալ, սակայն Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Զավեն Տատինցյանը հավանեց շնորհալի շրջանավարտի դիպլոմային աշխատանքն ու նրան իր թատրոն հրավիրեց: 1972-1994 թվականները Զավեն Աբրահամյանն աշխատեց այս թատրոնում, դարձավ լավագույններից ու ստեղծեց բարձրարվեստ դերերի մի փունջ․ Հայկ Նահապետ («Եղիցի երկիր») Կառլսոն («Մանչուկն ու Կառլսոնը»), Թովմաս («Ատամնաբույժն արևելյան»), Դոն Պետրո («Ոչնչից մեծ աղմուկ»), Կարլ Մարքս («Ես մարդ եմ») ... Այս ներկայացման համբավը Մոսկվա հասավ։ Հաջորդեց Լենինյան կոմերիտմիության մրցանակը:
Պատանի հանդիսատեսի թատրոնից Պարոնյանի անվան թատրոն
Մի շրջան խաղում էր նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` համալրելով առաջատարների շարքը։ Որոշ ժամանակ անց հաստատվեց այս բեմում: Աբրահամյանը Երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ որպես կազմակերպված, թատերագետների բարձր գնահատականին ու հանդիսատեսի սիրուն արժանացած դերասան: Խաղաց ավանդական Ձմեռ պապից մինչև թումանյանական հերոսներ․ Իսայի («Խաթաբալա»), Սարգիս («Էլի մեկ զոհ»), Բոչկարյով («Ամուսնություն»), հարբած մարդ («Տեր, մի՛ թողնի մեզ անտեր»), Եզոպոս («Եզոպոս»): Վարպետորեն շմարմնավորած վերջին դերը թատերագետները ստեղծագործական թռիչքի փայլուն վկայություն համարեցին: Ակնառու բեմական հաջողությունների արձագանքը չուշացավ: 2003-ին Պիեռ Բռոշանի դերի համար («Ընթրիք հիմարի հետ») նրան «Արտավազդ» մրցանակ շնորհվեց: Հաջորդ տարի՝ վաստակավոր արտիստի կոչում, ապա՝ մշակույթի նախարարության 2 ոսկե մեդալ։ Զավեն Աբրահամյանը կրկնակի մեդալակիր միակ դերասանն է։ Սիրած ժանրը տրագիկոմեդիան է, թեև համարում է, որ իր մեջ դրամատիկ շերտն ավելի խորն է:
«Մորաքույրը Փարիզից» ներկայացումն ու սերիալային կյանքը
1990 թվականից գործակցեց Նարեկ Դուրյանի հետ։ Խաղաց «Մորաքույրը Փարիզից» ու շրջագայեց աշխարհի շատ երկրներում` Կանադա, Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան և այլուր։ «Դերասանը գիտի իր հնարավորությունները ու դրանց համարժեք դերերի է ձգտում: Յուրաքանչյուրը կցանկանար իր սրտին մոտ կերպար մարմնավորել: Ցավոք, դերասանը չէ ընտրողը։ Նրան դերը կամ տալիս են, կամ ոչ: Հաճախ եմ կատակում՝ էս թատրոնը վրաս մնաց։ Անցել են երազած դերեր խաղալու իմ ժամանակն ու տարիքը», - ժամանակին խորհել է դերասանը։ Երազել է Սիրանո դը Բերժերակ խաղալ համանուն պիեսում, իսկ «Ռիչարդ III»-ում` չարագործ: Նման մի հերոսի խաղացել է Շիլլերի «Ավազակներում»: Պատմում էր՝ այդպիսի կերպարներն ավելի խաղարկուն են, գունեղ և հյութեղ:
Խաղացել է «Այսպես էլ ապրում ենք», «Խաղից դուրս», «Բալենի», «Ծերանոց», «Քաոս» և այլ սերիալներում։ Համամիտ էր սերիալների քննադատությանը։ Կարծում էր՝ բովանդակային առումով դեռ անելիք կա: Մեջբերում էր Ֆելինիին․ «լավ ֆիլմ ստեղծելու համար պետք է սցենար, սցենար, դարձյալ սցենար և ճիշտ դերաբաշխում»: Նրա խոսքով՝ սերիալի տեքստն այսօր տեղում է ստեղծվում՝ ոտքի վրա: «Շատ կուզեի կինոյում մնալ մի լավ գեղարվեստական ֆիլմով, աչքի ընկնող կերպարով: Դեռ ուշ չէ, դեռ կարող են օգտվել իմ հնարավորություններից: Սպասում եմ հրավերի մեծ էկրանին», - 2019-ին անկեղծացել էր Զավենը։
Վարուժան Մանուկյանը՝ Զավեն Աբրահամյանի մասին
Ինչպես բեմում, կյանքում էլ կշռադատված, զուսպ ու լուրջ մարդ էր: Վարուժան Մանուկյանը Զավեն Աբրահամյանի հետ աշխատել է և՛ Պատանի հանդիսատեսի, և՛ Պարոնյան թատրոնում։ «Հետաքրքիր, մտածող դերասան էր։ Զավենի հետ հետաքրքիր էր և՛ բեմում, և՛ կյանքում: Սուր հումոր ուներ: Վստահելի խաղընկեր ու ընկեր էր։ Հաճելի էր նրա հետ բեմում խաղալ, կյանքում էլ՝ շախմատ խաղալ: Զավենի հետ կարող էիր ճանապարհ գնալ», - տարիներ առաջ խոստովանել էր Վարուժանը։
Ընտանիքն ու վարձով բնակարանը
2 դուստր ուներ։ Հայրիկի առաջնախաղերի առաջին դիտողներից էին: Դերասան պապիկով հպարտանում էին նաև 4 թոռները: Ամեն անգամ էկրանին նրան տեսնելիս ժպտում էին՝ «մեր Զավեն պապիկը»։
50 տարի օրը 4 տուփ ծխող մարդը վերջին տարիներին հրաժարվել էր ծխախոտից: Ապրում էր վարձով։ Ուզում էր սեփական տանիք ունենալ: 2018-ին այդ խնդրանքով դիմել էր քաղաքապետարան, բայց այդպես էլ արձագանք չեղավ։
Հոբբին փորագրությունն էր։ Դժվար տարիներին այն գումար վաստակելու միջոց էր: Մինչև կյանքի վերջին տարիները Վերնիսաժում վաճառում էին նրա փորագրած տարբեր իրեր:
Աղբյուրը՝ TV MALL, Սուսաննա Մարտիրոսյան